Մարգար Ավետիսի Ղարաբեկյան (գրական կեղծանունը՝ Դև, 1901[1], Թեհրան, Իրան - 1976[1], Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ, նկարիչ։
Կենսագրություն
Ծնվել է Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է Նոր Ջուղայի և Թեհրանի ազգային դպրոցներում։ Դպրոցական տարիներին կատարել է բանաստեղծական և նկարչական փորձեր, հետագայում զբաղվել է միաժամանակ երկուսով էլ, հասել նկատելի հաջողությունների։ Դևը հաճախել է Թեհրանի այն ժամանակվա միակ նկարչական դպրոցը, ապա հիմնել է իր սեփական աշխատանոցը, ուր գործել ու գեղարվեստական դաստիարակություն են ստացել շատ նկարիչներ։ Վեց տարի նկարչություն է դասավանդել Թեհրանի ազգային դպրոցում։ Դևը երկու անգամ պարգևատրվել է Իրանի կրթության նախարարության շքանշանով։ Այժմ նրա աշխատանքներից ոմանք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Գեղանկարչական գործունեություն
Հիմնականում դիմանկարիչ է, զբաղվել է ծաղրանկարներով։ Նրա գործերից են՝
- «Մտածմունք»
- «Հայ աղջիկներ»
- «Աղքատ ծերունի»
- «Տղամարդ»
- «Ծերունու դիմանկար»
- «Պարսկուհին նվագարանով»
- «Մզկիթ»
- «Պարսկական հարեմ»
Գրական-հասարակական գործունեություն
Դևը եռանդուն մասնակցել է իրանահայ գրական միությունների աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է «Միտք» գրական-գեղարվեստական միությունը, նախագահել է «Նոր էջ» գրական խմբակցությանը, եղել է իրանահայ գրողների միության փոխնախագահ, խմբագրել է «Նոր պատգամ» ամսագիրը, «Իրանահայ արդի գրողներ» ժողովածուն, հանդես է եկել զեկուցումներով ու հոդվածներով։
Դևի բանաստեղծական աշխարհը
Բանաստեղծական առաջին փորձերը սկսել է 1917 թվականից, առաջին գործը տպագրվել է 1923 թվականին։ Երկար տարիներ տպագրվել է միայն մամուլում և ճանաչում գտել։ Առանձին ժողովածով («Իմ երգերը») հանդես է եկել միայն 1947 թվականին։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել նրա «Այս երկար ճամփան» վերնագրով ժողովածուն։
Դևը իրանահայ ամենաճանաչված բանաստեղծն է, թեև շատ չի գրել։ Նրա ժողովրդականության պատճառներից է այն, որ նրա բանաստեղծություններից շատերը երգեր են դարձել։ Դևի երկու տասնյակից ավելի բանաստեղծությունների համար երաժշտություն է հորինվել (զգալի մասը երգահան Նիկոլ Գալանդերյանի կողմից - «Դու նորից եկել ես»[3])։
XX դարասկզբի արևելահայ բանաստեղծության աշուղական պոեզիայի ավանդներով սնված, ինչպես նաև Ավետիք Իսահակյան - Վահան Տերյան դպրոցով ձևավորված Դևը հավատարիմ է մնացել իր դավանանքին։ Որքան էլ ազդեցությունը նկատելի է, իր երգերի ամբողջության մեջ Դևի քնարական հերոսը ինքն է և ոչ ուրիշը, Դևի ձայնի երանգը իրեն զգացնել է տալիս[4]։
Երկեր
- Իմ երգերը, Թեհրան, 1947, 157 էջ։
- Այս երկար ճամբան, Երևան, 1963, 160 էջ։
- Հատընտիր, Երևան, 1973, 143 էջ։
- Սրտի ձայներ, Թեհրան, 1974, 313 էջ։
Գրականություն
- Նկարիչ Մարգար Ղարաբեկյան. «Ամենուն տարեցույց», 1928 թ.
- Նկարիչ-բանաստեղծը։ «Սովետական Հայաստան», Երևան, 1965 թ., N 9
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 353)։
|