Արման Դիլանյան, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում։
1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ստացել բակալավրի կոչում։ 2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նրա պաշտպանած ատենախոսության թեման եղել է «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»։
1996 թվականի օգոստոսից 2004 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի օգնական, իսկ 2004 թվականի նոյեմբերից 2006 թվականի ապրիլ՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ։ 2006 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի սեպտեմբերը
աշխատել է ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ, իսկ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի ապրիլ՝
աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետի պարտականությունները։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին
Սահմանադրական դատարանի նիստում ընտրվել է ՍԴ նախագահ[1]։
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։
Գիտական և դասախոսական գործունեություն
Հեղինակել է միջազգային իրավունքին, վարչական իրավունքի և սահմանադրական արդարադատության ոլորտներին վերաբերող մի շարք գիտական հոդվածներ։
2006 թվականից ցայսօր դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանում՝ դասավանդելով «Միջազգային իրավունք» և «Միջազգային արդարադատություն» առարկաները և 2006-2013 թվականներին հանդիսացել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը։ 2015 թվականից ցայսօր դասավանդում է ՀՀ փաստաբանական ակադեմիայում։ 2018 թվականից ցայսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ դասախոսելով «Վարչական դատավարություն» և «Սահմանադրական դատարանի որոշումների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում» առարկաները։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է։ Ունի 2 զավակ։
Տես նաև
Ծանոթագրություններ