«Ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձան» (առավել հայտնի է որպես Խորհրդային բանակի հերոսների հուշարձան անունով), Խորհրդային բանակի՝ Ավստրիան մտած զինվորների հիշատակին նվիրված հուշարձան։ Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում։ Հուշարձանը բացվել է 1945 թվականի օգոստոսի 19-ին։ Ըստ հուշարձանի տեղեկատվական ցուցանակի՝ հեղինակներն են քանդակագործ Մ.Ա. Ինտեզարյանը և ճարտարապետ Ս.Գ.Յակովլևը[1]։
1945 թվականի հոկտեմբերին Ուկրաինական 2-րդ և 3-րդ ճակատի զորքերը Գլխավոր շտաբի կողմից Վիեննայի վրա հարձակվելու հրաման են ստանում՝ ռազմավարական և դաշնակիցների հետ հետպատերազմյան բանակցություներում ծանրակշիռ դիրքեր ունենալու նպատակով[2]։
Կիսակլոր, սպիտակ մարմարե սյունաշարը մասամբ շրջապատում է Կարմիր Բանակի զինվորի 12 մետր բարձրություն ունեցող հուշարձանը։
Կարմիր Բանակի զինվորներին նվիրված հուշարձանը Վիեննայում կանգնեցվել է ի հիշատակ 17 հազար խորհրդային զինվորներին[3], ովքեր զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիեննայի համար մղված մարտում[1]։
Հուշարձանն ներառում է հաղթական կամարը և Շպագինի հրացանը կրծքին զինվորի արձանը։ Զինվորը կրում է ոսկե սաղավարտ, ձեռքին բռնել է ԽՍՀՄ-ի դրոշը և ոսկեգույն խորհրդային զինանշան։ Հուշարձանի պատվանդանը հնգանկյան ձև ունի։ Պատվանդանի հետևի կողմում, որը Շվարցենբերգպլաց հրապարակի կողմում է, ԽՍՀՄ զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Ի.Վ. Ստալինի 1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննան գրավելու մասին հրամանն է փորագրված։ Հուշարձանի երկու կողային մասերում Վիեննայի համար մարտում ընկած խորհրդային զինվորների ու սպաների անուններն են փորագրված։ Պատվանդանի հետնամասի կողմերից մեկում ներկայացված է 1943 թվականի խմբագրության ԽՍՀՄ պետական հիմնի երկրորդ մասը, ինչպես նաև Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առթիվ Ի.Վ. Ստալինի 1945 թվականի մայիսի 9-ի ելույթից մի հատված[1]։
Նշանակություն
Հուշարձանի պահպանության և խնամքի պարտականությունները ներառվել են Ավստրիայի Հանրապետության հետ կքված պետական պայմանագրում (հոդված 19), որը ստորագրվել է 1955 թվականին՝ հակահիտլերյան դաշինքի անդամ երկրների և Ավստրիայի կառավարության միջև, և որով Ավստրիային անկախություն է տրվել։
Պատահարներ
2015 թվականի փետրվարի 23-ին անհայտ անձինք հուշարձանի պատվանդանին սև ներկ են լցրել[4]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեպքի առիթով բողոքի նոտա է հղել Ավստրիայի կառավարությանը[5]։
Դրամագիտության մեջ
2016 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2 միլիոն նմուշով թողարկել է «Գերմանա-ֆաշիստական զավթիչներից խորհրդային զորքերի ազատագրած քաղաքները՝ պետությունների մայրաքաղաքները» շարքից Նացիստական Գերմանիայից Վիեննայի ազատագրմանը նվիրված է 5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամ, որի դիմերեսին պատկերված է ֆաշիզմից Ավստրիայի ազատագրման ժամանակ զոհված խորհրդային զինվորների պատվին կանգնեցված հուշարձանը[6]։