Քերման (պարս.՝ کرمان), քաղաք Իրանի հարավ-արևելքում, Քերման օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Քերման շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 537 718 մարդ (2016)[1][2]։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 537 718 մարդ, որոնք կազմում էին 162 677 տնտեսություն[3]։ Քաղաքը բնակչությամբ Քերման օսթանի ամենախոշոր[4] և Իրանի տասնչորսերորդ ամենախոշոր[5] քաղաքն է։ Քերմանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակչության մեծամասնությունը կազմում են պարսիկները, որոնք հիմնականում շիա իսլամի հետևորդներ են։ Կա նաև զրադաշտական փոքրամասնություն[11]։
Աշխարհագրություն
Քերմանը շրջապատված է լեռներով․ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից՝ 1755 մետր։ Քերմանի կլիման բնութագրվում է որպես չափավոր․ ամռանը՝ շոգ, իսկ գարնանը հաճախակի ավազամրրիկներով։ Տարեկան տեղումների միջին քանակը 135 մմ է, գրեթե հիմնական տեղումները դեկտեմբեր-ապրիլ ամիսներին են։
Պատմություն
Քերման անունով երկրամասը հիշատակվում է դեռ Դարեհ I-ի արձանագրություններում[12]։ Քերման քաղաքը հիմնադրվել է Պարսկաստանի Սասանյանների հարստության հիմնադիր Արտաշիր Ա թագավորի կողմից Բեհ-Արտաշիր անվան տակ` որպես պաշտպանական հենակետ[12]։ Սասանյան Պարսկաստանում քաղաքը չուներ մեծ նշանակություն, իսկ Քիրման երկրամասի մայրաքաղաքը Սիրջան քաղաքն էր[12]։
Մ.թ. 642 թվականին Նահավանդի ճակատամարտում Սասանյան վերջին թագավոր Հազկերտ Գ-ի պարտությունից հետո քաղաքն անցել է արաբական տիրապետության տակ։ Քերմանի բնակչության հիմնական մասը մինչև 8-րդ դարի սկիզբն ընդունել է մահմեդականություն, սակայն ստվար զրադաշտական համայնքը պահպանվել է և կարևոր դեր խաղացել քաղաքի պատմության մեջ ընդհուպ մինչև 18-րդ դարը[12]։ Արաբական աղբյուրներում քաղաքն արդեն հիշատակվում է Քերման անվան տակ։
Սեֆյանների օրոք, որոնց վերահսկողության տակ քաղաքն անցավ 1502 թվականին, Քերմանն արդեն նահանգի վարչական կենտրոնն էր[11]։ Սեֆյան Պարսկաստանի թուլացման արդյունքում քաղաքը 18-րդ դարի սկզբում ենթարկվել է ասպատակությունների` 1716 թվականին բելուջների, իսկ 1719-1721 թվականներին և 1747 թվականին՝ Ղանդահարի աֆղանների կողմից[13][14]։
1794 թվականին քաղաքը՝ որպես Զենդյան հարստության վերջին հանգրվան, պաշարվեց Ղաջարական հարստության հիմնադիր ապագա շահ Աղա Մոհամմադ խան Ղաջարի զորքերի կողմից։ Մի քանի ամիս տևած պաշարումից հետո քաղաքը գրավվեց և ավերվեց[15]։ Քերմանը երեք ամսով տրվեց զորքերի թալանին, տղամարդկանց մեծ մասը սպանվեց կամ կուրացվեց, կանայք և երեխաները ստրկացվեցին[15]։ Քաղաքը վերականգնվեց 19-րդ դարի սկզբում Ֆաթհ Ալի շահի օրոք[11]։
Տնտեսություն
Քերմանի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության վրա։