«Կլեոպատրա և Կեսար» (ֆր.՝ Cléopâtre et César, ինչպես նաև «Կլեոպատրան Կեսարի առջև» (ֆր.՝ Cléopâtre devant César)), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։
Պատմական համատեքստ
Ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Ժան Լեոն Ժերոմը (1824-1904) բազմիցս ճանապարհորդել է ամբողջ Մերձավոր Արևելքում, մասնավորապես շատ անգամներ եղել է Եգիպտոսում՝ լինելով 19-րդ դարի ակադեմիզմի գեղանկարչական ուղղության առաջատարներից մեկը, որ մասնագիտացած էր օրիենտալիստական ու պատմական գեղանկարչության մեջ[1]։ Նեոդասականության վերջում և իմպրեսիոնիզմի զարգացման շրջանում Ժերոմը, որ հայտնի էր ֆրանսիական արիստոկրատիայի շրջանում, շարունակում էր նկարել իրատեսական ոճով և լուսանկարչական ճշգրտությամբ նկարներ։ Նա հայտնի էր դարձել մերկ ստրուկների, հարեմների տեսարաններով, հասարակ ժողովրդի կենցաղը և այլ կերպարներ պատկերող կտավներով, որոնք մարմնավորում էին Արևելքի կարծրատիպերը՝ որպես զգացմունքայնության, բարոյալքման և դաժանության խառնուրդ[2][3]։
Ստեղծում և ճակատագիր
1860 թվականի դեկտեմբերին ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեն Ժան Լեոն Ժերոմին ուղարկված նամակում առաջին անգամ նրան առաջարկել է ստեղծել նկար Կլեոպատրիայի և Կեսարի հարաբերությունների թեմայով[4][5]։ Ժերոմի նկարի համար որպես հիմք է վերցրել նրանց հանդիպման տեսարանը, որը նկարագրված է հույն պատմիչ Պլուտարքոսի (46-127) «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության մեջ՝ գրված այդ իրադարձությունից ավելի քան մեկ դար հետո[6]։ Ըստ Ռայսի համալսարանի պատմաբան Ջորջ Ուայտինգի տվյալների՝ երբ 1857 թվականին Ժերոմն այցելել է Եգիպտոս, «նա ձեռք է բերել տեղական կոլորիտի բազմաթիվ տարրեր և ճշգրիտ մանրամասներ», որոնք հետագայում նրան օգնել են նկարի վրա աշխատելիս[7]։ Նկարի պատվիրատուն հարուստ կուրտիզանուհի Պաիվան էր, որը մտադիր էր այն կախել Ելիսեյան դաշտերի իր առանձնատանը[2]։
Հիմնական պատկերը նկարելուն նախապատրաստվելիս Ժերոմն արել է յուղաներկով առնվազն 2 նախնական աշխատանք և մի շարք ուրվանկարներ[8]։ Մի դեպքում Կլեոպատրան պառկել է գետնին՝ ձգվելով դեպի Կեսարի կողքին կքանստած Ապոլլոդորոսի կողմը։ Մյուս տարբերակում, որ նկարել է նախքան վերջնական տարբերակը, Կեսարը, ձեռքերը սեղանին դրած, նայում է Կլեոպատրիային։ 1866 թվականին ավարտած նկարում Ժերոմը փոխել է Կլեոպատրիայի դիրքը՝ նրան կանգնեցնելով Կեսարի առջև խոնարհված Ապոլլոդորոսի մոտ, իսկ Կեսարի կողքին նստած են 4 քարտուղարներ[8][9]։ Շարունակելով իր նկարներում բառախաղի ավանդույթը՝ Ժերոմը Կլեոպատրիայի գոտու ճարմանդի վրա պատկերել է առյուծի գլուխ՝ ակնարկելով իր անունը և սեռական հրապուրանքի