Դին Քեյն (անգլ.՝ Dean Cain, հուլիսի 31, 1966(1966-07-31)[1][2], Mount Clemens, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Քլարկ Քենթի/սուպերմենի դերով։
Դին Ջորջ Թանական ծնվել է 1966 թվականի հուլիսի 31-ին Միչիգան նահանգում՝ Մաունթ Քլեմենսում՝ դերասանուհի Շարոն Թոմասի (ծնված հունիսի 3-ին 1946 թվական) և ԱՄՆ-ի բանակի զինծառայող Ռոջեր Թանանի ընտանիքում։ Քեյնի երակներով հոսում է ճապոնական (նրա հայրական կողմի պապից), ֆրանկոկանադական, իռլանդական և վալիական արյուն[4]։ Դինն ունի ավագ եղբայր (այժմ՝ երաժիշտ) Ռոջերը։ Ապագա դերասանի ծնողները բաժանվել են դեռ նրա ծնունդից առաջ։ Շատ ավելի ուշ, երբ Քեյնը հայտնի է դարձել, Ռոջերը National Enquirer ամսագրին տված իր հարցազրույցում ասել է, որ Շերոնը հեռացել է իրենից այն ժամանակ, երբ ինքը Վիետնամի պատերազմում էր։ 2001 թվականի հունվարին Դինը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ իր հայրը երբեք չի մասնակցել այդ պատերազմին, և որ ամուսնալուծության պատճառն այն է, որ նա դավաճանել է Շերոնին։
1969-ին նրա մայրը ամուսնացել է ռեժիսոր Քրիստոֆեր Քեյնի հետ (ծնվել է 1943 թ. հոկտեմբերի 29-ին), ով որդեգրել է Դինին և Ռոջերին։ Ընտանիքը տեղափոխվել է Մալիբու, Կալիֆոռնիա[5][6]։ 1973-ին զույգը ունեցել է դուստր`դերասանուհի Քրիսինդա Քեյնին։ Դպրոցական տարիներին Դինը ակտիվորեն զբաղվել է սպորտով։ Նա խաղացել է դպրոցի բեյսբոլի թիմի կազմում իր եղբայրների՝ Չադի և Ռոբ Լոուի և Չարլի Շինի հետ, որոնք նաև նրա դասընկերներն էին։ 1984 թվականին Դինը ավարտել է ավագ դպրոցը, նրան առաջարկել են սպորտային կրթաթոշակ 17 համալսարանից, բայց նա ընտրել է Փրինսթոնի համալսարանը։ Փրինսթոնում նա վոլեյբոլի հավաքականի ավագն էր, նաև որպես պաշտպան խաղում էր ամերիկյան ֆուտբոլի հավաքականում, որտեղ նա մեկ մրցաշրջանում կատարել է 12 բռնում։ Նա նաև եղել է Zeta Psi եղբայրության անդամ։ Քեյնը ավարտել է Փրինսթոնը 1988 թվականին պատմության բակալավրի աստիճանով։
Ավարտելուց անմիջապես հետո Դինը պայմանագիր է կնքել Ազգային ֆուտբոլային լիգայի Բաֆալո Բիլս թիմի հետ։ Սակայն ծնկի վնասվածքը, որը ստացել էր մարզման հավաքի ժամանակ, խզել է նրա դեռ նոր սկսված մարզական կարիերան[7]։ Սկզբում նա սկսել է սցենարներ գրել, ապա՝ նկարահնվել հեռուստատեսությունում՝ հայտնվելով գովազդներում և հանրաճանաչ հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Grapevine», «Ուրիշ աշխարհ» (1987-1993), «Բևեռլի Հիլզ, 90210»։ 1993 թվականին Քեյնը հայտնի է դարձել« Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալում խաղացած Սուպերմենի դերով, որն ավարտվել է 1997 թվականին։
1998 թվականին Դինը բացել է Angry Dragon Entertainment պրադյուսական ընկերությունը, որը պրոդյուսերություն էր անում TBS Superstation ալիքով «Ripley’s Believe It or Not!» հեռուստասերիալին։ Նա նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն» (2000), «Ժամանակից դուրս» (2003) և «Բեյլիի միլիարդները» (2004)։ 2004 թվականին իրական կյանքի վրա հիմնված «Perfect Husband: The Laci Peterson Story» ֆիլմում խաղացել է Սքոթ Պետերսոնի դերը։ Նա նաև պարբերաբար Քեյսի Մենինգի դերով հայտնվել է «Լաս Վեգաս» սերիալում (2003-2008)։ Որպես հյուր աստղ՝ Դինը նկարահանվել է հեռուստատեսային «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում՝ խաղալով անմահ դոկտոր Քուրթիս Նոքսի դերը[8][9]։
Փրինսթոնում սովորելու ժամանակ Դինը երկու տարի հանդիպել է դերասանուհի Բրուք Շիլդսի հետ[6], որը նրանից մեկ տարով մեծ էր։ 1997-ին սկսել է հանդիպել քանթրի-երգչուհի Մինդի Մակկրիդի հետ և 1998-ի սկզբին զույգը հայտարարել իրենց նշանադրության մասին, բայց նույն տարվա հուլիսին նրանք բաժանվել են։
1999-ին մամուլում լուրեր են հայտնվել Դինի հին ընկերուհու՝ մոդել Սամանթա Տորեսի հղիության մասին[6]։ Զույգը որոշում է ոչ թե միավորվել, այլ կիսել երեխայի խնամակալությունը։ 2000 թվականի հունիսի 11-ին ծնվել է Քրիստոֆեր Դին Քեյնը, որին Դին անվանել է խորթ հոր պատվին։