Ռոսիա կինոթատրոն (Այրարատ), 1974 թվականին Երևանում շահագործման հանձնված կինոթատրոն։ Համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։ Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, ովքեր 1979 թվականին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի մրցանակի։ Սեփականաշնորհվել է 2004 թվականին։ 2006 թվականին կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում է կենտրոնի միայն մեկ գործառույթը՝ առևտուրը[1]։
Պատմություն
Նախկինում կինոթատրոնի տարածքում եղել է Երևանի ամենահին շուկաներից մեկը՝ «սև շուկան»։ 1970-1971 թվականներին Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի կինոթատրոնի կառուցման նախագիծը ներկայացվեց ճարտարապետների միության դատին, որը հաստատվեց Երևանի Քաղխորհրդի կողմից։ Նախագիծն իրականացնելու պատվերը տրվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին։
Շինարարական աշխատանքներն սկսվեցին 1970-ականների սկզբին։ Շինարարությունը դժվար էր ընթանում, քանի որ նախագիծը շատ մոդեռնիստական էր և շինարարների համար անսովոր։ Նախագծի հեղինակները նրանց աշխատանքը հեշտացնելու նպատակով պատրաստեցին կառույցի մեծ մանրակերտը[2]։
«Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։
Կինոթատրոնում ցուցադրվել են «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոնդ Քեոսայանի կողմից «Մոսֆիլմում» նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմը, «Վերադարձ դեպի Արարատ» և այլ ֆիլմեր։ 1978 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի է ունեցել համամիութենական կինոփառատոն։
2004 թվականին «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվել է, և սեփականատեր է դարձել «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը[3]։
Նույն նոյեմբերի 11-ին կինոթատրոնի մի հատվածում բացվել է «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնի առաջին մասնաշենքը, որը ներառում է սրճարան և առևտրի սրահներ[4]։
Շենք
«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ՝ 1600 և 1000 նստատեղով։ Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, եղել է ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ. «Ռոսիան» եղել է լիարժեք մշակութային կենտրոն։
Կինոթատրոնը բազմաֆունկցիոնալ համալիր էր` բաղկացած երեք հիմնական մասերից. չափսերով տարբեր, բայց միևնույն կաղապարով երկու դահլիճներ` 1600, 1000 նստատեղերով, դահլիճների տակ բաց տարածք, որտեղ տեղակայված են ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր։ Այս տարածքով կարելի էր անցնել նաև փողոցով` առանց կինոթատրոն մտնելու։ Հենց այս` դրսի ու ներսի կապն էլ համարվում է հետաքրքիր լուծումներից մեկը[2]։
Նախասրահը և բարը բաժանված էին միջնապատով, որը թափանցիկ էր` բացվող և փակվող (միջնապատի լայնությունը 10 մ էր, իսկ բարձրությունը՝ 3,5 մ)։ Միջնապատի վրա տեղադրված էին Հմայակ Բդեյանի կատարած քանդակները` դիմակների տեսքով։ Սրահները զարդարում էին նաև քանդակագործներ Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի, Օհան Պետրոսյանի և այլոց քանդակները[2]։
Կինոթատրոնն ուներ նույնիսկ այսօրվա համար ժամանակակից, շրջանաձև բար, իսկ թեյարանը կահավորված էր ռուսական ոճով` սեղանի վրա կային ինքնաեռներ, թխվածքները պատրաստվում էին տեղում[2]։
«Ռոսիա» կինոթատրոնի «вантовое перекрытие» կոչվող կախովի ծածկը Հայաստանում ստեղծվեց առաջին անգամ։ Կինոթատրոնի՝ Տիգրան Մեծի փողոցին նայող հատվածում ծածկը 40 մետր լայնություն և 60 մետր երկարություն ունի, այն կախված է առանց որևէ հենարանի։
Անվանում
Կինոթատրոնը պետք է անվանվեր «Այրարատ» կամ «Նոյան Տապան», սակայն անվանվեց «Ռոսիա»։ Հետագայում՝ Հայաստանի անկախության առաջին տարիներին այն վերանվանվեց «Այրարատ»։ 2006 թվականին շենքի սեփականատերը Հայաստանի անկախության առաջին տարիներին «Այրարատ» վերանվանված կենտրոնը կրկին անվանել է «Ռոսիա»։