Կազմակերպությունը
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին Փարիզում։ 2002 թվականից վեր EAFJD-ի գրասենյակը տեղափոխվել է Բրյուսել, Բելգիա[1]։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Հայ դատի հանձնախմբերի՝ աշխարհում չորս տարածաշրջանային գրասենյակներից մեկն է։ Այն եվրոպական կարևորագույն օրենսդիր հարթակներում և միջազգային կազմակերպությններում ծավալում է հայ դատի պաշտպանությանը, ինչպես նաև հայության արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ու շահերի հետապնդմանն ուղղված գործունեություն։ Ավանդական քարոզչական գործունեությանը զուգահեռ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կազմակերպում է եվրոպական հանրությանն ուղղված բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, այդ թվում համաժողովներ ականավոր միջազգային գիտնականների մասնակցությամբ, քննարկումններ, ֆոտո-ցուցահանդեսներ, կինոդիտումներ[2]։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբիգրասենյակը համակարգում է Հայ դատի հանձնախմբերի գործուներությունը եվրոպական 13 երկրում։ Հայ դատի հանձնախմբեր են գործում Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում[3]։
Առաքելությունը
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են`
Գործունեությունը
Հայոց ցեղասպանության պահանջատիրություն
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն առանցքային է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը եվրոպական կառույցների և երկրների խորհրդարանների կողմից։ Կազմակերպությունը կարևորում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը և հայոց պահանջատիրությանն ուղղված գործունեությունը, ցեղասպանության հատուցումների, ինչպես նաև Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու որոշ երկրներում արդեն գործող ժխտողականության քրեականացումը։
Արցախ
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի համար Արցախի բնակչության ազատ ինքնորոշման, սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունն անկյունաքարային է։
Կազմակերպության գլխավոր նպատակներից է Արցախի ժողովրդին պարտադրված մեկուսացման հաղթահարումը, Արցախ-Եվրոպա հարաբերությունների խթանումը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն առաջնային է համարում Արցախի ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքների՝ այդ թվում ազատ տեղաշարժման, ուսման, կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեությունն ուղղված է խորհրդարանական դիվանագիտության խթանմանը Արցախի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև եվրոպական երկրների օրենսդիր մարմինների միջև։ Այս առումով մեծ նշանակություն ունեն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնած փոխանակման ծրագրերը և երկխուսությանն ուղղված բազմաթիվ միջոցառումները։
Վերջին տարիներին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը նշանակալից դեր է խաղացել եվրոպական տարբեր երկրներում և Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման մեջ[4][5][6],,:
Կազմակերպությունը խիստ կարևորում է Արցախում ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վրա հիմնված երկիր կառուցելու տեսլականի իրագործումը։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը գործունեություն է ծավալում, որպեսզի Արցախը Եվրոպայում ներկայանա իր զբոսաշրջային ներուժով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և ձեռքբերումներով[7][8]։
ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընդլայնման և խորացման սատարում
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործունեության կարևոր ճյուղ է նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը։ Այս առումով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կարևոր ձեռքբերում է համարում 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը[9]։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի և ԵՄ-ում ՀՀ առաքելության համատեղ ջանքերով 2013 թվականին Եվրոպական խորհրդարանում ձևավորվեց ԵՄ-Հայաստան բարեկամական խումբը[10]։
2015 թվականին, Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմավորվեց։ Այժմ խումբը բաղկացած է 50-ից ավել պատգամավորից և նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը[11]։
Ունենալով սերտ կապեր Եվրոպական խորհրդարանում՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն աջակցում է հայկական պատվիրակություններին Եվրանեսթ և PCC խորհրդարական ձևաչափերում։ Գրասենյակը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ համագործակցելով խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության հետ[12]։
Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանմանը ծառայում է նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնած «Վահան Հովհաննիսյան ուսուցողական աշխատանքային ծրագիրը», որը մեկնարկել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում ընտրական փուլն անցած հայաստանաբնակ երիտասարները հնարավորություն են ստանում գործնական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակում և ծանոթանալ ԵՄ կառույցների՝ հատկապես Եվրոպական խորհրդարանի առօրյա աշխատանքներին[13]։
Մերձավոր արևելքի հայության խնդիրների բարձրաձայնում
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը բարձրաձայնում և եվրոպական հանրությանը իրազեկում է Մերձավոր արևելքի հայության խնդիրների վերաբերյալ։ 2015 թ. Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի օժանդակությամբ լրագրողական և քաղաքական պատվիրակություն՝ բելգիացի պատգմավավոր Ջորջ Դալեմանի և մի շարք լրագրողների մասնակցությամբ մեկնեց Սիրիա՝ Քեսապ և Լաթակիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով[14][15]։
2017 թվականի Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հյուրընկալեց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին, ով մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ Բելգիայի շրջանային և ֆեդերալ խորհրդարաններում, ինչպես նաև հանդիպեց Եվրոպական միության Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսին։ Հանդիպումների ժամանակ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը իրազեկեց Սիրիայի հայ համայնքի խնդիրների և մարտահրավերների մասին[16]։
Այցի ընթացքում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպվեց դրամահավաք՝ ուղղված Հալեպի հայ համայնքի վերականգնմանը[17]։
Համայնքային ակտիվություն
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն ակտիվ համագործակցում է եվրոպական տարբեր համայնքային կառույցների հետ և օժանդակում նախաձեռնությունների և միջոցառումների կազմակերպման հարցում։
Եվրոպահայության ձայնը լսելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր չորս տարին մեկ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Բելգիայում կազմակերպում է «Եվրոպահայերի համագումար», որը հարթակ է հայ և եվրոպացի քաղաքական գործիչների, դիվանագետների, կրոնական առաջնորդների, ակադեմիական շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչների, անհատների համար` քննարկելու ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմակայելու ուղիները[18]։ Վերջին համագումարը կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-19-ը՝ Բրյուսելում[19]։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը համագործակցում է նաև Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների հետ, որոնցից են` Armenian National Committee of America, (АNCA), Armenian National Committee of Australia-ն, Մերձավոր արևելքի Հայ Դատի գրասենյակը, Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։
Դիտորդական առաքելություններ
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը մեծապես կարևորում է արդար ընտրությունների դերը որպես ժողովրդավարության հիմնասյուն։ Ուստի վերջին տարիներին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի նախաձեռնությամբ անկախ միջազգային մասնագետների խմբեր Արցախի ընտրական գործընթացների դիտորդական առաքելություն են իրականացնում` հիմնված ԺՄԻԳ դիտորդական առաքելությունների մեթոդաբանության վրա։
Այս մեթոդաբանության վրա հիմնված առաջին դիտորդական առաքելությունը կազմակերպվեց 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների[20], ապա 2017 թվականի սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի դիտարկման համար[21]։ Սրանք Արցախի ընտրական գործընթացներում ԺՄԻԳ մեթոդաբանության վրա հիմնված առաջին միջազգային դիտորդական առաքելություններն են։
Ընտրական գործընթացները բարևելավելուն զուգընթաց այս առաքելությունները նպաստում են Արցախի՝ մեկուսացումից դուրս բերմանը[22]։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անձնակազմը որպես միջազգային դիտորդներ մասնակցեց Թուրքիայի ընդհանուր խորհրդարանական ընտրություններին՝ 2015 թվականի հունիսին[23] և 2015 թվականի նոյեմբերին[24], ինչպես նաև 2014 թվականի մարտին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին[25]։
Ծանոթագրություններ
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |