Աբազերեն, աբազիներեն (Абаза Бызшва), աբազների լեզուն. այդ լեզվով խոսացողների թիվը 38 247 է[4]Ռուսաստանում (հիմնականում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, որտեղ աբազերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ) և մոտ 10 000՝ Թուրքիայում[5]։ Աբազերենը պատկանում է կովկասյան լեզուների աբխազա-ադըգեական լեզվախմբին, քերականական և հնչյունաբանական կառուցվածքով շատ մոտ է աբխազերենին։ Ունի երկու հիմնական բարբառ, որոնք փոխըմբռնելի են։ Լեզուն պատկանում է իբերա-կովկասյան ընտանիքի հյուսիսարևմտյան խմբին։ Ունի բազմահամադրական տիպ (ստորոգյալի կառուցվածքով), նախադասության անդամների կայուն դասավորություն, բայական ժամանակների բարդ համակարգ, գործիական և վերածական հոլովներ[6]։
Լեզվի առանձնահատկություններ
Աբազերենի յուրահատկություններից ամենաուշագրավն այն է, որ ունի միայն երկու ձայնավոր (а և ы) և բազմաթիվ բաղաձայներ (63 հնչույթ)։ Աբազերենի այբուբենի մյուս ձայնավորները (ինչպես о, у, э, և այլն) ռուսերենի ազդեցության արդյունք են և օգտագործվում են միայն օտար լեզուներից փոխառված բառերում։
Այբուբեն
Աբազերեն գիրը ստեղծվել է 1932 թվականին (լատինատառ), որին 1938 թվականին փոխարինեց կիրիլիցան։ Բաղաձայների առատությունը պահանջ առաջացրեց աբազերեն այբուբենում բազմաթիվ կցատառերի ստեղծման[6]։