Մհեր Մանուկի Աբեղյան (հունվարի 26, 1909(1909-01-26)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 20, 1994(1994-11-20)[3], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։ Մանուկ Աբեղյանի որդին։ Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկումում (1927-1930) և Լենինգրադի Պրոլետարիատի, կերպարվեստի (1930-1931) ինստիտուտներում։ 1937-1945 թվականներին դասավանղել է ԵԳՍԻ թվականներում, 1954-1959 թվականներին՝ ԵԳԹԻ-ում։ 1939-1945 և 1967-1968 թվականներին եղել է ՀՆՄ վարչության նախագահ։ Նկարազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը (1939), Վախթանգ Անանյանի «Արագիլներ» (ռուսերեն, 1952), Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն» (1953), Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին և փարոսի» (1953) և այլ գրքեր։ Ուշագրավ են հատկապես Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի (1959) նկարազարդումները[4]։
Մհեր Աբեղյանի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ՝ ՀԱՊ)։
Մհեր Աբեղյանի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են՝ «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982)։
Մհեր Աբեղյանի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը։
1939 թվականին նկարազարդել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք տեքստը։ 1940-ականներից ստեղծել է տարբեր ժանրի բազմաթիվ գործեր՝ կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, Հայաստանը ներկայացնող բնանկարներ, որոնցից լավագույնները սեփականությունն են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի թանգարանների։
Աբեղյանի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով։ Աբեղյանի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։ Գրաֆիկայում Աբեղյանը առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի և այլն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարբեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների։
Բարձր են գնահատվել հատկապես՝ «Երևանյան նատյուրմորտ», «Կիրովականի լեռները», «Նռներով նատյուրմորտ», «Բյուրականի սարերում», «Բջնի» և այլ բնանակարները, «Լուսիկ Աբեղյանի դիմանակարը» և այլն[12]։
Ցուցահանդեսներ
Երևանում և այլ քաղաքներում ունեցել է անհատական մի քանի ցուցահանդեսներ։
Ունեցել է մանկավարժական բեղուն գործունեություն. 1937-1945 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[13]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 24)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!