Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թվական), Նինան (Միխայիլ Լերմոնտովի«Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան)։ Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ[2]։
Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։ Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. Շուրա (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշներ»), Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա (Վիլյամ Շեքսպիրի«Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»), Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից», վերջին դերը) և այլն[3][4]։
Ստեղծագործական կյանքի բարձունքին Սիմոնյանը խաղացել է Նաստասյա Ֆիլիպովնայի (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու«Ապուշը» վեպի) դերը, որն իր հոգեկերտվածքով բացառիկ անհատականություն է համաշխարհային գրականության կանանց կերպարների շարքում։ Դերասանուհու մարմնավորած Նաստասյա Ֆիլիպովնան հակասությունների շիկացած հանգույց էր. նրա կերպարում շեշտված էին սերն ու ատելությունը, հոգու վսեմությունն ու խռովքը, հաշտվողականությունն ու ընդվզումը, ազնվությունն ու անառակությունը։ «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում», – ասել է ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը։