Հաճախակի կողմնակի ազդեցություններից են ոսկրածուծի ֆունկցիայի ընկճումը, լսողության խանգարումները, երիկամի խնդիրները և փսխումը[1][2]։ Այլ լուրջ կողմնակի ազդեցություններից են համրությունը, քայլելու դժվարությունը, ալերգիկ ռեակցիաները, էլեկտրոլիտների մակարդակի խախտումները և սրտի հիվանդությունները[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը կարող է վնասել երեխային[1]։ Ցիսպլատինը պլատինի հիմքի վրա հակաուռուցքային դեղամիջոցների շարքին է պատկանում[1]։ Այն միանում է ԴՆԹ-ին և խաթարում է նրա կրկնապատկումը[1]։
Ցիսպլատինն առաջին անգամ հայտնաբերվել է 1845 թվականին և լիցենզավորվել է բժշկական կիրառության համար 1978/1979 թվականներին[1][3]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[4]։ Զարգացող երկրներում արժեքը տատանվում է 5.56$-ից մինչև 7.98$ 50 մգ-ի համար[5]։ Մեծ Բրիտանիայում այն արժի մոտ £17[6]։
Ցիսպլատինը մասնակի արդյունավետ է ամորձիների քաղցկեղի դեմ, նրա կիրառությունը մեծացրել է բուժման տոկոսը 10%-ից մինչև 85%[8]։
Կողմնակի ազդեցություններ
Ցիսպլատինը ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, որոնք սահմանափակում են նրա կիրառությունը։
Նեֆրոտոքսիկություն (Երիկամի վնասում)՝ լուրջ խնդիր է[1]։ Երկամի ֆունկցիայի խանգարման դեպքում դեղաչափը պետք է իջեցնել։ Երիկամի վնասումից խուսափելու համար հիվանդը պետք է ստանա հեղուկի ադեկվատ քանակ[1]։ Ամոֆիստինը կարող է այդ խնդիրները կանխարգելել[9]։ Նեֆրոտոքսիկությունը դեղաչափ-կախյալ ազդեցություն է[1]։
Նեյրոտոքսիկություն (նյարդերի վնասում)՝ կարելի է հայտնաբերել նյարդերի հաղորդականության հետազոտություններ անցկացնելով։ Ցիսպլատինի բնորոշ նյարդաբանական կողմնակի ազդեցություններից են տեսողական պերցեպցիան և լսողության խանգարումները, որոնք կարող են սկիզբ առնել բուժումը սկսվելուց ոչ շատ ժամանակ անց[10]։ ԴՆԹ կրկնապատկման վրա ազդելով, ցիսպլատինը խթանում է ապոպտոզը և դեռ հայտնի չէ դրա հնարավոր կապը նյարդային համակարգի կողմնակի ազդեցությունների հետ։ Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ ցիսպլատինը արգելակում է արխեպիտալ, թաղանթի հետ կապված մեխանոզգայուն նատրիում-ջրածին իոնային փոխադրիչը, որը հայտնի է որպես NHE-1[10]։ Այն հայտնաբերվում է ծայրամասային նյարդային համակարգի բջիջների վրա, որոնք կապված են բազմաթիվ լսողական և տեսողական ընկալիչների հետ։ Այդ ազդեցությունը կապված է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խանգարման և բջջակմախքի վնասման հետ, ինչը հաստատվել է և in vitro և in vivo փորձերով։ Սակայն, NHE-1 արգելակումը հայտնաբերվել է, որ դեղաչափ կախյալ է (կիսաարգելակումը = 30 µg/mL) և դարձելի[10]։
Օտոտոքսիկություն (լսողության կորուստ)՝ ներկայումս չկա այս կողմնակի ազդեցությունը կանխարգելող միջոց, որը կարող է լինել շատ ծանր։ Օտոտոքսիկության ծանրությունը պարզելու նպատակով կարող է անհրաժեշտ լինել կատարել աուդիոմետրիա։ Այլ դեղերը (ամինոգլիկոզիդային հակաբիոտիկները) նույնպես կարող են առաջացնել օտոտոքսիկություն, ինչի պատճառով ցիսպլատին ստացող մարդկանց դեպքում այդ դեղերի օգտագործումը սահմանափակվում է։ Ցիսպլատինի և ամինոգլիկոզիդների օտոտոքսիկությունը կարող է կապված լինել ներքին ականջի անոթային զոլի մելանինը կապելու հետ, կամ թթվածնի ռեակտիվ տեսակներ առաջացնելու հետ։
