- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, 1957(1957-02-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։
Կենսագրություն
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
2007 թվականին հիմնում է "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[2]։
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[3]։ Երգչուհու աճյունը բերվել է Երևան, որտեղ դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[4]։
Ձայնասկավառակներ
- Ծով աստղիկ (1994)
- Ունի վերադարձ (1998)
- Կանգնիր քարավան (2002)
- Քելե լաո (2002)
- Երազ տեսա (2003)
- Իմ ուղին (2005)
- Մենք (2007)
- Փայլող աստղ (2007)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