Բորիս Բալայանը ծնվել 1938 թվականին Ստեփանակերտում (ԼՂՀ), ԼՂ կրթության հանձնակատար Հայկ Բալայանի ընտանիքում։ 1958 թվականին ընդունվել և 1964 թվականին ավարտել է Անդիջանի (Ուզբեկստան) բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1964-1973 թվականներին ղեկավարել է Բուխարայի ուռուցքաբանական դիսպանսերի պաթոհիստոլոգիայի լաբորատորիան։ Սանկտ Պետերբուրգում ասպիրանտուրան ավարտելուց հետո 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1979-1982 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1980 թվականին Բորիս Բալայանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ 1982-2010 թվականներին ղեկավարել է Շտապ օգնության քաղաքային հիվանդանոցին կից պաթանատոմիական կենտրոնը, հանդիսացել Երևանի գլխավոր պաթանատոմը, միաժամանակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1988 թվականին Բորիս Բալայանին շնորհվել է բժիշկ-պաթանատոմի բարձրագույն որակավորում։ 1992-1993 թվականներին գործուղվել է Արցախ, որտեղ կազմակերպել է պաթանատոմիական ծառայությունը։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, ստացել պրոֆեսորի կոչում։ 2005 թվականից եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2006-2009 թվականներին Բալայանը նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են սրտի սուր անբավարարությունից հանկարծամահության ժամանակ սրտամկանի այտուցի մահաբանական նշանակությանը[3]։ Ավելի քան 200 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։
Բորիս Բալայանը մահացել է 2019 թվականի փետրվարի 18-ին[4][5]։
Երկեր
Սրտամկանի այտուցի տանատոլոգիական նշանակությունը սուր սրտային անբավարարության ժամանակ (հանկարծամահություն)։
Танатологическое значение отека миокарда при острой сердечной недостаточности (внезапной смерти), Ереванский государственный медицинский университет им. М. Гераци, (2005).[6]