Էլեկտրոլիտային խանգարումներ՝ Ցիսպլատինը կարող է առաջացնել հիպոմագնեզիումեմիա, հիպոկալեմիա և հիպոկալցեմիա։ Հիպոկալցեմիան առաջանում է պլազմայի մագնեզիումի ցածր մակարդակով մարդկանց մոտ, ինչը առաջացել է Ցիսպլատինի կիրառման պատճառով։
Հեմոլիտիկ սակավարյունություն՝ կարող է առաջանալ ցիսպլատինի մի քանի կուրս օգտագործելուց հետո։ Առաջարկվել է տարբերակ, որ հեմոլիզ առաջանում է էրիթրոցիտի թաղանթի վրա հակամարմինների ազդեցության պատճառով[11]։
Ֆարմակոլոգիա
Ցիսպլատինը ազդում է ԴՆԹ կրկնապատկման վրա և սպանում է ամենաարագ բազմացող բջիջները, որոնք սովորաբար լինում են քաղցկեղային։ Օգտագործումից հետո կատարվում է հիդրատացիա՝ քլորի մեկ իոնը դուրս է մղվում և փոխարինվում է ջրի հետ՝ առաջացնելով ջրային համալիր՝ ցիս-[PtCl(NH3)2(H2O)]+։ Քլորիդի դիսոցումը բջջի ներսում լավ է կատարվում, որովհետև քլորի իոնների կոնցենտրացիան բջջի ներսում կազմում է արտաբջջային տարածության քլորի իոնների կոնցենտրացիայի (100 mM) 3–20% մասն է կազմում[12][13]։
ԴՆԹ-ի վրա Ցիս-[PtCl(NH3)2(H2O)]+ միացության կազմում գտնվող ջրի մոլեկուլը փոխարինվում է N-հետերոցիկլիկ հիմքերով։ Գուանինը ընտրողաբար է կապվում։ [PtCl(guanine-DNA)(NH3)2]+ միացության առաջացումից հետո կապումը կարող է տեղի ունենալ այլ քլորի իոնի դուրսմղման ճանապորհով, որպես կանոն այլ գուանինով[14]։ Ցիսպլատինը փոխկապակցված է ԴՆԹ-ի հետ մի քանի ճանապարհներով և խանգարում է միտոզի ժամանակ բջջի կիսման գործընթացին։ Վնասված ԴՆԹ-ն ազդում է ԴՆԹ ռեպարացիայի մեխանիզմների վրա, որն իր հերթին ակտիվացնում է ապոպտոզը, երբ ռեպարացիան դառնում է անհնարին։ 2008 թվականին կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հաստ աղու քաղցկեղի ժամանակ ցիսպլատինով խթանված ապոպտոզը կախված է միտոքոնդրիալ սերինային պրոտեազա՝ Omi/Htra2-ից[15]։ Քանզի այդ երևույթը նկարագրվել է միայն հաստ աղու կարցինոմային բջիջների համար, դա դեռևս մնում է չպարզաբանվախ հարց, արդյո՞ք այլ կարցինոմաների դեպում առկա է Omi/Htra2-ով միջնորդված ապոպտոզ այլ հյուսվածքներում։
ԴՆԹ-ում հայտնաբերվող ամենաակնառու փոփոխություններից են 1,2-ներշղթայական կապերը՝ պուրինային հիմքերի հետ։ Դրանք ներառում են 1,2-ներշղթայական d(Գուանին, GpG) միացումներ, որոնք ձևավորում են միացումների մոտավորապես 90%-ը և ավելի քիչ՝ 1,2-ներշղթայական d(Ադենոզին, ApG) միացումներ։ 1,3-ներշղթայական d(GpXpG) միացումները տեղի են ունենում, սակայն առանց դժվարության կատարվում է նուկլեոտիդի կտրված հատվածի ռեպարացիա։ Այլ միացումները ներառում են ներշղթայական փոխկապակցված և ոչ ֆունկցիոնալ միացումներ, որոնք նպատակամղված են ցիսպլատինի ակտիվացմանը։ Բջջային սպիտակուցների հետ փոխազդեցությունը, հատկապես բարձր շարժունակության խմբի սպիտակուցների տեղամասում, պրոգրեսիվ մեխանիզմ է, թեև այն իր ազդեցության առաջնային մեթոդը չէ, այդուհանդերձ խանգարում է միտոզին։
