Կինտերոն «Էնվիգադո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի երիտասարդական թիմում և երկու տարի անց ընդգրկվել հիմնական կազմում։ 2009 թվականի մարտի 6-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում Խուանը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի առաջնությունում[4]։ Սեպտեմբերի 12-ին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էնվիգադոյի» կազմում։ Տարվա վերջին առաջնության շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում Կինտերոն ստացել է մեծ ու փոքր սրունքոսկրների կոտրվածք։
2011 թվականի դեկտեմբերին Կինտերոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։ 2012 թվականի հունվարի 30-ին «Դեպորտիվո Կալիի» դեմ խաղում նա կատարաել է իր նորամուտը ակումբի կազմում[5]։ Փետրվարի 19-ին «Միլոնարիոսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Նասիոնալի» կազմում և օգնել թիմին հաղթել 2:3 հաշվով[6]։
2012 թվականի հուլիսի 20-ին Կինտերոն պայմանագիր է կնքել իտալական «Պեսկարա» ակումբի հետ։ Օգոստոսի 28-ին «Ինտերի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սերիա Ա-ում[7]։ Սեպտեմբերի 23-ին կայացած «Բոլոնյայի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։
2013 թվականի հուլիսի 13-ին Խուանը պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո, իսկ պայմանագրում խաղացողի հրաժարման գումարը նշվել է 40 մլն եվրո։ Ֆուտբոլիստն ինքը հետևյալ կերպ է մեկնաբանել իր հեռանալն ակումբից. «Ես միշտ ուզում էի խաղալ «Պորտուում»։ Ես շատ ուրախ եմ, որովհետև արել եմ կարևոր քայլ իմ կարիերայում»[9]։ Օգոստոսի 18-ին «Վիտորիա» (Սետուբալ) ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[10]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «վիշապների»։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Խուանը թիմի հետ նվաճել է Պորտուգալիայի Սուպերգավաթը։ 2015 թվականի օգոստոսի 31-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն» 19 մլն եվրոյով գնելու իրավունքով։ Հոկտեմբերի 18-ին «Նիս» ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[11]։ Դեկտեմբերի 11-ին «Կան» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[12]։
2017 թվականի սկզբին Խուանը վերադարձել է հայրենիք, որտեղ վարձավճարային հիմունքներով միացել է «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբին։ Փետրվարի 6-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբում[13]։ Փետրվարի 19-ին «Օնսե Կալդաս» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլն ակումբում[14]։ 2018 թվականի սկզբին Խուանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Պլեյտ»։ Փետրվարի 4-ին կայացած «Օլիմպո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[15]։ Ապրիլի 22-ին Սարանդիի «Արսենալ» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Պլեյտի» կազմում[16]։
Միջազգային կարիերա
2012 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Կամերունի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուան Կինտերոն կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականի կազմում[17]։
2013 թվականի սկզբին Կինտերոն Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մրցաշարում նա խաղացել է Բոլովիայի[18], Էկվադորի[19], Ուրուգվայի[20], Արգենտինայի[21], Պերուի[22] և երկու անգամ Պարագվայի[23][24] ու Չիլիի հավաքականների դեմ խաղերին[25][26]։ Արգենտինայի, Չիլիի, Պարագվայի, Էկվադորի և Պերուի հավաքականների դեմ խաղերում Կինտերոն դարձել է գոլի հեղինակ։
Նույն տարվա ամռանը Կինտերոն մասնակցել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[27], Թուրքիայի[28], Սալվադորի[29] և Հյուսիսային Կորեայի հավաքականների[30] դեմ խաղերին։ Սալվադորի, Թուրքիայի և Կորեայի դեմ խաղերում Խուանը խփել է երեք գոլ։