Վարդերի հեղափոխություն (անգլ.՝ Roses Revolution), մանկաբարձական բռնության դեմ միջազգային շարժում։ Շարժումն ի սկզբանե հիմնադրվել է Իսպանիայում 2011 թվականին։ Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է, որը հայտնի է նաև որպես Վարդերի հեղափոխության օր։ Որպես բողոքի նշան կանայք վարդեր են դնում այն ծննդատների կամ հիվանդանոցների դիմաց, որտեղ ենթարկվել են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։
Նախապատմություն
ԱՀԿ-ն պնդում է, որ jուրաքանչյուր կին ունի առողջության ամենաբարձր չափանիշի իրավունք։ Այն իր մեջ ներառում է արժանապատիվ և հարգալից առողջապահական ծառայությունների մատուցման իրավունքը, սակայն աշխարհում շատ կանայք ծննդաբերության ժամանակ անհարգալից և դաժան վերաբերմունքի են արժանանում։ Նման վերաբերմունքը ոչ միայն խախտում է կանանց հարգալից խնամքի իրավունքը, այլև կարող է վտանգել նրանց կյանքի, առողջության, մարմնական անձեռնմխելիության և խտրականությունից ազատ լինելու իրավունքները։ Հետևաբար, ԱՀԿ-ն կոչ է անում ավելի մեծ գործողություններ, երկխոսություն, հետազոտություններ և քարոզչություն իրականացնել հանրային առողջության և մարդու իրավունքների այս կարևոր խնդրի վերաբերյալ[1]։ «Վարդերի հեղափոխությունը» բռնության այս ձևի դեմ ուղղված մի քանի նախաձեռնություններից մեկն է ամբողջ աշխարհում։
Գործունեություն
Վարդերի հեղափոխությունը կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա լրացուցիչ ասպեկտ է։ Այս օրը նշվում է 1981 թվականից, իսկ 2000 թվականից՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական իրազեկման օր։ Վարդերի հեղափոխության օրը կանայք վարդեր են դնում հիվանդանոցների և ծննդատների առաջ,որպես՝ ծննդաբերության ընթացքում ենթարկված ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեմ բողոք[2]։ Վարդերի հեղափոխության մասին իրազեկությունը բարձրացրելու նպատակով կանայք տեղադրում են վարդերը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը և Instagram-ը։ 2021 թվականին Վարդերի հեղափոխության Լյուքսեմբուրգի մասնաճյուղը հրապարակել է տեսանյութ կանանց մասին, ովքեր ենթարկվել են բռնության ֆրանսերեն և լյուքսեմբուրգերեն լեզուներով[3][4]։ Վարդերի հեղափոխության Հունգարիայի մասնաճյուղը մասնակցում է գենդերային բռնության դեմ 16 օրյա ակտիվիզմի տարածաշրջանային միջոցառումներին[5]։
Հիմնադրում և ընդլայնում
Իսպանացի ակտիվիստ Մարա «Հեսուսա» Ռիկոյը հիմնադրել է Roses Revolution-ը որպես «La Revolución de las rosas» 2011 թվականին։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Բելգիայի Բլանկենբերգե քաղաքում տեղի ունեցած «Մարդու իրավունքները ծննդաբերության ժամանակ» երրորդ համաժողովում շարժումը ներկայացվեց միջազգային մասնակիցներին։ Երեք շաբաթվա ընթացքում դա հանգեցրեց գործողությունների Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Չեխիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Կոլումբիայում։ Այդպիսով Վարդերի հեղափոխությունը ակտիվացավ 30 երկրներում[6][7]։
Ճանաչում
«Վարդերի հեղափոխությանը» աջակցում է ՄԱԿ-ի Կանանց համար Գերմանիայի ազգային կոմիտեն[8]։ Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Շիմոնովիչի 2019 թվականի զեկույցը, որը վերնագրված է «Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում կանանց նկատմամբ բռնության և բռնության վերարտադրողական առողջության ծառայություններում, կենտրոնանալով ծննդաբերության և մանկաբարձական բռնության վրա» անդրադարձել «Վարդերի հեղափոխությանը» և անվանել գլոբալ նախաձեռնություն[9]։ Ավստրիայի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը «Վարդերի հեղափոխությունը» ներառել է «Կանանց առողջության մասին» 2022 թվականի զեկույցում՝ որպես տուժած կանանց համար հղման կետ[10]։
↑«Néma Tanúk – Mi a szülészeti erőszak?» [Silent Witnesses - What is obstetric violence?] (հունգարերեն). EMMA Egyesület. 2022. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
↑scw (2017 թ․ նոյեմբերի 24). «"Roses Revolution"» (գերմաներեն). Luzerner Zeitung. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.