986 թավակից Դանիայի և 1000 թվականից Նորվեգիայի թագավորի տիտղոսը կրող Կանութ Դանիացին (հայտնի է նաև Սվեն Երկարամորուս անվամբ) 1013 թվականին արշավում է Բրիտանիա։ Նրա որդին և օրինական իրավահաջորդը հանդիսացող Կնուդ I-ը, ով հետագայում ստանում է «Մեծ» պատվանունը, նվաճում է անգլիական թագը և միավորում երեք թագավորությունները։ Նրա մահից հետո՝ 1035 թվականին, Հյուսիսծովյան կայսրությունը վերստին կազմալուծվում է, սակայն հաջորդ արքա Հարդեկնուդի միավորիչ գործունեության արդյունքում երեք թագավորությունները շարունակում են կառավարվել վիկինգյան Քնյութլինգների արքայատոհմի ներկայացուցիչների կողմից։
1042 թվականին մահանում է Հարդեկնուդը և հենց նույն տարում էլ միացյալ թագավորությունն անկում է ապրում։ Հարդեկնուդը դառնում է Անգլիայում և Շոտլանդիայում իշխած վերջին սկանդինավյան միապետը։
Արքայազն ԿնուդըԿանութ Դանիացու (նույն ինքը՝ Սվեն Երկարամորուս («Ֆորկբերդ»)) կրտսեր որդին էր, որն էլ հոր մահից հետո ժառանգելու էր Դանիայի թագավորության գահը։ Կնուդը վախճանվում է 1014 թվականիփետրվարի 3-ին՝ Անգլիա ներխուժման ժամանակ։ Այդ արշավանքի ընթացքում Կնուդին վստահված էր հարավային Անգլիայի Թրենթ գետի վրա տեղակայված դանիական նավահանգստի առաջնորդությունը։ Նախքան ներխուժումը՝ Սվեն Երկարամորուսը դաշնակցային կապեր էր հաստատել Լինդսի թագավորության հետ և վերջինս էլ դանիացի արքային խոստացել էր արշավանքի ընթացքում միանալ վիկինգների ինտերվիստական բանակին և ձիեր տրամադրել հեծելազորին։ Ռազմական գործողությունների ամենաթեժ պահին Լինդսի ազնվականները դրժում են իրենց խոստումը, իսկ անգլիական բանակները կարողանում են դուրս բերել Կանութ Դանիացու զորախմբերը իրենց երկրի տարածքից։ Երկարամորուսի՝ դեպի Անգլիա ձախողված արշավանքից հետո Անգլիայում վերահաստատվում է Էթելրեդ II-ի իշխանությունը[4]։
Հոր եղերական մահվանից հետո Դանիայի թափուր գահին ավագության իրավունքով բազմում է Հարալդ Սվենսոնը՝ Սվեն Ֆորնկբերդի որդին։ Պարտությունից հետո թագավորանիստ Ռիբե չվերադարձած Կնուդը ստանում է Նորվեգիայի վասալական տերության գահակալ Էյրիկ Հակոնսսոնի օժանդակությունը և 1015 թվականի ամռանը նոր նավատորմով վերադառնում Բրիտանիա թերակղզի։ Չորս ամիս անց Անգլիայի արքայազններից մեկը համագործակցություն է սկսում վիկինգ ինտերվիստների հետ և իր ձեռքում կենտրոնացնում «Արևմտյան սաքսոնյան թագավորության»՝ Ուեսեքսի իշխանությունը։ Նմանօրինակ վճռական իրադարձությունների պայմաններում մահանում է գործող արքան․ լոնդոնցիները որպես իրենց գերիշխան ճանաչում են մահացած արքայի որդուն՝ Էդմունդ Երկաթակողին, մինչդեռ Սաութհեմփթոնում տեղի ունեցած ժողովի ընթացքում անգլիական և շոտլանդական ազնվականության ճնշող մասն իր հավատարմության երդումն է տալիս Դանիայի արքայազն Կնուդին։ Շուտով Կնուդի բանակը ձեռնամուխ է լինում Լոնդոնի պաշարմանը, սակայն ռազմավարական նկատառումներից ելնելով արքայազնը զորաշարժ է սկսում դեպի Ուեսեքս։ Նախքան վճռական ճակատամարտի մեկնվելը՝ հյուսիսաբնակները ջախջախում են անգլիական բանակը Օթֆորդի