Ֆրանսիական Մարոկկոն ներառել է միայն երկրի հյուսիսային տարածքները։ Մարոկկոյի հարավային հատվածը՝ Արևմտյան Սահարան, այդ ժամանակաշրջանում գտնվում էր Իսպանիայի տիրապետության տակ։ Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատը գոյություն է ունեցել շուրջ կես դար՝ հիմնադրվել է 1912 թվականին և անկում ապրել 1956-ին։ Պրոտեկտորատի կործանման պատճառը եղել է 1956 թվականիմարտի 2-ին Մարոկկոյի անկախության հռչակագրի ընդունումը։
19-րդ դարի սկզբին երկրի թուլացումն ու քաղաքական անկայունությունը Մարոկկոյում եվրոպական երկրների գաղութարարների միջամտության նախադրյալներ ստեղծեցին[3]։ Ֆրանսիան, ով Հյուսիսային Աֆրիկայի գլխավոր գաղութատերն էր, ձգտում էր իր դիրքերն ամրապնդել նաև Մարոկկոյում։ 19-րդ դարի վերջին արդեն ֆրանսիացիները սկսեցին Մարոկկոն գրավելու ծրագրեր մշակել։ 1904 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Մարոկկոյում փորձեց ստեղծել իր պրոտեկտորատը՝ երկրի տնտեսությանն օժանդակելու նպատակով։ Նույն թվականին երկու երկրների կառավարությունների միջև կնքվեց երկկողմ գաղտնի համաձայնագիր, որով Ֆրանսիան ստանձնում էր Մարոկկոյի խնամակալությունը[4]։
Ֆրանսիայի հաստատում Տանժեր նավահանգստում հակոտնյա էր Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի շահերին։ Այնուամենայնիվ, երկար բանակցություններից հետո Իսպանիան և Ֆրանսիան միմյանց միջև բաժանեցին նախկին սուլթանության տարածքը։ Իսպանիան ստացավ Մարոկկոյի հարավային հատվածը՝ Արևմտյան Սահարան, իսկ Ֆրանսիան՝ հյուսիսային Մարոկկոն։ Ֆրանսիական հատվածում գտնվում էին Մարոկկոյի գլխավոր քաղաքները՝ Մարաքեշը, Կասաբլանկան, ինչպես նաև առևտրային կարևոր նշանակություն ունեցող Տանժեր նավահանգիստը։
Տանժերի և Ագադիրի ճգնաժամներ
Տանժերյան ճգնաժամի բռնկման պատճառը եվրոպական կայսրությունների գաղութային մրցավազքն էր։ Այս դեպքում միմյանց դեմ պայքարում էին մի կողմից Գերմանիան, մյուս կողմից Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի անմիջական աջակցությամբ[5]։ Շուտով Գերմանական կայսրությունն իր հարկի տակ ընդունեց Ռաբաթից ժամանած արաբ պաշտոնյաներին՝ Ֆրանսիայի և Մարոկկոյի միջև նոր համաձայնագրի կնքումը ձախողելու համար։ Գերմանական կառավարությունն ամեն կերպ փորձում էր պատերազմ հրահրել Մարոկկոյի և Ֆրանսիայի միջև։ Վիլհելմ II-ը գիտեր, որ Մարոկկոյի անկախության շարժումը ճնշելու ժամանակ բրիտանացիները միանշանակ զորավիգ կլինեին ֆրանսիական կայազորայիններին։ Այդ կերպ Գերմանիան Եվրոպայում կարող էր առավել դյուրին կերպով առավելության հասնել պատերազմից հյուծված Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նկատմամբ։