Ցիսպլատինային կայունություն
Ցիսպլատինային քիմիոթերապիան բազմաթիվ քաղցկեղների բուժման անկյունաքարն է։ Սկզբնական ազդեցությունը բավականին ուժեղ է լինում, սակայն հիվանդների մեծ մասի մոտ հետագայում զարգանում է պլատինային ռեզիստենտության հիվանդություն։ Առաջարկվել են ռեզիստենտության բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից են բջջային կլանման փոփոխությունը, դուրսբերման փոփոխությունները, դեղի մեծացած թունավոր ազդեցությունը, ապոպտոզի ընկճումը և ԴՆԹ վերականգնման ուժեղացումը[16]։ Օքսալիպլատինը շատ ակտիվ է սիսպլատինային կայունություն ունեցող քաղցկեղների դեմ, սակայն քիչ ապացույցներ կան նրա կլինիկական արդյունավետության վերաբերյալ[16]։ Պակլիտաքսել դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել ցիսպլատինային կայունություն ունեցող քաղցկեղների բուժման համար, սակայն ազդեցության մեխանիզմը անհայտ է[17]։
Տրանսպլատին
Տրանսպլատինը՝ ցիսպլատինի տրանս իզոմերը ունի տրանս-[PtCl2(NH3)2] բանաձևը և չի ցուցաբերում ֆարմակոլոգիական օգտակար ազդեցություն։ Տրանսպլատինի թույլ հակաքաղցկեղային ազդեցության երկու մեխանիզմ է առաջարկվել։ Առաջինը՝ քլորի տրանս դիրքը օժտում է տրանսպլատինը մեծ ռեակտիվականությամբ, որի պատճառով տրանսպլատինը ապաակտիվանում է մինչև ԴՆԹ հասնելը, որտեղ այն պետք է ցուցաբերեր իր ազդեցությունը։ Երկրորդը՝ տրանսպլատինի ստերեո կառուցվածքը թույլ չի տալիս առաջացնել բնորոշ 1,2-ինտրաստրանդ-d(GpG), որը ցիսպլատինի դեպքում շատ է առաջանում[18]։
Մոլեկուլային կառուցվածք
Ցիսպլատինը քիմիական համալիր է՝ cis-[Pt(NH3)2Cl2][19][20]։ Ցիս նախածանցը ցույց է տալիս, որ այս միացությունը ցիս իզոմերն է երկու հայելային իզոմերներից[19][21]։ Այս մոլեկուլի քիմիական անվանումն է ցիս–երկամմիներկքլորպլատին, որտեղ երկու "մ" տառերը ցույց են տալիս ամոնիակի (NH3) լիգանդը, ի տարբերություն ամոնիակի, որի դեպքում օգտագործվում է 1 "մ"[22]։
Պատմություն
Ցիս-[Pt(NH3)2Cl2] միացությունը առաջին անգամ նկարագրվել է Միշել Պեյրոնի կողմից 1845 թվականին և երկար ժամանակ հայտնի է եղել որպես Պեյրոնի աղ[23]։ Կառուցվածքը պարզաբանվել է Ալֆրեդ Վերների կողմից 1893 թվականին[14]։ 1965 թվականին Բարնետ Ռոզենբերգը, Վան Քեմփը և այլք Միչիգանի համալսարանում հայտնաբերեցին, որ պլատինե էլեկտրոդներով էլեկտրոլիզից առաջանում է լուծելի պլատինային համալիր, որը արգելակում է Escherichia coli (E. coli) բակտերիայի կիսումը։ Բակտերիաների աճը շարունակվում էր, իսկ բաժանվումը արգելակված էր, արդյունքում բակտերիաները աճեցին մինչև իրենց չափը 300 անգամ գերազանցող երկարության[24]։ Ութանկյուն Pt(IV) համալիր՝ ցիս-[PtCl4(NH3)2], բայց ոչ տրանս իզոմերը խանգարում են E. coli բակտերիաների աճը։ Pt(II) համալիր ցիս-[PtCl2(NH3)2] ավելի արդյունավետ է աճը ճնշելու տեսանկյունից[25][26]։ Հետագայում հայտնաբերվեց, որ ցիս-[PtCl2(NH3)2] միացությունը ճնշում է սարկոմաների աճը առնետների մոտ[27]։ Այդ հայտնագործության հաստատումը և այլ փորձարկումները սկիզբ դրեցին ցիսպլատինի բժշկական կիրառությանը։ ԱՄՆ դեղերի և սննդի վերահսկողության ծառայությունը 1978 թվականի Դեկտեմբերի 19-ին թույլ տվեց օգտագործել ցիսպլատինը ձվարանի և ամորձիների քաղցկեղի դեմ[14][28][29]։ Անգլիայում և մի քանի այլ եվրոպական երկրներում թույլ տրվեց օգտագործել 1979 թվականից[30]։