դաշտում։ Եզրափակիչ ճակատամարտը տեղի է ունենում Ասսանդունում՝ պատմական Էսսեքսի տարածքում, որտեղ ևս նախաձեռնությանը տիրում են վիկինգները։ Արդյունքում՝ կողմերը սկսում են հաշտության բանակցություններ, որի արդյունքում էլ կնքվում է անգլո-դանիական պայմանագիր։ Համաձայն դրա՝ Էդմունդ Երկաթակողը ստանում էր Ուելեքսի երկրամասը, իսկ Թեմզայից հյուսիս ընկած բոլոր անգլիական տարածքներն անցնում էին արքայազն Կնուդին։ Սակայն իրադարձություններն էլ ավելի բարենպաստ ելք են ունենում վիկինգների համար, քանի որ 1016 թվականի նոյեմբերի 30-ին Էդմունդը մահանում է՝ Անգլիայի թագը թողնելով օտար նվաճողին։
Փորձելով ամրացնել իր իշխանությունը՝ 1017 թվականին Կնուդն ամուսնանում է Էթելրեդի այրու՝ Էմմայի հետ։ Սա հյուսցի նվաճողի երկրորդ ամուսնությունն էր անգլիացի ազնվական տիկնոջ հետ։ Լոնդոնցիների դրամական միջոցներն օգտագործելով՝ Կնուդը վերակազմում է իր նավատորմը և լիիրավ կերպով ճանաչվում Անգլիայի թագավոր[5]։
Թագավորական իշխանության ամրապնդում
1018 (կամ 1019) թվականին անժառանգ մահանում է արքա Հարալդը՝ երկիրը թողնելով առանց թագավորի։ Կնուդը, փաստացիորեն, գահի հաջորդ օրինական ժառանգն էր և իր անօտարելի իրավունքին տեր կանգնելու համար վերջինս մեկնում է հայրենի երկիր[6]։ Նախքան Ռիբե մեկնելը, Կնուդը նամակ է հղում Անգլիայի իր հպատակներին, ասելով որ իր՝ Լոնդոնը լքելու պատճառը սպասվելիք «վտանգի» կանխումն ու նախատեսված ապստամբությունների ճնշումն է։ Դանիական ժամանակագրություններից մեկի համաձայն՝ Անգլիայի գահին տիրելուց հետո, դանիացիները գահընկեց են անում Հարալդին և ընդունում Կնուդի գերիշխանությունը, սակայն, որոշ ժամանակ անց ստիպված են լինում վերադարձնել եղբայրներից ավագին՝ Դանիայից Կնուդ I-ի հաճախակի բացակայությունների պատճառով։ Կնուդը լիիրավ կերպով ստանձնում է Դանիայի իշխանությունը միայն եղբոր մահվանից հետո[7]։
Նորվեգիայի թագավոր Օլաֆ II Հարալդսոնը և Շվեդիայի արքա Անունդ Յակոբը Անգլո-դանիական թագավորությունը դիտարկում էին որպես իրենց երկրների ինքնիշխանության պահպանման առջև առկախ լուրջ սպառնալիք։ Փորձելով չեզոքացնել այդ սպառնալիքը՝ վերջիններս Կնուդի Անգլիայում գտնվելու ժամանակահատվածում միացյալ ուժերով ռազմախուժում են Դանիա։ Վերջիններիս զինակցությամբ է հանդես գալիս նաև ռեգենտ Ուլֆը։ Կնուդը, սակայն, անակնալ կերպով կարողանում է շրջափակել Նորվեգիայի ծովային ուժերը և մարտի բռնկվել շվեդական նավատորմի հետ։ Հելգեի ճակատամարտում անգլո-դանիական միացյալ ուժերը ջախջախում են շվեդներին՝ ազդարարելով ռազմարշավի ելքը։ Կնուդ I-ը այս ամենից հաստատում է իր թագավորության գերագահությունը վասալական կախման մեջ գտնվող Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունների նկատմամբ։ Հելգեի ծովամարտում ջախջախվելուց հետո Օլաֆը Հարալդսոնը թողնում է նորվեգական գահը և լքում երկիրը[8][9]։