սեփական զգացողությունը, ինչպես նաև տիկին Պաիվայի հակումները[8]։ Ֆիգուրաները պատկերված են բնական չափերի մոտավորապես կեսի չափով[4], նկարի չափսերն են 183 × 129,5 սմ[10]: Ժերոմը որպես հանդիպման ֆոն ընտրել է Դեյր էլ-Մեդինա տաճարի շենքը՝ նրա պատկերը վերցնելով «Եգիպտոսի նկարագրություն» (1809-1829) հրատարակությունից[11]։ Ամերիկացի արվեստագետ Էրլ Շիննի տվյալներով՝ սկզբում աշխատանքը յուղաներկով նկարված է եղել մետաքսի վրա նրա համար, որպեսզի Պաիվայի առանձնասենյակում «փոքրացնի կամ մեծացնի թափանցիկությունը երկար հյուրասենյակի կիսաճանապարհին»[2]։ Սակայն Պաիվային դուր չի եկել պատրաստի նկարը, և նա շատ բարձր գնով Ժերոմին է վերադարձրել այն[4]։ Դրանից հետո վերջինս ձևափոխել է այն՝ ամրության համար ավելացնելով ևս մեկ կտավ[3]։
Պաիվայի՝ նկարից հրաժարվելուց հետո այն գնել է Ֆրանսիայում 19-րդ դարի առաջատար արտ-դիլեր և «Goupil & Cie» ընկերության ղեկավար Ադոլֆ Գուպիլը (1806-1893)։ Ժերոմն Գուպիլի հետ առաջին անգամ հանդիպել է 1859 թվականին, իսկ 1863 թվականին ամուսնացել է նրա դստեր՝ Մարիի հետ[3]։ «Կլեոպատրա և Կեսար» նկարը Ժերոմի 3 աշխատանքներից մեկն է, որ 1866 թվականին ներկայացվել է Փարիզյան սալոնում և 1871 թվականին ցուցադրվել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այն կրել է «Կլեոպատրան գորգի մեջ փաթաթված մատուցվել է Կեսարին» (ֆր.՝ Cléopâtre apportée à César dans un tapis) անվանումը[12][13][14]։ Այն ժամանակ, երբ նկարը հայտնի էր նաև «Կլեոպատրան Կեսարի առջև» (ֆր.՝ Cléopâtre devant César) անվանումով[9], դարձել էր աշխարհահռչակ[8]։ 1881 թվականին աշխատանքը Ալբերտ Հերթլերի կողմից ձևակերպված էր բանկիր և բարերար Դարիուս Օգդեն Միլլսի պատկերասրահում (Միլբրե, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2]։ Ներկայումս «Կլեոպատրա և Կեսար» նկարը գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում[9]։
2012 թվականի նոյեմբերին Ժերոմի ուրվանկարներից մեկը 50 հազար ֆունտ ստերլինգով ներկայացվել է «Sotheby's» աճուրդում[8]։
Նկարագրություն
Նկարում պատկերված է մեր թվարկությունից առաջ 48 թվականի իրադարձություն. Եգիպտոսի 22-ամյա թագուհին՝ Կլեոպատրան, որը քաղաքացիական պատերազմի մեջ էր գտնվում իր կրտսեր եղբայր և կառավարչակից Պտղոմեոս XIII-ի հետ, կանգնած է հռոմեական զորահրամանատար Հուլիոս Կեսարի առաջ, որը ռազմական ուժի օգնությամբ գրավել էր նրա նախկին պալատը։ Ապոլլոդորոս ծառան, անցնելով հռոմեացի պահակների կողքով, Կլեոպատրային գորգի մեջ գաղտնի բերել է պալատ՝ Կեսարի մոտ։ Կլեոպատրան գրեթե անկշիռ հագուստով ու ոսկյա խոշոր զարդերով կանգնած է գորգի ամենածայրում և նայում է ուղիղ Կեսարին, կարծես փորձում է նրան