Ֆինչերը ծնվել է 1962 թ. օգոստոսի 28-ին Դենվերում (Կոլորադո, ԱՄՆ)։ Երբ Ֆինչերը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Սան Ասլեմո (Կալիֆոռնիա)։ Պատանի հասակում Ֆինչերը տեղափոխվեց Էշլանդ (Օրեգոն), որտեղ նա ավարտեց Էշլանդի ավագ դպրոցը։ Ազդվելով «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմից (Butch Cassidy and the Sundance Kid)՝ նա սկսեց ութ տարեկանում նկարահանել ֆիլմեր 8 մմ-անոց խցիկով։ Տասնութ տարեկանում գնաց աշխատելու Ջոն Քորթիի Korty Films ընկերությունում։ Ֆինչերը 1983 թ. ընդունվեց աշխատանքի Ջորջ Լուկասի Industrial Light & Magic (ILM) ընկերությունը, որտեղ նա մասնակցում էր Twice Upon a Time, «Աստղային պատերազմներ։ Մաս VI - Ջեդայի վերադարձը», «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի վանքը» ֆիլմերի ստեղծմանը։ 1984 թ. նա հեռացավ ILM-ից՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերության (American Cancer Society) համար գովազդ նկարահանելու, որում նա ցույց տվեց մոր արգանդի մեջ ծխող երեխայի։ Դա անմիջապես գրավեց Լոս Անջելեսի պրոդյուսերների ուշադրությունը, և 1985 թ. Ֆինչերին հնարավորություն տրվեց որպես ռեժիսոր նկարահանելու «Կենդանի թմբուկի ձայնը» վավերագրական ֆիլմը, որը երաժիշտ Ռիք Սպրինգֆիլդի մասին էր։ Նա գովազդներ է նկարահանել Revlon, Converse, Nike, Pepsi, Sony և Levi's ընկերությունների համար։ 1986 թ. նա աշխատանքի է ընդունվում Propaganda Films ստուդիայում, որտեղ սկսեց նկարահանել երաժշտական տեսահոլովակներ և գովազդներ։ Ֆինչերի նման շատ ուրիշ ռեժիսորներ, ինչպիսիք են Մայքլ Բեյը, Սեմուել Բայերը, Դևիդ Քելլոգը, Էնթոնի Ֆուքուան, Սպայք Ջոնսը, Գոռ Վերբինսկին, մինչև խաղարկային ֆիլմեր նկարահանելը մշակում էին իրենց տաղանդը Propaganda Films-ում։ Ֆինչերը տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի ("Express Yourself", "Vogue", "Oh Father" և "Bad Girl"), Բիլլի Իդոլի ("Cradle of Love"), Փաուլա Աբդուլի ("(It's Just) The Way That You Love Me", "Straight Up", "Forever Your Girl" և "Cold Hearted"), Աերոսմիթի ("Janie's Got a Gun"), Ռոլինգ Ստոունսի ("Love Is Strong"), Ռոյ Օրբիսոնի ("She's a Mystery to Me"), Նայն Ինչ Նեյլսի ("Only"), Ռիք Սպրինգֆիլդի ("State Of The Heart"), Ջորջ Մայքլի ("Freedom '90"), Մայքլ Ջեքսոնի ("Who Is It") և այլոց համար։ 1992 թ. Ֆինչերը նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ուրիշը 3», որը լավ արձագանքներ չունեցավ։ Սակայն 2008 թ. նկարահանած «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը ներկայացվեց «Օսկար»-ի 13 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում)։ Իսկ «Սոցիալական ցանցը» ֆիլմը ամերիկյան մամուլում ոչ մի վատ արձագանք չունեցավ։