Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (իսպ.՝ Partido Socialista Popular, սկզբնապես կոչվել է Կուբայի կոմունիստական կուսակցություն [Partido Comunista de Cuba]), կոմունիստական քաղաքական կուսակցություն Կուբայի Հանրապետությունում։
Ստեղծվել է 1925 թվականին, մայրաքաղաք Հավանայում կայացած I ազգային համագումարում՝ կոմունիստական խմբակների և Կուբայի բանվորական սոցիալիստական կուսակցության ձախ թևի միավորմամբ։ Կուսակցության հիմնադիրներն էին Բլաս Ռոկան, Անիբալ Էսկալանտեն, Ֆաբիո Գրոբարտը, Ալֆոնսո Բերնալ դել Ռեզգոն և Խուլիո Անտոնիո Մելյան։ 1926—1938-ին գործել է խոր ընդհատակում։ Ընդհատակից դուրս գալուց հետո Հեղափոխական միության հետ մասնակցել է (1939) սահմանադիր ժողովի ընտրություններին։ 1940 թվականին ԿԿԿ և Հեղափոխական միությունը միավորվեցին, նոր կուսակցությունը կոչվեց Հեղափոխական կոմունիստական միություն (Unión Revolucionaria Comunista), 1944 թվականին վերանվանվեց Կուբայի ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն (Partido Unido de la Revolución Socialista de Cuba)։
1940—1952 թվականին ԿԺՍԿ ունեցել է իր ներկայացուցիչները կոնգրեսում և տեղական իշխանության մի շարք մարմիններում, 1940—1944 թվականին՝ կոալիցիոն կառավարության կազմում, սակայն պարտություն կրեց Ավտենտիկո-հանրապետական դաշինքից, միայն չորս տեղ ձեռք բերելով Ներկայացուցիչների պալատում։
Կուսակցությունն ի սկզբանե քննադատական էր մոտենում Ֆիդել Կաստրոյին։ Այնուամենայնիվ, 1961 թվականին կուսակցությունը միավորվեց Ինտեգրացված հեղափոխական կազմակերպությունների (ORI) մեջ, որն էլ հանդիսանում է ներկայիս Կուբայի Կոմունիստական կուսակցության նախորդը։