Ծնվել է խորվաթ հոր և սլովենացի մոր ընտանիքում։ 1910 թվականին մտել է Խորվաթիայի և Սլավոնիայի կուսակցության մեջ, մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հակապատերազմական պրոպագանդայի համար ձերբակալվել և ուղարկվել է ռազմաճակատ։ 1915 թ. վիրավորվել և գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թվականին մասնակցել է ժամանակավոր կառավարության դեմ Պետրոգրադի հուլիսյան ցույցին, ձերբակալվել և աքսորվել է Ուրալ։ 1917 թվականի հոկտեմբերին Օմսկում մտել է Կարմիր գվարդիայի մեջ։ 1920 թվականի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք, մտել Հարավսլավիայի կոմկուսի (ՀԿԿ) մեջ, վարել անլեգալ կուսակցական աշխատանք, 1928 թվականի փետրվարին նշանակվել է ՀԿԿ Զագրեբի կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին ձերբակալվել և դատապարտվել է 5-ամյա բանտային տաժանակրության։ 1934 թվականին ազատվել է բանտից և շարունակել ապօրինի գործունեությունը, եղել է ՀԿԿ Խորվաթիայի երկրկոմի անդամ։ 1934 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1935—1936 թվականներին ապրել է Մոսկվայում, աշխատել՝ Կոմինտերնում, եղել ՀԿԿ պատվիրակության անդամ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935)։ 1936 թվականին գաղտնի վերադարձել է հայրենիք։ 1937 թվականի դեկտեմբերին գլխավորել է ՀԿԿ-ը։ ՀԿԿ V կոնֆերանսում (1940 թվականի հոկտեմբեր) ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավսլավիայի ժողովրդաազատագրական բանակի և պարտիզանական ջոկատների գերագույն գլխավոր հրամանատար։ Հաճախ համարվում է Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպայում դիմադրության շարժման ամենաարդյունավետ կազմակերպիչ-իրագործողներից։ 1943 թվականի նոյեմբերի 30-ին ընտրվել է Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեի նախագահ։ 1945-1953 թվականներին եղել է Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի Մինիստրների խորհրդի նախագահ, պաշտպանության մինիստր և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ 1945 թվականին ընտրվել է ժողովրդական ճակատի նախագահ (1953—1954 թթ.՝ Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստական միության նախագահ)։ 1945-1953 թվականներին գլխավորել է ՀՖԺՀ կառավարությունը, 1953—1963 թվականներին՝ ՀՖԺՀ Միութենական Գործադիր վեչան (կառավարությունը)։ ՀԿԿ 6-րդ համագումարում (1952) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղար (1966 թվականին՝ նախագահ)։ Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ՝ ՀԿԿ-ի անվանումը 1952 թվականից) 10-դր համագումարում (1974) ընտրվել է ՀԿՄ նախագահ՝ առանց մանդատի ժամկետի սահմանափակման։ 1953 թվականից (1974-ից՝ ցմահ) մինչև մահը՝ 1980 թվականը, զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։
Չնայած որոշ պատմաբաններ քննադատում են Տիտոյին՝ որպես ավտորիտար կառավարչի[12], մյուսները Տիտոյին որակում էին որպես ժողովրդամետ դիկտատոր։ Եղել է ճանաչված հասարակական գործիչ ինչպես Հարավսլավիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Տիտոյի վարած միավորիչ ներքին քաղաքականության շնորհիվ պահպանվեց Հարավսլավիայի դաշնության ազգերի խաղաղ գոյակցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 14)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!