Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է մասնագիտական կրթություն։ 1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։
1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։
1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել թուրքական կոմունիստական կուսակցության անդամ։ 1942 թվականին ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ։ Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։
1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով՝ որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։
Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին, վերջինս՝ Վիլնյուսում։ Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Լավագույն գործերից են Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Պետեֆիի և այլ դիմանկարներ[3]։ 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[4][5]։
Ցուցահանդեսներ
1968 անհատական ցուցահանդես արվեստի աշխատողների կենտրոնական տանը, Մոսկվա