Ընդգրկում է Ա Կորունյա, Լուգո, Ուրենսե և Պոնտեվեդրա պրովինցիաները։ Հարավում սահմանակից է իսպանական Կաստիլիա և Լեոն, արևելքում՝ Աստուրիա պրովինցիային, արևմուտքում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի, հյուսիսում՝ Բիսկայան ծոցի ջրերով։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 2,701,743[4]։ Զբաղեցնում է 29574 կմ2 տարածք։ Ծովափերի ընդհանուր երկարությունն անցնում է 1660 կիլոմետրից[5]։ Անտլանտյան օվկիանոսի բարերար ազդեցության շնորհիվ այս երկրամասը մաս է հանդիսանում այսպես կոչված՝ Կանաչ Իսպանիայի, մի բան, որ տեղացիների հպարտությունն է։ Գալիսիան հռչակվել է նաև նավակայանման համար անչափ հարմարավետ ծովածոցերի ու ծովախորշերի առատությամբ, հանքային բուժիչ ջերմուկների հարուստ պաշարներով։
Գալիսիացիների ավանդական կացարանը, հատկապես Տիերա դե լոս Անկարես շրջանում, մինչև 1970-ական թվականները, կլոր տան մի յուրահատուկ տեսակ էր՝ պալյասոն։ Իր պալյասոներով հայտնի գալիսիական Պիորնեդո գյուղը վերածվել է պատմաազգագրական թանգարանային համալիրի[6]։
Մինչև 20-րդ դարի կեսերը Գալիսիայի տնտեսությունում վճռորոշ դեր էին խաղում ձկնորսությունն ու անասնապահությունը, մասամբ՝ նաև նավաշինությունն ու սննդի արդյունաբերությունը։ 1950-ական թվականներից բեկում սկսվեց, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը։ 2018 թվականին անվանական ներքին արտադրանքի ծավալը գումարային արտահայտությամբ հասավ 62,900 միլիոն եվրոյի[4], յուրաքանչյուր անձի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ 23,300 եվրոյի[4]։
Ի պատիվ այս երկրամասի՝ Գալիսիա է կոչվել Անտարկտիդայի Վինսոն լեռնազանգվածի գագաթներից մեկը[7]։
Պատմություն
Ներկայիս Գալիսիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս միջին քարե դարի ժամանակներից։ Երկրամասի անվանումն առնչվում է կելտական գալեասի (Gallaeci) ցեղի հետ, որը մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ապրել է Դուերո գետից հյուսիս ընկած տարածաշրջանում։ Կանտաբրյան պատերազմի ավարտին՝ մ. թ. ա. 19 թվականին այն ներառվել է Հռոմեական կայսրության կազմում, իսկ մեր թվարկության երրորդ դարում դարձել այդ կայսրության պրովինցիաներից մեկը։ Մ. թ. 410 թվականից այստեղ իշխել է գերմանական սուեբի ցեղը, 585 թվականից՝ վեստգոթերը, 711 թվականից՝ արաբական ումայադյան արքայատոհմի նշանակած կառավարիչները[8]։ 740 թվականին Գալիսիան ընդգրկվել է Աստուրիայի քրիստոնեական թագավորության կազմի մեջ։ Միջին դարերում այստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են գալիսիացի արքաներ[9], սակայն երկրամասը հիմնականում ղեկավարվել է Լեոնի, իսկ ավելի ուշ՝ Կաստիլիայի թագավորների կողմից՝ բոլոր դեպքերում պահպանելով իր սովորույթներն ու մշակույթը։ 16-րդ դարից Գալիսիայի թագավորության ձայնը լսելի է դարձրել պատգամավորների ու քաղաքների ներկայացուցիչների վեհաժողովը՝ կորտեսը կամ խունտան[10]։ 1833 թվականին դրանք հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, և տարածաշրջանը վարչականորեն բաժանվել է չորս պրովինցիայի։ 19-20-րդ դարերում աստիճանաբար աճել է ինքնավարության, գալիսիական մշակույթի ճանաչման հասնելու պահանջը, և այդ ուղղությամբ տարված պայքարն ի վերջո հանգեցրել է Գալիսիայի ինքնավարության կարգավիճակի հաստատնանը, բայց վրա հասած ֆրանկոյական հեղաշրջումն ու բռնապետությունը վերջ են դրել դրան։ Տասնամյակներ անց տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոումների, 1981 թվականին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Գալիսիան կրկին բռնել է ինքնավարության վերականգնման ուղին։
Գրականություն
Bell, Aubrey F. B. (1922). Spanish Galicia. London: John Lane The Bodley Head Ltd.
↑Rodríguez Fernández, Justiniano (1997). García I, Ordoño II, Fruela II, Alfonso IV. Burgos: Editorial La Olmeda. ISBN84-920046-8-1.
↑de Artaza, Manuel Ma. (1998). Rey, reino y representación : la Junta General del Reino de Galicia (1599–1834). Madrid: Consejo Superior de Investigaciones Científicas. ISBN84-453-2249-4.
Պատկերասրահ
Անտադոլմենը Աքսեիտոսում: Գալիսիայում հարյուրավոր մեգալիթներ են պահպանվել:
Ֆիստերա կամ Ֆինիստերե հրվանդան, որ նշանակում է Երկրի ծայր. մայրցամաքային Եվրոպայի ծայր արևմտյան կետերից մեկը
Հերկուլեսի աշտարակ. հին հռոմեական փարոս, որ գտնվում է Լա Կորունյայում և համարվում է Համաշխարհային ժառանգության հուշարձան
Երկաթե դարի դարպասներ՝ Գալիսիայում կաստրո կոչված մշակույթի ամենախոշոր նմուշներից մեկը
Գաիտերիոներ կամ՝ պարկապզուկ փչողներ. գաիտան՝ պարկապզուկը, Գալիսիային ամենից ավելի բնորոշ երաժշտական գործիքն է:
Քեյմադա. ավանդական խմիչք, որ ստացվում է տեղական ագարդենտեն (grappa-ն) մասամբ այրելու միջոցով
Օրերո կամ կաբասիերո և կամ կանաստրո՝ հացահատիկի ավանդական շտեմարան
Կրուսեյրո՝ ճանապարհին տեղադրված խաչ և եկեղեցի Լա Կորունյայում
Միլենարյան ժայռապատկեր. Laxe dos carballos-ը՝ Campo Lameiro-ում. ժայռապատկերի այս դրվագում պատկերված է մի քանի տեղից նետերով խոցված եղնիկ
Հրապարակ՝ Ռիբադավիա քաղաքում
Սան Վիսենտե դո Պինու վանքն ու ամրոցը Մոնֆորտե դե Լեմոսում
Լուգո քաղաքի հին հռոմեական պարիսպները, որ համարվում են Համաշխարհային ժառանգության հուշարձան
Ավանդական դորնա՝ ձկնորսական սովորական նավակ Ռիա դե Արոուսայում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 656)։