Սրանոցի կամուրջ, քարակերտ կամուրջ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ, Քարահան գետի վրա։
Պատմություն
Նախկինում այս վայրում եղել է Կունեն անունը կրող բնակավայրը։ Այն հանդիսացել է գավառային կենտրոն։ Այնուհետև գյուղը տեղափոխվել է Կիրանց գետի հովտի միջին հատվածներ՝ Առաքելոց վանքի մոտ։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակները։
Կամուրջն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Առաքելոց վանքի և դրանից ոչ շատ հեռու գտնվող բնակավայրի կառույցների հետ միասին։ Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով։ Թաղի շարվածքը կատարված է խնամքով։ Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել է կամարի կիսաշրջանաձև կորը։ Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից։ Դեպի աջ ափը կամրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է։ Այն կազմում է 3,5 մետր, այն ժամանակ, երբ ձախ ափում այն կազմում է 4,3 մետր[2]։
Թեև կամրջի թաղը պահապանվել է և դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է։ Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են։ Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքեր[3]։
Ծանոթագրություններ