Ռաֆ սուրճ (հպվ.՝ «Ռաֆ»), Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այլ պետություններում տարածված սրճային ըմպելիք՝ ի հայտ եկած 2000-ական թվականների վերջում։ Պատրաստվում է մեկ բաժին էսպրեսոյին ոչ մեծ քանակությամբ փրփուր (0,5 սմ) պարունակող, գոլորշու վրա տաքացրած սերուցք ավելացնելու միջոցով։ Լատտեից ունեցած հիմնական տարբերությունը կաթի փոխարեն սերուցք կիրառելն է և վանիլային շաքարավազի օգտագործումը։ Հազվադեպ մատուցվում է օշարակով։
Պատրաստման եղանակը հետևյալն է. ափսեի մեջ նախ լցվում է սուրճի համար նախատեսված տարատեսակ օշարակ, այնուհետև 35 մլ էսպրեսո[1]։ Այնուհետև ավելացվում է 15 %-ից ոչ ավելի յուղայնությամբ տաքացրած սերուցքը՝ ավելացնելով վանիլային շաքարավազ, բոլոր բաղադրիչները կաթնամանի մեջ[2] տաքացվում են մինչև 65°: Երբեմն պատրաստի ռաֆի վրա ցանում են աղացած դարչին[3]։ Գոյություն ունեն ըմպելիքի պատրաստման տարատեսակ եղանակներ՝ տարատեսակ բաղադրիչների՝ ալկոհոլի, մեղրի փոխարեն շաքարավազի, լավանդայի և այլ բաղադրիչների ավելացմամբ։
Լեգենդի համաձայն՝ ռաֆ սուրճն առաջացել է 1996-1997 թվականներին [4] մոսկովյան սրճարաններից մեկում արված փորձարկումների արդյունքում։ Սրճարանի՝ Ռաֆայել անվամբ հաճախորդը հրաժարվեց սովորական սրճային ըմպելիքներից, և բարմենի փորձարկման արդյունքում հայտնվեց ավելի փափուկ և քաղցր համով ըմպելիք, քան սովորական սրճային ըմպելիքներն էին՝ կաթով[4] պատրաստված։ Ավելի ուշ այն հաճախորդները, ովքեր հավանեցին նոր ըմպելիքը, սկսեցին բարմենից խնդրել իրենց մատուցել «սուրճ ինչպես Ռաֆին»[1], և աստիճանաբար անվանումը կրճատվեց մինչև «Ռաֆ սուրճ» կամ ուղղակի «Ռաֆ»։ Աստիճանաբար, բարմենների՝ այլ սրճարաններ տեղափոխվելով՝ այս ըմպելիքն սկսեց մատուցվել նաև այնտեղ՝ մեծ տարածում գտնելով Ռուսաստանի[4] բոլոր սրճարաններում։ Խիստ տարածված սրճային ըմպելիք է համարվում Մոսկվայում[5][6] և Ռուսաստանում[1]։ 2018 թվականին ռաֆ սուրճը տարածվում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս. սրճարաններն այն պատրաստում են Ուկրաինայում[7] և Ղազախստանում, Բելառուսում[8]։ ԱՊՀ սահմաններից դուրս ռաֆ սուրճը գործնականում հայտնի չէ[4] (քանի որ rough coffee [rʌf ˈkɔːfi] արտասահմանյան սրճարաններում անվանում են կոշտ աղացած սովորական սուրճ, որը որոշ սրճարանների կողմից գնահատվում է իր յուրահատուկ դառը համի համար[9]), չնայած ըստ որոշ տվյալների՝ այս խմիչքը պատրաստում են որոշ չեխական սրճարաններում[10] և նույնիսկ Ինդոնեզիայում[11]։
Ռուսական որոշ սրճարանների փորձագետներ ռաֆ սուրճը քննադատում են այն պատճառով, որ սերուցքի և վանիլային շաքարավազի համն իր մեջ խեղդում է էսպրեսոյի անուշահոտությունը, սակայն նաև խոստովանում են, որ այս սրճային ըմպելիքը հանդիսանում է սրճարանային նորարարություններից մեկը, որը ծագումով Ռուսաստանից է[4]։ Բացի այդ, բավականին քաղցր ըմպելիքի հայտնի լինելու փաստը մատնանշվում է նրանց կողմից որպես ռուսաստանյան սրճարանային մշակույթի[12] բնորոշիչ գիծ։