Մարոկկոյի խնամակալության խնդրի լուծման նպատակով 1906 թվականինԻսպանիայիԱլխեսիրաս քաղաքումգումարվեց վեհաժողով։ Գերմանիան ամեն կերպ փորձում էր կանխել Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատի վերջնական հաստատումը։ Բացի երկու կողմերից՝ կոնֆերանսին մասնակցում էին նաև Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաև Մարոկկոն ու ԱՄՆ-ը։ Կոնֆերանսում միայնակ մնալով՝ Գերմանիան տեղի տվեց։ Մեծ տերությունների նախաձեռնությամբ ձևականորեն հոչակվեց Մարոկկոյի սուլթանի անկախությունը։ Ոստիկանության կազմակերպումն ու ղեկավարումը հյուսիսային մասում հանձնարարվեց Ֆրանսիային, իսկ հարավում՝ Իսպանիային։ Ալխեսիրասի կոնֆերանսի որոշումները Ֆրանսիայի համար Մարոկկոն վերջնականապես նվաճելու ուղի հարթեցին և նպաստեցին անգլո-ֆրանսիական դաշինքի ամրապնդմանը։
1911 թվականինՌաբաթում ապստամբություն բռնկվեց, որն ուղղված էր սուլթան Մաուլա Աբդ ալ-Հաֆիզ իբն ալ-Հասանի դեմ։ 1911 թվականի ապրիլին սուլթանի զորքերը ապստամբներից հետ գրավեցին Ֆեսի ամրոցը (սուլթանի նստավայրը)։ Դրան հաջորդեց այն, որ մի քանի օր հետո ֆրանսիական զորքերը վայրէջք կատարեցին Մարոկկոյում։ Գերմանիան ևս միջնորդեց հակամարտությանը՝ անթաքույց կերպով աջակցելով սուլթանի ղեկավարած կառավարությանը։ Կարճ ժամանակահատվածում գերմանացիներն օկուպացրեցին ֆրանսահպատակ Մարոկկոյի մի հատվածը, որին հաջորդեց այն, որ ֆրանսիացիները ճեղքելով գերմանական բանակը վերստին հաստատվեցին Ռաբաթում։ 1911 թվականիհունիսի 5-ին Գերմանիայի դեմ մարտեր սկսեցին նաև իսպանացիները։ Գերմանացիները ստիպված եղան նահանջել՝ թողնելով քաղաքը։
Ֆրանսիական պրոտեկտորատ
Ֆեսի պայմանագիր և պրոտեկտորատի հաստատում
Մարոկկոյի հիմնահարցի շուրջ ստեղծված ճգնաժամային դրությունը վերացնելու նպատակով 1912 թվականին կնքվեց Ֆեսի պայմանագիրը[6][7]։ Այն կարելի է համարել Ալխեսիրասի վեհաժողովի տրամաբանական շարունակությունը։ Պայմանագիրը կնքվել է Մարոկկոյի սուլթան Աբդ ալ-Հաֆիզի և ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Ռենյոյի միջև։ Պայմանագրի համաձայն, ֆրանսիական բանակը պետք է հաստատվեր Մարոկկոյում։ Ձևականորեն պետության ղեկավար համարվող սուլթանին կից նշանակվելու Էր ֆրանսիական գլխավոր լիազոր ներկայացուցչություն, որն իր ձեռքում Էր կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը։ Մարոկկոյի արտաքին քաղաքականությունը դրվում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ։ Ֆրանսիան պարտավորվում Էր բանակցություններ վարել Իսպանիայի հետ՝ Մարոկկոյում այդ երկրի շահերի վերաբերյալ (1912 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել էր ֆրանս-իսպանական պայմանագիր, որով Մարոկկոյի մի մասն անցել է Իսպանիայի տիրապետության տակ)։ Պայմանագիրը նախատեսում Էր Տանժերի հատուկ վարչաձևի պահպանումը։
Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի ստեղծումից հետո Ֆրանսիան նպատակ ուներ նվաճել նաև Ալժիրը, ինչպես նաև նմանատիպ պրոտեկտորատ հաստատել Թունիսում։
