Թամարա Պետրոսյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը՝ Դորոթեյա Պետրոսյանը, մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հայրը՝ Վալերի Պետրոսյանը, ինժեներ։
Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։
Առաջին անգամ որպես դերասանուհի հանդես է եկել Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ, որն առաջին անգամ բեմադրվել է Արցախի թատերախմբի հետ մինչև Երևանում: Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաև մի քանի տարի երգում էր «Արցախի ձայն» նախագծում։ Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին երգող դերասաններ, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու։ Ստուդիայի դերասաններին հարցեր տալու արդյունքում էլ Թամարան անցել էր քասթինգը։
Ճանապարհը դեպի կինո մի փոքր այլ կերպ է եղել։ Թամարայի առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում, էպիզոդիկ դերում։ Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր[1]։ Նկարահանումները տևել են երկու օր և տեղի են ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Թամարան բազմիցս նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ։ Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ է ստացել։ 2004 թվականին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։
2018 թվականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club հայկական երգիծական նախագծի հիմնական դերասանական կազմում։ Այս նախագիծը նրան մեծ ճանաչում է բերել։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ և Եվրոպա։
Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հանդիսանում է հիմնական կազմի դերասանուհիներից։ Նարեկ Դուրյանը մեկ առիթով նշել է. «Թամարան այն անձնավորությունն է, որին պետք է տեսնել անպայման թատրոնում»։
Թամարա Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության եթերում վարում է “TotoGaming” ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունները։
2019 թվականին նաև եղել է «Ազգային երգիչ» նախագծի հաղորդավարուհին։
Թամարան իր ուժերը փորձում է նաև instagram-յան վայների շրջանակներում։ 2019 թվականին նա սկսել է «Եղիր Տոմայի պես» կարճատև տեսանյութերի շարքը, որն արժանացել է հանրության մեծ ուշադրության։ Սակայն այն դադրեցրել է։ Հարցին թե արդյո՞ք «Եղիր Տոմայի պես»-ը կշարունակվի իրավիճակի ավարտից հետո, Թամարան պատասխանել է՝ «հուսամ՝ այո, նայած, թե երբ կավարտվի»։
2019 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին անգամ «Բոհեմ թատրոնում» կայացել է Թամարայի «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերան։ Հարցազրույցներում Թամարան բազմիցս նշել է, որ իրենից շատ երկար ժամանակ է պահանջվել նման քայլի դիմելու համար, քանի որ քայլը բավականին ռիսկային էր, և նա մեծ վախեր ուներ միայնակ բեմ բարձրանալ, սակայն Սեթրակ Գոջամանյանի միջնորդությամբ Տոման կարողացել է հաղթահարել իր բոլոր վախերը և մի քանի ամսյա փորձերի արդյունքում արդեն իսկ սեպտեմբերին «Բոհեմի» հանդիսատեսը հնարավորություն է ունեցել վայելելու Տոմայի խաղը։ Ներկայացումը ժամանակավորապես չի բեմադրվել կորոնավիրուսային վարակի պատճառով: Որոշ փոփոխություններով կրկին բեմադրվել է 2024 թվականին[2]:
Անձնական կյանք
Թամարա Պետրոսյանը շատ անգամներ նշել է, որ չի սիրում հանրայնացնել իր անձնականը, սակայն 2019 թվականի հունիսի 30-ին եթեր հեռարձակված Sport Club հաղորդումը[3] Թամարայի և Տարոն Իսպիրյանի (Պոնչ) սիրավեպի վերաբերյալ կարծիքներ են հնչել։ Երկրպագուների կասկածները հաստատվել են, երբ «Women's Club»-ի շրջագայության ժամանակ Վահե Զիրոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ զույգը զբոսնում էր միասին։ Բազում լրատվական կայքեր են անդրադարձել տվյալ թեմային[4]։ Պոնչը որևէ կերպ չի արձագանքել այդ շշուկներին, իսկ Թամարան իր ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ նշել է, որ նրանք պարզապես ընկերներ են։ Զույգն ամուսնացել է 2024 թվականին[2]:
↑King, Braden, Here (Drama, Romance), Peter Coyote, Ben Foster, Datekiv Kharibyan, Annenberg Feature Film Fellowship / Sundance Institute, Cinereach Feature Film Fellowship, Lion & Wheel, Վերցված է 2024-12-01-ին