հմայել։ Ճաղատ զորահրամանատարը սեղանի մոտ նստած է իր 4 քարտուղարների հետ՝ գրեթե անհետանալով ստվերում։ Կեսարը զարմանքով բարձրացրել է ձեռքը, որի տակ կարելի է հասկանալ իրավիճակն իր իրավասության տակ վերցնելու նրա մտադրությունը։ Ներկայացված նուբիացի Ապոլլոդորոսն ստրուկի դիրքով ծնկի է եկել՝ խոնարհվելով տիկնոջ գեղեցկության առաջ, որի մարմնավորումն է դարձել նրա թուխ մաշկի ու թագուհու թագավորական սպիտակության միջև եղած հակադրությունը։ Կլեոպատրան պատկերված է ուժեղ և հրապուրիչ, ինչի շնորհիվ էլ շուտով Կեսարին դարձրել է իր սիրեկանն ու համախոհը[2][8][15][16][17]։
Ընդունում
Ջորջ Մեյսոնի համալսարանի «The American Egyptomania» նախագծում նկարը ներկայացված է որպես եգիպտամոլության օրինակ, որ պարունակում է «ստրկություն, մերկություն և անկում»[2]։ Հետազոտող Լյուսի Հյուպերն այն նման է համարել Ժերոմի՝ ավելի վաղ ստեղծված «Ֆրինան Արեոպագոսի առջև» աշխատանքին (1861)[1]։ Այս նկարը և Էժեն Դելակրուայի «Կլեոպատրան և գյուղացին» (1838) աշխատանքը դարձել են 19-րդ դարում Կլեոպատրայի ամենահայտնի 2 նկարները[18]։
Ժերոմի և Գուպիլի մասնագիտական հարաբերությունները թույլ էին տալիս նրա նկարը դարձնել զանգվածային արտադրության օբյեկտ՝ փորագրանկարների և լուսանկարների տեսքով[3][19]։ Նկարը ոգեշնչման աղբյուր է դարձել կերպարվեստի, թատրոյի և կինոյի գործիչների համար, մասնավորապես Հոլլիվուդում[20]։ Նրա ազդեցությունը նկատելի է ամերիկացի նկարիչ Ռ. Հ. Իվա Գեմելլի «Սուլամիթայի երազանքը» (1934) աշխատանքի գաղափարի և կոմպոզիցիայի վրա[21]։ Ուայթինգը պնդում է, որ Ժերոմի աշխատանքն ազդել է իռլանդացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի«Կեսար և Կլեոպատրա» պիեսի վրա (1898), մասնավորապես 3-րդ գործողության գորգի տեսարանի վրա[7]։ Ժերոմի բազմաթիվ նկարներ ազդեցություն են ունեցել հնագույն պատմությունը ներկայացնող ֆիլմերի վրա[20]։
Պատմական անճշտություն
Պլուտարքոսի «Զուգահեռ վարքագրություններ» աշխատության թարգմանության մեջ, որ կատարել են Ջոն Լենգբորնն ու նրա եղբայր Ուիլյամը, և հրատարակվել է 1770 թվականին, նյութի նկարագրության մեջ, որով Կլեոպատրան թափանցել է պալատ, առաջին անգամ օգտագործվել է «գորգ» բառը՝ «խիտ նյութից գործվածք» իմաստով։ Միևնույն ժամանակ Պլուտարքոսը գրել է այն մասին, որ այժմ հայտնի է որպես ուսապարկ, սակայն գործածված բառի իմաստային փոփոխությունը լեգենդ է վերագրել գորգի մեջ թաքնված Կլեոպատրիայի մասին այլ իմաստով, որը պատմականորեն անստույգ է, սակայն ժամանակակից մշակույթում հայտնի է դարձել հիմնականում Ժերոմի շնորհիվ[6]։
Ծանոթագրություններ
↑ 1,01,1Lucy H. HooperLéon Gérôme. — The Art Journal, 1877. — Vol. 3. — P. 26–28.