Կլոդ Անրի դը Ռուվրուա, կոմս դը Սեն-Սիմոն (ֆր.՝ Claude Henri de Rouvroy, Comte de Saint-Simon, հոկտեմբերի 17, 1760(1760-10-17)[1][2][3][…], Փարիզ - մայիսի 19, 1825(1825-05-19)[1][2][3][…] կամ մայիսի 19, 1826(1826-05-19)[4], Փարիզ), ֆրանսիացի քաղաքական, տնտեսական, սոցիալական տեսաբան, որի ստեղծած ուսմունքը նշանակալի ազդեցություն է թողել քաղաքագիտության, տնտեսագիտության, հասարակագիտության, փիլիսոփայության զարգացման վրա։ Նրա հայացքները շարադրված են «Ժնևյան տեղաբնիկի նամակները ժամանակակիցներին» (1802 թ.), «Նամակներ ամերիկացուն» (1817 թ.), «Հայացք սեփականությանն ու օրենսդրությանը» (1818 թ.), «Հասարակական կազմակերպման տեսության մասին» (1819 թ.), «Արդյունաբերողների կատեխիզիսը» (1823-1824 թթ.), «Գրական, փիլիսոփայական ¨ արդյունաբերական խորհրդածություններ» (1825 թ.) և այլ աշխատություններում։
Հայացքները
Սեն Սիմոնը ստեղծել է քաղաքական ու տնտեսական մի գաղափարախոսություն, որը կոչվում է իր անունով՝ սենսիմոնիզմ, և ըստ որի հաջող հասարակություն ու արդյունավետ տնտեսություն ունենալու համար արդյունաբերական դասակարգի (նա այդ դասակարգն անվանում է նաև բանվորական) պահանջմունքները պետք է ճանաչվեն ու բավարարվեն[6]։ Ընդ որում՝ այդ դասակարգի մեջ նա ներառում էր ոչ միայն ձեռքի աշխատանք կատարող բանվորներին, այլև գործարարներին, կառավարիչներին, գիտնականներին, բանկիրներին, միով բանիվ՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են հասարակությանն օգուտ բերող, արտադրողական աշխատանքով[7]։
Սեն-Սիմոնը գտնում էր, որ արդյունաբերական դասակարգի կարիքների բավարարմանն ուղղված գլխավոր սպառնալիքը բխում է մեկ այլ դասակարգից, որն անվանել է անգործների դասակարգ և որի մեջ ներառել է բոլոր նրանց, ովքեր գերադասում են խուսափել աշխատանքից և պորտաբույծի պես օգտվել ուրիշների ջանքերով ստեղծված արդյունքից[8]։ Նա ընդգծել է անձի վաստակը ճանաչելու անհրաժեշտությունը և հասարակության ու տնտեսության մեջ ըստ վաստակի հիերարխիա ստեղծելու կարևորությունը։ Այդպիսի հիերարխիաներ առաջին հերթին պետք է ստեղծվեին կառավարիչների ու գիտնականների կազմակերպություններում, որոնք պիտի իրենց խելացի, հեռատես, արժեքավոր խորհուրդներով օգնեին կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել[9]։ Սեն-Սիմոնը խստորեն քննադատել է տնտեսությանը իշխանությունների միջամտության ոլորտների ընդլայնումը՝ գտնելով, որ այդ միջամտությունը պետք է սահմանափակվի միայն արդյունավետ աշխատանքին խանգարող խոչընդոտները վերացնելով, իսկ մնացած դեպքերում հենց այդ միջամտությունն ինքը կարող է խոչընդոտ դառնալ[8]։
Սեն-Սիմոնի ուսմունքի հիմնադրույթները կարճ ժամանակամիջոցում լայն ճանաչման են արժանացել, գնահատվել որպես հասարակական-տնտեսական գիտությունների ոլորտներում կատարված լուսավորչական բնույթի ներդրում և ծնունդ են տվել այնպիսի ուսմունքների, ինչպես՝ ուտոպիական սոցիալիզմը, ազատականությունը (լիբերալիզմը), անարխիզմը։ Ընդ որում՝ թե՛ լիբերալիզմի առաջին խոշոր տեսաբանը՝ Ջոն Ստյուարտ Միլը[10] և թե՛ անարխիզմի հիմնադիր Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնը շեշտել են, որ իրենց ոգեշնչել է Սեն-Սիմոնի ուսմումքը[11]։
Սենսիմոնիզմը, լինելով ուտոպիական սոցիալիզմի ամենավառ դրսևորումներից մեկը, էական ազդեցություն է ունեցել սոցիալիստական մտքի հետագա զարգացման, մասնավորապես, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «գիտական սոցիալիզմի» տեսության ձևավորման վրա[10], միաժամանակ նպաստել է սոցիոլոգիայի՝ որպես ինքնուրույն գիտության կայացմանը։
Սեն-Սիմոնի գաղափարները որոշակի ազդեցություն են գործել նաև հասարակագետ-տնտեսագետ Թորստեյն Վեբլենի ու նրա հիմնադրած ինստիտուցիոնալ տնտեսագիտության վրա, գիտական մի ուղղության, որի ներկայացուցիչն են դարձել բազմաթիվ ականավոր տնտեսագետներ[12]։
Աշխատություններ
Lettres d'un habitant de Genève à ses contemporains (1803),
L'Industrie (1816-1817),
Le Politique (1819),
L'Organisateur (1819-1820),
Du système industriel (1822),
Catéchisme des industriels (1823-1824),
Nouveau Christianisme (1825).
An edition of the works of Saint-Simon and Enfantin was published by the survivors of the sect (47 vols., Paris, 1865–1878).
↑"Keith Taylor 1975. Pp. 158-161">Keith Taylor (ed, tr.). Henri de Saint Simon, 1760-1825: Selected writings on science, industry and social organization. New York, USA: Holmes and Meier Publishers, Inc, 1975. pp. 158–161.
↑"Alan Ryan Pp 647-651">Alan Ryan. On Politics. Book II. 2012. pp. 647–651.
↑Vincent Mosco. The Political Economy of Communication. SAGE, 2009. p. 53.
Գրականություն
Аникин А. В. Глава восемнадцатая. Прекрасный мир утопистов: Сен-Симон и Фурье // Юность науки: Жизнь и идеи мыслителей-экономистов до Маркса. — 2-е изд. — М.: Политиздат, 1975. — С. 341—350. — 384 с. — 50 000 экз.
Сен-Симон Клод Анри де Рувруа / Застенкер Н. Е. // Сафлор — Соан. — М. : Советская энциклопедия, 1976. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 23).
Osama W. Abi-Mershed Apostles of Modernity: Saint-Simonians and the Civilizing Mission in Algeria. — Palo Alto: Stanford University Press, 2010. — xii + 328 p. — ISBN 0-804-76909-5
P. Weisengrün. Die Social wissensch. Ideen St.-Simons.