«Արևելյան պատմություններ» (անգլ.՝ Nouvelles orientales), ֆրանսիացի գրող Մարգարիտ Յուրսենարի պատմվածքների ժողովածուն, որը լույս է տեսել 1938 թվականին Փարիզում՝ «Գալիմար» հրատարակչությունում։
Ժողովածուն բաղկացած է փոքրիկ պատմվածքներից և պրիտչաներից, որոնց սյուժեները քաղված են «ժամանակակից ու բյուզանդական Հունաստանի, Բալկանների կամ Ասիայի տարբեր վայրերի» պատմություններից և լեգենդներից[1]։ Պատմվածքները գրվել են 1928-1938 թվականներին։ Վերջնական խմբագրությունում, որը հրատարակվել է 1963 թվականին, ժողովածուն բովանդակում է տասը նովել («Կրեմլի պատում որմնաշարվածները» պատմվածքը հեղինակը հանել է որպես չափազանց թույլ և ուղղումների ոչ արժանի[2])։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թվականին՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Հայերեն թարգմանությունը ֆրանսերենից կատարված է այդ հրատարակությունից 2020 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանական խմբագիր՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը թարգմանել են ԵՊՀ «Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն» ֆակուլտետի ուսանողները և դասախոսները։ Նվիրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Ստորև ներկայացված են առանձին պատմվածքների թարգմանիչները[3]։
Բովանդակություն
- Ինչպես փրկվեց Վանգ-Ֆոն (Comment Wang-Fô fut sauvé, թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի)
Նկարչի մասին դաոսական հայտնի պրիտչայի վերապատում է։ 1987 թվականին նկարիչ-մուլտիպլիկատոր Ռենե Լալուն նովելի հիման վրա ստեղծել է համանուն կարճամետրաժ մուլտֆիլմ։
- Մարկոյի ժպիտը (Le Sourire de Marko, թարգմանությունը՝ Վարդ Մազմանյանի)
Մարկո Կորոլևիչի և գեղեցկուհի թրքուհու մասին պատմություն է։
- Մահվան կաթը (Le Lait de la mort, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)
Մայրական սիրո ուժի մասին պրիտչա և այն մասին, որ որոշ մայրեր թվում են այդպիսին։ Բալկանյան թեմայով է։
- Արքայազն Ժենգիի վերջին սերը (Le Dernier Amour du prince Genghi, թարգմանությունը՝ Անուշ Նիկողոսյանի)
Քննադատների կարծիքով ամենանրբին նովելն է[2]։ 10-11-րդ դարերի ճապոնացի արձակագրուհի Շիկիբու Մուրասակիի «Գենձի մոնոհաթարի» վեպի սյուժետային գծերից մեկի զարգացումն է։
- Ներեուհիներին սիրահարված մարդը (L’Homme qui a aimé les Néréides, թարգմանությունը՝ Զառա Հովհաննիսյանի)
Սիրո անսպասելի վտանգների մասին է։ Բալկանյան թեմայով է։
- Ծիծեռնակների Տիրամայրը (Notre-Dame-des-Hirondelles, թարգմանությունը՝ Անուշ Նիկողոսյանի)
Այն մասին, որ նույնիսկ հեթանոսական աստվածները կարող են արժանի լինել գթության։ Բալկանյան թեմայով է։
- Այրի Աֆրոդիսիան (La Veuve Aphrodissia, թարգմանությունը՝ Ալիսա Բաբայանի)
Բալկանյան սիրո պատմություն՝ դաժան և ողբերգական։
- Գլխատված Կալին (Kâli décapitée, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)
Սոմադևայի «Պատմությունների օվկիանոսից» պատմության տարբերակ աստվածության փոխակերպման մասին։ 19-րդ դարում այն օգտագործել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն իր «Լեգենդ պարիայի մասին» (Parialegende, 1823) գրքում, իսկ 20-րդ դարում՝ Թոմաս Մանը իր «Գլուխների փոխարինում։ Հնդկական լեգենդ» (Die vertauschten Köpfe — Eine indische Legende, 1940) պատմվածքում։ Ինքը Յուրսենարը այս նովելը համարել է ամենաթույլը, սակայն ամեն դեպքում պահպանել է այն վերջնական խմբագրությունում[1]։
- Մարկո Կրալիևիչի մահը (La Fin de Marko Kraliévitch, թարգմանությունը՝ Անի Սարգսյանի)
Եվս մի լեգենդ սերբ հերոսի մասին։
- Կոռնելիուս Բերգի տրտմությունը (La Tristesse de Cornélius Berg, թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի)
Շարքն ավարտող նովել, որի հերոս Կոռնելիուս Բերգը հիացած է աշխարհի գեղեցկությամբ, որն ստեղծել է մեծ նկարիչ Աստված, սակայն ցավում է, որ Աստված չի բավարարվել միայն բնապատկերներ արարելով։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Яхнина Ю. Пространством и временем полная // Юрсенар М. Восточные новеллы. — М., Энигма, 1996. — ISBN 5-7808-0001-4