Դանիել Ֆարենհայտը 1707 թվականից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն։ 1717 թվականից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ։ 1724 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (°F), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32 °F, իսկ ջրի եռման կետին՝ 212 °F արժեքները։ Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջել է Ցելսիուսի սանդղակին (C)։
Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից։ Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ։ 1709 թվականին նա պատրաստել է սպիրտային, 1714 թվականին՝ սնդիկային ջերմաչափ։
Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 °F է (36,6 °C)։
Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ.
[°C] = 5/9 ([°F]-32)