Վիկտոր Իվանովիչ Չուկարին (ուկրաիներեն՝ Віктор Іванович Чукарін, ռուս.՝ Виктор Иванович Чукарин, 9 նոյեմբերի, 1921, Կրասնոարմեյսկոե, Դոնեցկի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 25 օգոստոսի, 1984, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1972), Լվովի ֆիզկուլտուրայի ինստիտուտի դոցենտ (1963), մարմնամարզության ամբիոնի վարիչ (1971 թվականից), Լենինի շքանշանի ասպետ (1957)։ Օլիմպիական խաղերի (1952, 1956), աշխարհի (1954), ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1949-1951, 1953, 1955), Օլիմպիական խաղերի չեմպիոն (7 անգամ 1952 և 1956 թվականներին, ընդհանուր առմամբ ունի 11 օլիմպիական մեդալ[1]), աշխարհի (1954) և ԽՍՀՄ չեմպիոն (13 անգամ 1948-1956 թվականներին) տարբեր ձևերում։
Կենսագրություն
Վիկտոր Չուկարինը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 9-ին Ուկրաինայում՝ Կրասնոարմեյսկոե գյուղում (այժմ՝ Դոնեցկի մարզ)՝ դոնի կազակի ու հույնի ընտանիքում[2]։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Մարիուպոլ։ Վիկտոր Չուկարինը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել բակում՝ մարզաձողի վրա, այնուհետև հաճախել է դպրոցական խմբակ։ Վիկտոր Չուկարինի՝ դպրոցում սովորելու տարիներին՝ 1937 թվականին, նրա հայրը դարձել է բռնաճնշումների զոհ։ Դպրոցն ավարտելուց հետո Վիկտոր Չուկարինն ընդունվել է Մարիուպոլի մետաղագործական տեխնիկում, ապա սովորել է Կիևի ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ 1940 թվականինԽարկովում Չուկարինն ստացել է «ԽՍՀՄ սպորտի վարպետի» կոչում։
բռնաճնշումներիի սկզբում Վիկտոր Չուկարինը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է հրետանային զորամասում։ Գերի ընկնելով Պոլտավայի մոտ՝ Չուկարինը տեղավորվել է ռազմագերիների ճամբարում, որ տեղակայված էր Զանդբոստելի մոտ։ Այնտեղից նա ուղարկվել է ֆրաու Բրաունսի մոտ՝ ֆերմայում աշխատելու. «Ես չգիտեի ո՛չ կթել, ո՛չ խոտ հնձել, և ֆրաու Բրաունսը շուտով նկատեց դա։ Բայց նա ինձ չմատնեց և ուղարկեց դաշտ՝ շաղգամը նոսրացնելու»[3]։ «Юность» թերթում և ժամանակակից մի քանի այլ պարբերականներում կարելի է հանդիպել այն պնդմանը, թե Չուկարինը «եղել է 17 համակենտրոնացման ճամբարներում, այդ թվում՝ Բուխենվալդում»[4]։ Ըստ որոշ տվյալների՝ ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ առաջ Չուկարինը հայտնվել է Բալթիկ ծովում՝ այն նավի վրա, որ պիտի խորտակվեր[5]։
Պատերազմից հետո Վիկտոր Չուկարինն աշխատել է Լվովի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, հիմնադրել է մարմնամարզության իր սեփական դպրոցը։ Կոմունիստական կուսակցության անդամ է 1951 թվականից։ Արժանացել է Լվովի պատվավոր քաղաքացու կոչման։
Վիկտոր Չուկարինը մահացել է 1984 թվականի օգոստոսի 25-ին Լվովում։ Թաղված է Լվովում՝ Լիչակովի գերեզմանատանը։
1984 թվականից Վիկտոր Չուկարինի անունն է կրում Լվովի Սիխովի շրջանի փողոցներից մեկը։