Մեհմեդ Վեհիբ փաշա (թուրքերեն՝ Mehmed Vehip Paşa, 1877[1], Յանինա - հունիսի 13, 1940(1940-06-13)[2], Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զորքերի Հյուսիսային խմբի (գործել է Դարդանելում), իսկ պատերազմի վերջին՝ Կովկասյան ճակատի հրամանատար։ 1917 թվականի դեկտեմբերի 15-ի Բրեստի զինադադարի կնքումից հետո, երբ պարզ է դառնում, որ Արևմտյան Հայաստանը մնալու է Թուրքիայի տիրապետության տակ, դիմում է Անդրկովկասյան կոմիսարիատին՝ առաջարկելով «փոխադարձ արդարության» հիման վրա հաշտություն կնքել Թուրքիայի և Հարավային Կովկասի միջև, սակայն 1917 թվականի հունվարի 30-ին հարձակում է սկսում կովկասյան ճակատում՝ իր իսկ պնդմամբ «հայկական բռնություններից մուսուլմանների շահերի պաշտպանության» պատրվակով։ 1918 թվականի փետրվարի 14-ին Վեհիբ փաշայի զորքերը զավթում են Երզնկան, փետրվարի 24-ին՝ Տրապիզոնը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Սարդարապատի մոտ պարտության է մատնվում հայկական զորքերի կողմից։ Խալիլ և Նուրի փաշաների հետ կազմակերպել է հայկական կոտորածներ Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։
1919-20 թվականների Երիտթուրքերի դատավարության ժամանակ վկայել է, որ պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու հարցը վճռվել է «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտկոմում։ Եղել է քեմալական շարժման հակառակորդ, ինչի համար 1923 թվականին հեռացվել է բանակից և զրկվել քաղաքացիությունից։ Մինչև 1939 թվականը եղել է վտարանդու կարգավիճակում։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վեհիբ փաշա կատեգորիայում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Ծանոթագրություններ