Թթենի կամ թթի ծառ, շերամածառ՝ (լատին․՝ Morus), թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։
Ընդգրկում է թափվող ծառերի 17 տեսակ, տարածված է տաք ջերմային գոտիներում, ինչպես նաև մերձարևադարձային գոտիներում Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա։
Կենսաբանական նկարագիր
Բունը մուգ է՝ խոր ճեղքվածքներով, պսակը՝ խոշոր, լայն, բրգաձև, բարձր.՝ 12-20 մ։ Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձև, ձվաձև, ամբողջական կամ ատամևաեզր, երբեմն՝ թույլ բլթակավոր։ Ծաղկաբույլը կատվիկանման է, գլանաձև, կախ ընկած։ Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտղաբույլը՝ խոշոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, հյութալի, քաղցր, կիսաքաղցր և այլն։
Նշանակություն և կիրառում
Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռևս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։ Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։
Պտուղը պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամին C և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։ Բնափայտն ամուր է, կիրառվում է շինարարության, ատաղձագործության, երաժշտական գործիքների արտադրության մեջ։ Բնափայտից և կեղևից ստացվում է բարձրորակ դեղին ներկանյութ, իսկ տերևները լավորակ կեր են շերամորդի համար։ Բազմանում է կտրոններով, պատվաստներով և սերմերով։ Մեղրատու է։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և այլն։
Տեսակներ
Հայտնի է մոտ 700 տեսակ[1]։ Հայաստանում մշակության մեջ տարածված են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 183)։