Մաքս Պլանկի անվան մեդալ
Ֆրից Լոնդոնի հուշամրցանակ
Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Давидович Ландау,հունվարի 9 (22), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 1, 1968(1968-04-01)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ծագումով հրեա նշանավոր խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ (1946 թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։ Նրա ձեռքբերումները ներառում են գերհոսունության տեսությունը, դիամագնիսականության քվանտային տեսությունը, երկրորդ կարգի փուլային անցումների տեսությունը, գերհաղորդականության Գինզբուրգ-Լանդաուի տեսությունը, խտության մատրիցի գաղափարի ներմուծումը ինչպես նաև որոշ ֆունդամենտալ ձեռքբերումներ քվանտային էլեկտրադինամիկայում։ 1962 թ. նա արժանացել է նոբելյան մրցանակի քվանտային հեղուկների բնագավառում կատարած հիմնարար աշխատանքների՝ հատկապես հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսությունը ստեղծելու համար։
1916-1920 թթ. Լանդաուն սովորել է Բաքվի գիմնազիայում։ 1920 թ.-ին ընդունվել է Բաքվի տնտեսագիտական տեխնիկումը և երկու տարի անց ավարտել այն։ 1922 թ.-ին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի միաժամանակ երկու ֆակուլտետ՝ ֆիզիկամաթեմատիկական և քիմիական։ 1924 թ.-ին տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հենց այստեղ էլ 1926 թ.-ին հրատարակել է իր առաջին գիտական աշխատանքը՝ «Երկատոմ մոլեկուլների սպեկտրների տեսության վերաբերյալ»։ 1927 թ.-ի հունվարի 20-ին ավարտել է համալսարանը և նույն թվականին ընդունվել Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նա ներգրավվեց Յ. Ի. Ֆրենկելի ղեկավարած տեսաբանների խմբի մեջ։ Լանդաուից բացի խմբի մեջ մտան նաև Վ. Ա. Ֆոկը, Դ. Դ. Իվանենկոն և Մ. Պ. Բրոնշտեյնը։ 1927 թ.-ի ընթացքում «Ճառագայթումով արգելակման պրոբլեմը» աշխատության շրջանակներում ներմուծել է խտության մատրիցի գաղափարը։ Հարկ է նշել, որ 1927 թ.-ին խտության մատրիցի գաղափարը Լանդաուից անկախ մտցրել է նաև Ջոն Նեյմանը(անգլ.՝ John von Neumann), ով արել է դա ավելի համակարգված, որի պատճառով խտության մատրիցի գաղափարի ներմուծումը հաճախ կապվում է Նեյմանի հետ։ 1928 թ. Մոսկվայում տեղի ունեցավ ֆիզիկոսների 6-րդ համագումարը, որին մասնակցում էին նաև բազմաթիվ լեգենդար ֆիզիկոսներ արտասահմանից։ Այս Համագումարի ընթացքում Լանդաուն ունեցավ երեք ելույթ՝ «Քվանտային վիճակագրության հիմունքները», «Պատճառականության սկզբունքը ժամանակակից ֆիզիկայում» և «Մագնիսական էլեկտրոնը ալիքային մեխանիկայում» թեմաներով, որոնցից վերջինը լրիվ ինքնուրույն աշխատանք էր՝ առանց հեղինակակցի։ Հանրագումարից հետո Լանդաուն, որպես Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի լավագույն ասպիրանտներից մեկը, 1929 թ.-ի հոկտեմբերին լուսժողկոմատի ուղեգրով մեկնեց արտասահմանյան գործուղման, որի շրջանակներում եղել է Բեռլինում, Լայպցիգում, Գյոտինգենում, Կոպենհագենում, Քեմբրիջում, Ցյուրիխում և մասնակցել է հայտնի ֆիզիկոսներ Բորնի, Հայզենբերգի, Պաուլիի, Դիրակի և Բորի սեմինարներին։ Գործուղման ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունեցավ հանդիպել և զրուցել Ա. Էյնշտեյնի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման էր անորոշությունների առնչությունը։ 1930 թ.-ին, ոգեշնչված Վ. Պաուլիի 1924 թ.-ի հոդվածում հայտնաբերած թերությամբ, Լանդաուն տպագրեց «Մետաղների դիամագնիսականությունը» հոդվածը[12]։ Այս աշխատանքում նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտում էլեկտրոնի շարժումը քվանտանում է, որի հետևանքով էլեկտրոնային գազը ձեռք է բերում դիամագնիսական հատկություններ։ Այսպես ծնվեց «Լանդաուի դիամագնիսականությունը»։ 1930 թ.-ին՝ Քեմբրիջում եղած ժամանակ, Լանդաուն ծանոթացավ իր հայրենակից Պ. Լ. Կապիցայի հետ, ով 1921 թ.-ից աշխատում էր կավենդիշյան լաբորատորիայում` Է. Ռեզերֆորդի մոտ։
Լանդաուն ստեղծել է տեսաբան ֆիզիկոսների հանճարաշատ դպրոց։ Լանդաուի աշակերտներ էին համարվում այն ֆիզիկոսները, ովքեր Լև Լանդաուին (հետագայում արդեն իր աշակերտներին) կարողացել էին հանձնել 9 տեսական քննություն, այսպես կոչված Լանդաուի տեսական մինիմում։ Սկզբից հանձնվում էր մաթեմատիկան, հետո հանձնվում էր ֆիզիկայի քննությունը՝
Առաջինները ովքեր հանձնել էին Լանդաու տեսական մինիմումը՝