Հայ-պարթևական պատերազմ կամ Պայքար «Յոթանասուն հովիտներ»-ի համար, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական տիրակալության և վերջինիս դաշնակից Ադիաբենեի թագավորության, որը սկսվել է մ․թ․ա․ 94 թվականին՝ հայկական բանակի ռազմախուժմամբ և ավարտվել մ․թ․ա․ 92 թվականին՝ Մեծ Հայքի թագավորության վճռական հաղթանակով[1]։ Պատերազմական գործողությունների արդյունքում Տիգրան Մեծը վերադարձնում է «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը՝ Փայտակարանը, Պարսկահայքը և Վասպուրականի Պարսպատունիք գավառը, որը հայոց ավագանին նախօրեին ստիպված էր զիջել պարթևների Միհրդատ Բ արքային՝ ապագա գահակալ Տիգրանին պատվո պատանդությունից ազատելու համար։
«Յոթանասուն հովիտներ»-ի վերադարձումից հետո Տիգրան Մեծը ձեռնամուխ է լինում նաև Միջագետքի դաշտավայր ներխուժման, որի արդյունքում հայկական բանակը պարթներից գրավում է Նինվեն, իսկ Ադիաբենեի թագավորության դիմադրության ճեղքումից հետո՝ նաև վերջինիս մայրաքաղաք Արբելան[1]։
Հայ-պարթևական մ․թ․ա․ 94-92 թվականների մասին պատմագիտական վկայություններ է հայտնում 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատությունում։ Նա նշում է[1]․
|
Տիգրանը փոփոխական բախտ է ունեցել, քանզի նա սկզբում պատանդ է եղել պարթևների մոտ, այնուհետև պարթևները որպես վարձ ստանալով յոթանասուն հովիտներ Հայաստանից, նրան վերադարձնում են գահը։ Նա հզորանալով, թե այդ վայրերը ետ վերցրեց և թե նվաճեց նրանց երկիրը՝ Նինվեի և Արբելայի շուրջը։- Ստրաբոն, 1-ին դարի հույն մատենագիր
|
|
«Յոթանասուն հովիտներ»-ի վերադարձումը Տիգրան Մեծի առաջին քայլերից էր Հայոց աշխարհակալության ստեղծման ճանապարհին և Պարթևական մեծ արշավանքի նախնական գործողություններից մեկը։ Հայտնի է, որ հենց այս պարտությունից հետո է Միհրդատ Բ Պարթևը ստիպված լինում դաշինք կնքել իր երբեմնի ախոյան Հռոմեական հանրապետության հետ[1]։
Հին աշխարհի պատմության ուսումնասիրողների շրջանում, այնուամենայնիվ, տարակարծություն կա այս պատերազմի ամսաթվի հետ կապված։ Պատմագետների մի մասը կարծում է նաև, որ այն տեղի է ունեցել Տիգրան Մեծի կառավարման առաջին տարում, իսկ որոշներն էլ հակված են այն տեսակետին, որ Մեծ Հայքի բանակը «Յոթանասուն հովիտներ»-ը գրավել են Պարթևական մեծ արշավանքի սկզբնամասում՝ մ․թ․ա․ 87 թվականին։
Տես նաև
Ծանոթագրություններ
Տիգրան Մեծ |
---|
| Ընտանիքի անդամներ | |
---|
| Գործունեություն | |
---|
| Տիգրանյան տերություն | |
---|
| Սերունդների հիշողություններում | |
---|
| Այլ | |
---|
|