Ֆրանսիական և իսպանական տիրապետությունը Մարոկկոյում շարունակվել է շուրջ կես դար։ Այդ ընթացքում նկատելի էր Մարոկկոյի երկու հատվածների միջև եղած էական տարբերությունները։ Ֆրանսիական Մարոկկոն՝ ի տարբերություն Իսպանական Արևմտյան Սահարայի, ուներ տնտեսական բավականաչափ ներուժ, հանքային ռեսուրսներ, արդիական տրանսպորտային համակարգ և զարգացած գյուղատնտեսություն։ Տարածաշրջանային առևտրի համար կարևոր նշանակություն ունեցող Տանժեր նավահանգիստը ևս գտնվում էր ֆրանսահպատակ հատվածում։
Պրոտեկտորատի անկում և Մարոկկոյի անկախության հռչակում
Յուսուֆ սուլթանի իշխանության տարիներին Մարոկկոյի երկու երկրամասերում հաճախակի բռնկվել են հակաիսպանական և հակաֆրանսիական ապստամբություններ։ 1925 թվականինՖրանսիան և Իսպանիան միացյալ ուժերով կարողանում են ճնշել ապստամբությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով 1925 թվականին Ռաբաթը դարձավ Ֆրանսիական Մարոկկոյի մայրաքաղաք[8][9]։
Պատերազմական գործողությունների վերջում ակնհայտ դարձավ Մարոկկոյի սուլթանի անկախ պետության ստեղծման ձգտումները[10]։ Իմանալով այս մասին՝ Փարիզի կենտրոնական կառավարությունը սկսեց պատժամիջոցներ կիրառել Մարոկկոյի նկատմամբ։ Ֆրանսիայի այս դիրքորոշումը նպաստեց ազգայնականների և գաղութարարների միջև թշնամանքի աճին։ 1954 թվականի հունվարին Մուհամեդ V-ն արտաքսվում է հարավային Մադագասկար կղզի։ Դրանից հետո ֆրանսիացիները զավթում են սուլթանի աթոռը ևս։ Ավելի ուշ Մարոկկոյում վերստին աճեցին բռնությունները․ Ալժիրում ևս իրավիճակը վատթարացավ։ Քաղաքական նման պայմաններում 1955 թվականինոյեմբերի 16-ին աքսորից վերադարձավ Մուհամեդը, ով ճանաչվեց, որպես սուլթան։ 1956 թվականի փետրվարին նա առաջնորդեց Մարոկկոյի անկախության պատերազմը և 1957 թվականին ստացավ թագավորի տիտղոս։
1955 թվականին Մուհամեդ V-ը Մարոկկոյի անկախության վերաբերյալ բանակցություններ սկսեց Ֆրանսիայի կառավարության հետ։ Ֆրանսիան ստիպված եղավ զիջումների գնալ և 1956 թվականի փետրվարին Մարոկկոյին տվեց սահմանափակ ինքնավարություն։ Մարոկկոյի լիակատար անկախության վերաբերյալ հետագա բանակցություններն ավարտվեցին 1956 թվականիմարտի 2-ինՓարիզում՝ իսպանա-մարոկկոյական համաձայնագրի կնքմամբ։ Նույն տարվա ապրիլի 7-ին Ֆրանսիան պաշտոնապես հրաժարվեց Մարոկկոյի իր պրոտեկտորատից։ 1956 թվականի հոկտեմբերի 29-ին ընդունվեց հռչակագիր, որը Մարոկկոն դարձրեց անկախ և ժողովրդավար երկիր[11]։
1958 թվականին վերջնականապես ավարտվեց Մարոկկոյի անկախության և վերամիավորման գործընթացը՝ մարոկկոյական բոլոր հողերի համախմբմամբ։
↑Bulletin officiel de l'Empire chérifien : Protectorat de la République française au Maroc, Rabat, vol. 4, no 162, november 29th 1915, p. 838 [1]Արխիվացված 2014-03-01 Wayback Machine
Рыбаков Р. Б. История Востока: Восток в новейшее время / Ланда Р. Г.. — М.: Восточная литература, 2006. — Т. V. — ISBN 5-02-018500-0
Рыбаков Р. Б. История Востока: Восток в новейший период / Белокреницкий В. Я. Наумкин В. В.. — М.: Восточная литература, 2008. — Т. VI. — ISBN 978-5-02-036371-7