Բարձրագույն դատական խորհուրդ, Հայաստանում գործող անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը[1]։ Ձևավորվել է 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում։ Սահմանադրության 7-րդ գլխով Բարձրագույն դատական խորհրդին տրվել են մի շարք կարևոր լիազորություններ, որոնք մեծ ազդեցություն են ունենում ՀՀ դատական համակարգի ձևավորման և դատավորների լիազորությունների դադարեցման վրա։ ԲԴԽ-ն միջնորդավորված կերպով իրականացնում է հասարակության վերահսկողությունը դատավորների գործունեության վրա։
Այն կազմված է 10 անդամներից, որից 5-ը ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ 5-ը՝ ԱԺ-ի կողմից։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներ կարող են հանդիսանալ միայն դատավորներ, իսկ ԱԺ-ի կողմից ընտրվածները՝ իրավաբան գիտնականներ և այլ հեղինակավոր իրավաբաններ։ Նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի։ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից[2]։
Բարձրագույն դատական խորհուրդը իր գործառույթներն իրականացնելու համար ունի աշխատակազմ՝ ի դեմս Դատական դեպարտամենտի։ Այն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը։ Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ[3]։
Հայաստանի դատական համակարգում դատական իշխանության երաշխավորման խնդիրը մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները դրված էին Արդարադատության խորհրդի վրա, որի իրավական հիմքերը սահմանված էին Հայաստանի Սահմանադրության թե 1995 թվականի, թե 2005 թվականի տեքստերով։ Այնուամենայնիվ, դատական համակարգի անկախությունն ապահովող այս մարմնի գործունեության ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ՝ կապված հենց իր ներքին անկախության հետ։ Ուստի՝ 2015 թվականի սահմանդրական բարեփոխումների շրջանակներում Արդարադատության խորհուրդը վերացվել է, և որպես նրա իրավահաջորդ ձևավորվել է Բարձրագույն դատական խորհուրդը[4]։ Բարձրագույն դատական խորհրդին է նվիրված Հայաստանի Սահմանադրության 173-175-րդ հոդվածները, Դատական օրենսգրքի 3-րդ բաժինը և այլ իրավական ակտերում ամրագրված նորմեր։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվել է հանրաքվեի։ Քվեարկության մասնակցած 1 մլն 302 հազար քաղաքացիներից 825 հազարը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախգծին[5], ինչի արդյունքում հիմք դրվեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ձևավորմանը։
Կառուցվածք
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է ինչպես բուն խորհրդից, այնպես էլ Դատական դեպարտամենտից, որն իր հերթին բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից։
Խորհրդի կազմ
Խորհուրդը կազմված է 10 անդամից, որից 5-ը ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ մյուս 5-ը՝ Ազգային ժողովի կողմից։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները հանդիսանում են դատավորներ, որոնք ընտրվում են հետևյալ համամասնությամբ՝ վճռաբեկ դատարանից՝ 1 անդամ, վերաքննիչ դատարաններից՝ 1 անդամ, իսկ առաջին ատյանի դատարաններից՝ 3 անդամ։ Ընտրված դատավորների կազմում պետք է լինեն բոլոր մասնագիտացումների դատավորներ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված դատավորները շարունակում են պաշտոնավարել նաև որպես դատավոր, սակայն հաշվի առնելով նրանց ծանրաբեռնվածությունը ԲԴԽ-ում՝ նվազեցվում է նրանց բաշխվող գործերի 95%-ը։ ԱԺ-ի կողմից ԲԴԽ-ի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ հեղինակավոր իրավաբանն, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, ընտրելու իրավունք, մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ և օժտված է բարձր մասնագիտական որակներով։
Պաշտոնավարման ժամկետը 5 տարի է՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Ընտրվելուց հետո անդամները հանդիսավոր կերպով երդում են տալիս՝ ԱԺ-ի կողմից ընտրված անդամները՝ ԱԺ-ում, իսկ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովում։ ԲԴԽ անդամի վարձատրությունը չի կարող ավելի քիչ լինել, քան Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունը։ Խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ։ Նա պետք է հաջորդաբար լինի Դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից։ Նախագահն ընտրվում է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Խորհուրդը ձևավորում է իր աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը։ Դատական դեպարտամենտը բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից։ Դեպարտամենտի կառուցվածքը սահմանվում է ԲԴԽ-ի կողմից։ Վերջինիս նախագահի կողմից է սահմանվում նաև Դատական դեպարտամենտի հաստիքացուցակը։
Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը ունի մի շարք լիազորություններ․ այն նախապատրաստում և Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իրականացնում է դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումը, կազմում և վարում է դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց անձնական գործերը, ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերի բնականոն ընթացքը, վարում է Դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը, ապահովում է Դատական դեպարտամենտի ներքին աուդիտի աշխատանքները, կազմակերպում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում մրցութային կարգով համալրման գործընթացը և մի շարք այլ լիազորություններ, որոնք ամբողջությամբ սահմանված են «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքով[6]։
Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործառույթները ևս սահմանված են նույն օրենքով, ըստ որի՝ այն նախապատրաստում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին է ուղարկում միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը և իրականացնում է օրենքով և Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ[6]։
Լիազորություններ
