Տրուտնով (չեխ․՝ Trutnov, գերմ.՝ Trautenau. lidově Trauč[6]), քաղաք Չեխիայում՝ Հրադեց Կռալովեի մարզում, որի կազմի մեջ գտնվող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[7]։ Ընկած է Կրկոնոշե լեռնազանգվածի ստորոտին, Էլբայի վտակ Ուպա գետի ափին, մարզկենտրոնից մոտավորապես 40 կիլոմետր, երկրի մայրաքաղաք Պրահայից 118 կիլոմետր հեռավորության վրա[8]։ Զբաղեցնում է 10 332 հեկտար տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 30.234[9]: Տնտեսության հիմնական ճյուղերն են տեքստիլ արդյունաբերությունը (գլխավորապես վուշե գործվածքեղենի ու հագուստների արտադրությունը) և ապակեգործությունը։ Գործում է «Կրակոնոշ» գարեջրի գործարանը[10]։
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 1260 թվականին, ներկայիս անվանումով (սկզբնապես՝ գերմաներեն տարբերակով)՝ 1301 թվականին։ XIV դարի վերջերից գտնվել է Բոհեմիայի միապետների տիրապետության ներքո։ Բազմիցս հարձակումների է ենթարկվել, դիմակայել։ Հուսյան պատերազմների ժամանակ՝ 1421 թվականին, գրավվել է Յան Ժիժկայի զորքերի կողմից։ Երեսնամյա պատերազմի տարիներին շվեդները երկու անգամ՝ 1642 և 1647 թվականներին պաշարել են քաղաքը։
Արդյունաբերական առաջին ձեռնարկություններն այստեղ հինադրվել են XIX դարում. 1823 թվականին բացվել են կտավագործական մանուֆակտուրան և մետաքսաթելի ֆաբրիկան։ Մինչև 1945 թվականը քաղաքը հիմնականում բնակեցված է եղել գերմանացիներով, ներկայումս մեծամասնություն են կազմում չեխերը։
Այստեղ է 1817 թվականի մայիսի 18-ին ծնվել չեխ բանաստեղծ, գրող, հրապարակախոս, 1848—1849 թվականների չեխական հեղափոխության եռանդուն մասնակից Ուֆֆո Դանիել Հոռնը։
Քաղաքի պատմական կենտրոնը լավ պահպանվել է և գտնվում է պետության հովանու ներքո։ Ճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես Տրուտնովի կենտրոնական հրապարակում կանգնեցված, բարոկկո ոճի, 11 մետր բարձրություն ունեցող սյունը, Կույս Մարիամի եկեղեցին՝ իր 64-մետրանոց աշտարակով ու ընդարձակ սրահով, որը ներկայումս ծառայում է որպես համերգասրահ, Յան Նեպոմուցկուն ու Սուրբ ընտանիքը պատկերող արձանախմբերը։
Տրուտնովի մերձակայքում է գտնվում Յանսկե Լազնե հանրահայտ առողջարանը։
1974 թվականին Վացլավ Հավելը՝ Չեխոսլովակիայի և Չեխիայի Հանրապետության ապագա նախագահը, ինն ամիս աշխատել է «Կրակոնոշ» գարեջրագործարանում[11]։
Տրուտնովը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[[24].