Կաբուր Բորիս (էստ․՝ Boris Kabur), (սեպտեմբերի 15, 1917(1917-09-15), Տալլին, Ռուսական հանրապետություն - հունվարի 28, 2002(2002-01-28), Տարտու, Էստոնիա), էստոնացի խորհրդային գրող, թարգմանիչ։
Ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 15-ին Տալլին քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Անդրանիկ պիեսը («Ռոպս», 1964 թ.) բեմադրվել է Տալլինում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Հելսինկիում, Երևանում։ Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965 թ.), «Հակալույս» (1968 թ.) պիեսները։ Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է։ 1973 թվականին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանակին։ Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, Է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր։ Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները։
Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն (1966 թ.) և «Սասունցի Դավիթ» (1975 թ.) էպոսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։
|