Բարձրագույն դատական խորհուրդը ունի մի շարք կարևորագույն լիազորություններ, որոնց իջոցով այն ապահովում է դատական համակարգի անկախությունը։ Այդ գործառույթի համար կարևոր նշանակություն ունեն դատավորների նշանակման և լիազորությունների դադարման հարցում իշխանության մյուս ճյուղերից անկախությունը, դատավորների միայն անկախ մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառույթի իրականացումը և այլն։ Ուստի Բարձրագույն դատական խորհուրդին վերապահվեցին այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են դատավորների թեկնածուների ցուցակների կազմումը և հաստատումը, նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, լուծում է դատավորների գործուղումների հետ կապված հարցերը, դատավորներին անհրաժեշտության դեպքում ենթարկում է կարգապահական պատասխանատվության և այլն (լիազորությունների ամբողջական ցանկը՝ ստորև)։
Իրավական կարգավորումներ
ՀՀ Սահմանադրություն, հոդված 175Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.
6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
8) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը.
9) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
10) օրենքին համապատասխան ձևավորում է իր աշխատակազմը։
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։
3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով։
ՀՀ Դատական օրենսգիրք, հոդված 89
Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
4.1) օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում (առաջադրում) է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ (անդամ) մրցութային խորհուրդներում (մրցութային հանձնաժողովներում) և այլ մարմիններում.
5) լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.
6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
8) լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը.
9) արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.
10) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները.
11) իր և դատարանների բյուջետային հայտը ներկայացնում է Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
12) հաստատում է իր և դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարություն.
13) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
14) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
15) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
16) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը.
17) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.
18) քննարկում է դատարանի կամ դատավորի անկախությունը վտանգող ցանկացած հարց և իրավասու մարմիններից պահանջում է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.
18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.
18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ․
19) իրավասու պետական մարմիններին առաջարկներ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
20) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք.
21) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)
22) հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոնները.
23) հաստատում է դատարան փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման և դատարանների գործավարության այլ կանոններ.
24) Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը.
25) սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.
26) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)
27) սահմանում է դատական կազմի բացակայող դատավորներին փոխարինելու կարգը.
28) սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.
29) սահմանում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգը, ինչպես նաև դատավորի ծանրաբեռնվածության չափորոշիչները.
30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.
30.1) սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաև այն էլեկտրոնային ֆայլերը դատարան ներկայացնելու կարգը, որոնք հնարավոր չէ ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով.
31) հաստատում է Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և իրականացնում Դատական դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները.
32) նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.
33) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև սահմանում է Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը.
34) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)
35) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)
36) հաստատում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը.
37) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)
38) սահմանում է դատական ծառայողների և դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը.
39) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
40) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները և ձևերը.
41) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
42) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)
43) հաստատում է իր աշխատակարգը.
44) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները.
44.1) դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհրաժեշտության դեպքում սահմանում է փորձագետների ներգրավման կարգը և նրանց ներկայացվող պահանջները.
45) իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ։
2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 22-րդ, 25-րդ, 34-36-րդ, 41-րդ և 44-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
↑Ղազինյան Գագիկ, Դիլբանդյան Սամվել, Սուջյան Տաթևիկ, Ավետիսյան Դավիթ, Թաթոյան Արման, Հովհաննիսյան Արմեն, Ղուկասյան Հրայր, Մարաբյան Սերգեյ, Մելքոնյան Դավիթ, Հարությունյան Արմեն (2019). «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը». Երևանի պետական համալսարան. էջեր գլուխ 4-րդ, 1-ին պարագրաֆ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)