1986 թվականին Միխայիլ Գորբաչովը Սախարովին ազատեց աքսորից և թույլ տվեց վերադառնալ Մոսկվա, որը աշխարհում գնահատվեց որպես այլախոհության դեմ պայքարի ավարտի սկիզբ ԽՍՀՄ-ում։
Ընտանիք
1943 թվականին Անդրեյ Սախարովն ամուսնացել է Սիմբիրսկի բնակչուհի Կլավդիա Վիխիրևայի (1919-1969) հետ, որը մահացել է քաղցկեղից։ Նրանք ունեին երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա (Տատյանա, Լյուբով, Դմիտրի)։ 1970 թվականին Սախարովը ծանոթացել է Ելենա Բոների (1923-2011) հետ, իսկ 1972 թվականին՝ ամուսնացել։ Ընդհանուր երեխաներ նրանք չունեցան։
առաջին հացադուլը 1981 թվականին, տևել է 17 օր։ Սախարովը Բոների հետ միասին հացադուլ էին հայտարարել իրենց հարսին արտասահման՝ ամուսնու մոտ գնալու թույլտվություն չտալու համար։
երկրորդ հացադուլը 1984 թվականի մայիսին, տևել է 26 օր։ Սախարովը բողոքում էր Ելենա Բոների նկատմամբ քաղաքական հետապնդման դեմ։
երրորդ հացադուլը 1985 թվականի ապրիլից հոկտեմբեր, տևել է 178 օր։ Սախարովը բողոքում էր Ե. Բոներին սրտի վիրահատության համար արտասահման թույլտվության իրավունք չտալու դեմ։ Այդ ընթացքում Սախարովին մի քանի անգամ հոսպիտալացրել են (Առաջինը հացադուլի 6-րդ օրը։ Երբ նա հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը (հուլիսի 11), նրան հիվանդանոցից դուրս են գրել։ Նա վերսկսել է հացադուլը հուլիսի 25-ին, որից երկու օր հետո, կրկին հոսպիտալացվել է) և ստիպողաբար, բռնի կերակրել են[23]։
Գորկիում աքսորի ողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում Սախարովի պաշտպանության արշավներ էին ընթանում։ Օրինակ՝ ԱՄՆՍպիտակ տան մոտակա հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված էր խորհրդային դեսպանատումը Վաշինգտոնում, վերանվանվեց Սախարովի հրապարակ։ Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ 1975 թվականից սկսած, պարբերաբար անցկացվում էին Սախարովյան լսումներ։
Աքսորից ազատում
Վերակառուցման սկզբում, 1986 թվականի ավարտին, մոտ 7 տարվա ազատազրկումից հետո Սախարովը աքսորից ազատվեց։ 1986 թվականի հոկտեմբերի 22-ին Սախարովը Մ. Ս. Գորբաչովին կրկին դիմել էր իր և կնոջ աքսորից ազատման խնդրանքով՝ խոստանալով, որ եթե կնոջը թույլ տան բուժման մեկնել արտասահման, հասարակական գործունեությունից կհրաժարվի, «բացառությամբ հատուկ դեպքերի»[23]։ Դեկտեմբերի 15-ին նրա բնակարանում անսպասելիորեն հեռախոս տեղադրվեց (ողջ աքսորի ընթացքում հեռախոս չէր եղել), «Վաղը Ձեզ կզանգեն» ասելով ԿԳԲ-ի աշխատակիցը սենյակից դուրս եկավ։ Հաջորդ օրը Գորբաչովը զանգեց և Սախարովին Բոների հետ միասին թույլ տվեց Մոսկվա վերադառնալ[24]։
1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սախարովն առաջին անգամ մեկնում է արտասահման, հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում նախագահներ Ռեյգանի և Բուշի հետ, Ֆրանսիայում՝ Միտտերանի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ։