Տերտերյան (- 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն
Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում իրականացրել է բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ։ Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել։
Նրանց բոլորին բանտարկել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին։ Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան Էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն։ Բժիշկ Նշան Նահիկյանը համարձակորեն առաջ գալով ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդեսիա պիտի ուղարկեք, ավելի լավ է որ ցերեկով ուղարկեք, որպեսզի ժողովուրդը իմանա, որ մենք Եդեսիա ենք գնում, իսկ եթե ձեր հետին դիտավորությունը մեզ սպանելն է, կրկին ցերեկով սպանեք և կախեք, որպեսզի համայն Խարբերդի ժողովուրդն ականատես լինի մեր մահին»։ Եվ չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը։ Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդբեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել։
1915 թվականի հունիսի 25-ին /հուլիսին, օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների), Խարբերդ քաղաքի Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել։ Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը։ Բոլորը զոհվել են, այդ թվում՝ բժիշկ Տերտերյանը։
37 բանտարկյալների կիսամոխրացած դիակներն աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում։
Գրականություն
- Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
Աղբյուր
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։