1027 թվականին Կնուդը մեկնում է Հռոմ՝ Սուրբծննդյան տոնի նախօրեին դանիական թագի դեմ նորվեգա-շվեդական դավադրությանը սատարած Յառլ Ուլֆի սպանության մեղքը թոթափելու համար։ Հեռավոր այցի շրջանակներում վերջինս մասնակցում է նաև գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության գերիշխան Կոնրադ II-ի թագադրությանը։ Ավելի ուշ երկու երկրների բարեկամական հարաբերություններն ամրապնդվում են Սրբազան Հռոմեական կայսրության արքայազն Հենրիի և Դանիայի արքայադուստր Գունհիլդայի ամուսնությամբ առաջացած խնամիական կապերով։ Բացի այդ, որպես բարի կամքի դրսևորում՝ Կոնրադը Կնուդին է զիջում նաև գերմանացիների կողմից բռնազավթված Շլեզվիգի իշխանությունը, որը բուֆերային գոտի էր դանիացիների դեմ[10]։
Նորվեգական թագի նվաճում
Օլաֆ II-ը շարունակում է իշխանավարել Նորվեգիայում, քանի դեռ Յառլ Էրիկը Անգլիայում էր՝ Դանիայի արքա Կնուդ I-ի հետ միասին։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում Կնուդը դեռևս շարունակում էր թշնամանք տածել Նորվեգիայի միապետի նկատմամբ։ 1024 թվականին Կնուդը վերջնագիր է ներկայացնում Նորվեգիայի կառավարիչ Օլաֆին՝ պարտադրելով ընդունել Դանիայի գերագահությունը և ձեռք բերել վասալական տերության կարգավիճակ[10]։ Հելգեի ճակատամարտից հետո դանիացիներն անցնում են առավել վճռական քայլերի և 50 ռազմանավով արշավում են հյուսիսային հարևանի ուղղությամբ։ Արշավանքի կեսերին դանիական նավատորմը համալրում է ստանում, ինչն էլ Օլաֆին ստիպում է հեռանալ և պարփակվել Օսլո-ֆյորդում[11]։
Կնուդը և իր զորաբանակը շուտով ափ է դուրս գալիս Նորվեգիայում․ տեղի բնակչության մեծամասնությունն ընդունում է վերջինիս տիրապետությունը և հավատարմության երդում տալիս։ Նիդարոսում (այժմ հայտնի է Թրոնհեյմ անվամբ) Կնուդ I Մեծն օծվում է Նորվեգիայի թագավոր, ինչն էլ գործող միապետ Օլաֆին ստիպում է նահանջել և քաղաքական ապաստան խնդրել Շվեդիայում։ 1030 թվականին Օլաֆը վերադառնում է հայրենիք և փորձում վերականգնել իր իշխանությունը, սակայն սեփական երկրի բնակչությունը զորավիգ է լինում գործող օտար կառավարչին։ Կողմերի միջև առճակատման ժամանակ՝ Ստիկլաստադի ճակատամարտում, Օլաֆը զոհվում է։ Նորվեգիան ևս դառնում է Կնուդ I Մեծի ստեղծած ընդարձակ թագավորության մի մասնիկը։
Թագավորության վերելք
Հելգեի ճակատամարտից հետո Կնուդ I Մեծի ստեղծած վիկինգյան պետության տարածքները Բրիտանիա կղզուց՝ Թեմզա գետի ավազանից ձգվում էին արևմուտքում մինչև Զելանդիա՝ իր մեջ ներառելով Անգլիայի, արևմտյան Ուելսի, հարավային Շոտլանդիայի, Նորվեգիայի և Դանիայի տարածքը։ Նորվեգական թագի նվաճումից հետո ևս վիկինգների նվաճումները շարունակվում են, որի արդյունքում կարճ ժամանակում ձևավորվում է Հյուսիսծովյան կայսրությունը։
Թագավորական իշխանության զարթոնք
Նորվեգիայի նկատմամբ գերագահություն ստանալուց հետո, Կնուդը ներկայացնում է իր հավակնությունները Շվեդիայի մի մասի նկատմամբ։ Ինքնին, վերջինս Նորվեգիայի օկուպացիայից հետո շվեդական որոշ հատվածներ համարում էր իր թագավորության անքակտելի մասը։ Այդ ամենի մասին վկայում է արքայի կողմից հատած դրամները «Կնուդ՝ շվեդների արքա» մակագրությամբ։ Շվեդիայի պատմության նշյալ ժամանակաշրջանի նկարագրությունը բավականին անորոշ է և կծկտուր, և այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել (հաշվի առնելով արքայի հատած դրամը), որ Կնուդը իրապես տիրապետել է Շվեդական թագավորության տարածքի մի մասին։ Բացի այդ, իր կողմից հատված մետաղադրամներից մեկում Կնուդ Մեծը նաև նշել է Իռլանդիայի՝ իր թագավորության կազմի մեջ լինելու իրողության մասին։ Պատմական մատենագրությունները վկայում են այն մասին, որ Կնուդը բավականին բարյացակամ է տրամադրված եղել վենդերի (սլավոնների) նկատմամբ, ինչպես նաև դաշնակցային հարաբերություններ ունեցել լեհերի հետ։ 1022 թվականին նրա գլխավորած նավատորմը արշավում է Մերձբալթիկա և ասպատակում ափամերձ հողերը։
Հռոմից վերադառնալուց անմիջապես հետո, Կնուդը իր զորաշարժ է իրականացնում դեպի Շոտլանդիա։ Արդյունքում՝ Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ II-ը, ինչպես նաև կղզիներում իշխող ևս երկու արքաներ վասալական կախվածություն են ձեռք բերում։ Այդ արքաներից մեկը Դուբլինի արքա Էխմարկախ մակ Ռագնայիլն էր, որի իշխանության ոլորտում Մեն կղզին էր։ Դանիացիներին հարկատու էին նաև Բրիտանիա կղզու հարավ-արևմուտքում բնակվող ուելսցիները։ Ըստ իսլանդական սկզբնաղբյուրներից մեկի՝ Կնուդ I Մեծը կրում էր «Դաների արքա, իռլանդացիների արքա, անգլիացիների արքա և իսլանդացիների արքա» տիտղոսները։ Այդ կերպ իսլանդական աղբյուրները հավաստում են, որ Կնուդ I-ի բանակները հնարավոր է, որ իշխել են նույնիսկ հեռավոր Իսլանդիա կղզում։
↑Andreas D. Boldt, Historical Mechanisms: An Experimental Approach to Applying Scientific Theories to the Study of History (Routledge, 2017), pp. 125 and 196.
↑Terence R. Murphy, "Canute the Great", in F. N. Magill, ed., Dictionary of World Biography, Volume 2: The Middle Ages (Routledge, 1998), pp. 201–205.
↑Laurence Marcellus Larson, Canute the Great: 995 – c. 1035 and the Rise of Danish Imperialism During the Viking Age, New York: Putnam, 1912, OCLC223097613, p. 257.
↑Stenton, p. 399: "It is with the departure of the Danish fleet and the meeting at Oxford which followed it that Cnut's effective reign begins".
↑Palle Lauring, tr. David Hohnen, A History of the Kingdom of Denmark, Copenhagen: Høst, 1960, OCLC5954675, p. 56.
↑Edward A. Freeman, The History of the Norman Conquest of England: Its Causes and its Results, Volume 1 Oxford: Clarendon, 1867, p. 404, note 1.
↑Jim Bradbury, The Routledge Companion to Medieval Warfare, London: Routledge, 2004, 0-415-22126-9, p. 125.
↑Philip J. Potter, Gothic Kings of Britain: The Lives of 31 Medieval Rulers, 1016–1399, Jefferson, North Carolina: McFarland, 2009, 978-0-7864-4038-2, p. 12.
↑ 10,010,1Viggo Starcke, Denmark in World History, Philadelphia: University of Pennsylvania, 1962, p. 282.
↑Herbert A. Grueber and Charles Francis Keary, A Catalogue of English Coins in the British Museum: Anglo-Saxon Series, Volume 2, London: Trustees [of the British Museum], 1893, p. lxxvii.