- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Աշոտ Ավետիքի Մկրտչյան (ապրիլի 14, 1950(1950-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1976)[1]։ Երիտասարդ ճարտարապետների 1977 թվականի և 1981 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։
Կենսագրություն
Աշոտ Մկրտչյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 14-ին, Երևան քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1972-1992 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1988 թվականից, միաժամանակ՝ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար։ 1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Կազմել է (համահեղինակությամբ) Սևան քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը համար 4 միկրոշրջանի կառուցապատման նախագիծը (1980-1988), Վանաձորի «Տարոն 1-3» բնակելի համալիրի (ԽՍՀՄ Ճարտարապետների միության «Տարվա լավագույն նախագիծ» մրցանակ 1990), «Տարոն 1-4» առևտրային կենտրոնի մանրամասն հատակագծերը (1989-1995): Մկրտչյանի (համահեղինակությամբ) նախագծերով Դիլիջանում իրականացվել են հանգստյան տների համալիր (1975), պանսիոնատ (1975), պրոֆիլակտորիում, հանրակացարան (երկուսն էլ՝ 1975), Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան քոթեջներ (1984), Գորիսում՝ բնակելի համար 5 թաղամասի կառուցապատումը (1975-1986, Սոֆիայի «Բիենալե-85»-ի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ), Աբովյանում՝ ավտոկայարան (1980, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985), Գյումրիում՝ կենտրոնական հրապարակի վերակառուցում և բարեկարգում (1980-1988, 1978 թվականի նախագիծն արժանացել է 1-ին մրցանակի), Երևանում և արտերկրում՝ էլիտային մենատներ, չորս վիլլա՝ ԱՄՆ-ի Քոնեքթիքութի, Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում, (1995-2000), 1000-տեղանոց «Շերատոն» հյուրանոցը՝ Հայնան կղզում (Չինաստան), առևտրա-զվարճանքների կենտրոնով էլիտային բնակելի համալիր (60 վիլլա)՝ Շանհայում, բժիշկ Նալբանդյանի քաղաքային նստավայրի, Աֆրիկյան երկրների օգնության Ռոկֆելլերյան կենտրոնի (երկուսն էլ՝ Նյու Յորքի Մանհեթենում) վերակառուցումները (բոլորը՝ 2000-2001), Նյու Ջերսիի Ջերսի Սիթիում և Ռոշել պարկում՝ բնակելի համալիրներ, Նյու Յորքում՝ առևտրի կենտրոն և 150 բնակելի տներով համալիր (բոլորը՝ 2003-2004) և այլն[2]։
Մրցանակներ
- Երիտասարդ ճարտարապետների 1977 թվականի և 1981 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր
- ՀԼԿԵՄ մրցանակ, 1985
- «Բիենալե-85»-ի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ, Սոֆիա
Ծանոթագրություններ
- ↑ «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 144։