մոտ 16 մլն
Քմերներ կամ կամբոջիացիներ, ազգ, Կամբոջայի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թվաքանակը 16 միլիոն (2008 թ.), որոնցից 14,2 միլիոնը բնակվում է Կամբոջայում, 1,4 միլիոն մարդ` Թաիլանդում, և 895 հազարից մինչև 1,3 միլիոն մարդ` Վիետնամի հարավում, որոնց վիետնամցիներն անվանում են քմեր-կրոմ, այսինքն «ներքին քմերներ» (ի նկատի ունեն Մեկոնգ գետի ցածրադիր վայրերը)։
Քմերները խոսում են Ավստրոասիական լեզվաընտանիքի մոն-քմերական ճյուղին պատկանող քմերերեն (կամբոջիական) լեզվով։ Օգտագործում են քմերական գիրը։
Քմերների մեծամասնությունը դավանում է բուդդայականություն, հատկապես դրա թերավադա հարավային ճյուղը։ Կամբոջայի հոգևորական ընտանիքներում կրոնական աստիճանակարգը փոխանցվում է տղամարդուց նրա քրոջ որդուն` մայրական կողմից, քանի որ քմերական հոգևորականները պահպանում են չամուսնանալու ավանդույթը[1]։
Մարդաբանորեն քմերները հարավային մոնղոլոիդներ են, սակայն կրում են նաև վեդդաավստրալոիդների որոշ գծեր, որը ընդգծված է հատկապես լեռնային քմերների մոտ։
Քմերները ձևավորվել են մեր թվարկության սկզբին, քմերական բազմաթիվ ցեղերի համախմբման արդյունքում։ Առավել հավանական է` հարավային Հնդկաչինի բնիկների և հարևան ինդոնեզիական ցեղերի միախառնումից, ինչպես նաև առավել զարգացած մշակույթ ունեցող հարևան երկրների, հատկապես Հնդկաստանի ազդեցության շրջանակներում։
Հնդկաստանի և քմերների քաղաքակրթությունները սերտորեն կապված էին միմյանց հետ, սակայն ոչ միշտ էր դա բարեկամական բնույթ կրում, որը համապատասխանաբար ազդեցություն է թողել այդ երկու քաղաքակրթությունների մշակույթի վրա[2]։ Սակայն այդ գործընթացին ներգրավված չեն եղել լեռնային քմերները, որոնք բնակվում էին Չինաստանի հարավարևմտյան, Վիետնամի արևմտյան, Լաոսի, Մյանմայի, Թաիլանդի հյուսիսարևելյան և Կամբոջայի հյուսիսարևելյան դժվարամատչելի շրջաններում։
Քմերներն իրենց հզորության գագաթնակետին հասել են 802-1431 թվականներին, երբ ստեղծվել էր Քմերական կայսրությունը (Կամբուջադեշա կամ Անգկորյան թագավորություն)։ Քմերներն անկախություն են ձեռք բերել 1953 թվականին[3]։ 1970-1975 թվականներին ստեղծվել էր Քմերական Հանրապետությունը, իսկ 1976-1979 թվականներին` իշխանության եկած Կարմիր քմերների (Դեմոկրատական Կամպուչիա) վարած քաղաքականության արդյունքում տուժեց ոչ միայն քմերների, այլ նաև այդ տարածքներում բնակվող մյուս ազգերի մշակույթը։
Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (հատկապես բրինձ, եգիպտացորեն), ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ և ձկնորսությամբ։