Զեկույց Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ (գերմ.՝ Bericht über die Lage des armenischen Volkes in der Türkei), Յոհաննես Լեփսիուսի զեկույցն է Թուրքիայում հայերի դրության մասին, որը լույս տեսավ 1916 թվականի գարնանը Պոտսդամում՝ 20500 տպաքանակով։
Բողոքական աստվածաբան և միսիոներ Յոհաննես Լեփսիուսը (1858 Բեռլին – 1926 Մերան) հայտնի եգիպտագետ և լեզվաբան Կարլ Ռիխարդ Լեփսիուսի որդին է։ 1884-1886 թվականներին գործել է Մերձավոր Արևելքում՝ անմիջականորեն ծանոթանալով տարածաշրջանի պատմությանը։ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներից հետո ծավալել է հայանպաստ գործունեությունը, որը շարունակվել է մինչև իր կյանքի վերջը։ Այն ներառում էր հոդվածների և գրքերի հրատարակում, դասախոսությունների անցկացում, ինչպես նաև գործնական քայլեր՝ կարիքի մեջ գտնվող հայերին օգնելու համար։ Հայոց ցեղասպանության օրերին Լեփսիուսը փորձեց անել հնարավորինը՝ սպանությունները կասեցնելու համար։ Այդ նպատակով նա նույնիսկ 1915 թվականի հուլիսի 24-ին այցելեց Կոստանդնուպոլիս, անգամ օգոստոսի 10-ին հանդիպեց Էնվերի հետ։ Սակայն նրա ջանքերն անարդյունք մնացին։ Սակայան նա կարողացել է տեղում բավական թվով փաստեր հավաքել հայերի դեմ իրականացվող սպանությունների և բռնությունների վերաբերյալ։
Լեփսիուսի շուրջ երեք շաբաթ տևած այցելությունը Կոստանդնուպոլիս 1915 թվականին թույլ տվեց տեղում բավական թվով փաստեր հավաքել հայերի դեմ իրականացվող սպանությունների և բռնությունների վերաբերյալ։ Այդ տեղեկությունները նա կարողացավ քաղել գերմանական դեսպանության աշխատակիցների, գավառներից վերադարձող օտարերկրացիների, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում ներկայացուցչություններ ունեցող օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցների, եվրոպացի և ամերիկացի միսիոներների հետ զրույցներից։ Բացի այդ շատ կարևոր տվյալներ Լեփսիուսը ձեռք բերեց ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերից, որոնք նրան ներկայացրեց ԱՄՆ դեսպան Հենրի Մորգոնթաուն, ինչպես նաև տեղի հայերի հետ հանդիպումներից։ Այդ առումով հատկապես կարևոր էր տեսակցությունը Զավեն պատրիարքի հետ։ Վերադառնալով Գերմանիա՝ Լեփսիուսը մեկտեղեց իր ձեռքի տակ եղած տեղեկությունները և հրատարակեց առանձին գրքով՝ «Bericht über die Lage des Armenischen Volkes in der Türkei» խորագրով, որը լույս տեսավ 1916 թվականի գարնանը Պոտսդամում՝ 20500 տպաքանակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի տարիներին Գերմանական կայսրությունում գործում էր խիստ գրաքննություն, այս հատորը տարածվում էր գաղտնի։ Հասցեատերերի շարքում էին Բունդեսթագի բոլոր պատգամավորները, «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության բարեկամները և Գերմանիայի քահանայական ծառայությունները։
Գիրքը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասում ներկայացվում են փաստերն ու դեպքերի ընթացքը՝ նահանգ առ նագանգ։ Երկրորդ մասում անդրադարձ է կատարվում պատասխանատվության հարցին։ Երրորդ մասում հիմնական շեշտը դրվում է հետևանքների ներկայացման վրա։ Գրքի վերջում աղյուսակի տեսքով ներկայացված է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության թվային տվյալները։ Իսկ ամենավերջին էջում զետեղված է դրամական հանգանակության համար նախատեսված կտրոնը։ 1919 թ. լույս է տեսել գրքի երկրորդ, ընդարձակված տարբերակը՝ «Der Todesgand des armenischen Volkes» վերնագրով։ Նույն թվականին Կոստանդնուպոլսում լույս է տեսել գրքի արևմտահայերեն թարգմանությունը՝ «Տոքթ. Եօհաննէս Լեփսիուսի Գաղտնի տեղեկագիր. Հայաստանի ջարդերը» անվամբ[1]։