Սինթեզ
Ցիսպլատինի սինթեզը սկսվում է կալիումի քառաքլորպլատինատից[31][32]։ Կալիումի յոդիդի մեծ քանակների ներկայությամբ ընթանում է ռեակցիա և առաջանում է քառայոդիդ։ Ամոնիակի հետ ռեակցիան առաջացնում է K2[PtI2(NH3)2] միացությունը, որը անջատվում է դեղին նյութի տեսքով։ Երբ ավելացվում է արծաթի նիտրատ, անլուծելի արծաթի յոդիդը անջատվում է որպես նստվածք, իսկ K2[Pt(OH2)2(NH3)2] միացությունը մնում է լուծույթում։ Կալիումի քլորիդի ավելացումը առաջացնում է վերջնական նյութը, որը նստվածքի ձևով անջատվում է[31][31]։
Տրանսպլատինի սինթեզի համար K2[PtCl4] միացությունը սկզբում վերածվում է Cl2[Pt(NH3)4] միացության՝ ամոնիակի հետ փոխազդելով։ Տրանս տարբերակը ստացվում է հետագայում քլորաջրածնական թթվի հետ փոխազդելով[31]։
↑Pruefer, Franz G.; Lizarraga, F.; Maldonado, V.; Melendez-Zajgla, Jorge (2008 թ․ հունիս). «Participation of Omi HtrA2 serine–protease activity in the apoptosis induced by cisplatin on SW480 colon cancer cells». J. Chemother. 20 (3): 348–54. doi:10.1179/joc.2008.20.3.348. PMID18606591.
↑Stordal, B.; Pavlakis, N.; Davey, R. (2007 թ․ դեկտեմբեր). «A systematic review of platinum and taxane resistance from bench to clinic: an inverse relationship». Cancer Treat. Rev. 33 (8): 688–703. doi:10.1016/j.ctrv.2007.07.013. hdl:2123/4068. PMID17881133.
↑Peyrone, M. (1844). «Ueber die Einwirkung des Ammoniaks auf Platinchlorür» [On the action of ammonia on platinum chloride]. Ann. Chem. Pharm. 51 (1): 1–29. doi:10.1002/jlac.18440510102.
↑Rosenberg, B.; Vancamp, L.; Krigas, T. (1965). «Inhibition of cell division in Escherichia coli by electrolysis products from a platinum electrode». Nature. 205 (4972): 698–699. Bibcode:1965Natur.205..698R. doi:10.1038/205698a0. PMID14287410.
↑Rosenberg, B.; Van Camp, L.; Grimley, E. B.; Thomson, A. J. (1967 թ․ մարտ). «The inhibition of growth or cell division in Escherichia coli by different ionic species of platinum(IV) complexes». J. Biol. Chem. 242 (6): 1347–52. PMID5337590.
↑Thomson, A. J. (2007). Christie, D. A.; Tansey, E. M. (eds.). The Discovery, Use and Impact of Platinum Salts as Chemotherapy Agent for Cancer. Vol. 30. էջեր 6–15. ISBN978-0-85484-112-7. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
↑Rosenberg, B.; Van Camp, L.; Trosko, J. E.; Mansour, V. H. (1969 թ․ ապրիլ). «Platinum compounds: a new class of potent antitumour agents». Nature. 222 (5191): 385–6. Bibcode:1969Natur.222..385R. doi:10.1038/222385a0. PMID5782119.