Սուրբ Փիլիպպոսի տաճար (անգլ.՝ St Philip's Cathedral), անգլիական եկեղեցու տաճար, որը գտնվում է Մեծ ԲրիտանիայիԲիրմինգհեմ քաղաքում[3]։ Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը։ Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և 1715 թվականին նվիրաբերվել Փիլիպպոս առաքյալին։ Կառուցվել է բարոկկո ճարտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը Դերբիի և Չելմսֆորդի տաճարներից հետո[4]։
Պատմություն
Հիմնադրում
Սուրբ Փիլիպպոսի տաճարի կառուցումը նախատեսվել է այն ժամանակ, երբ մոտակա տարածքում գտնվող Սուրբ Մարտինի տաճարը այլևս չէր բավարարում իր հարկի տակ ընդունելու ժողովրդին, քանի որ Բիրմինգհեմի բնակչությունը գնալով աճում էր։ Տարածքը, որը նախկինում կոչում էին «Barley Close», նվիրաբերվել է Ռոբերտ Ֆիլիպի կողմից 1710 թվականին։ Այն շրջանի ամենաբարձր կետերից մեկն է և ԼոնդոնիՍուրբ Պողոսի տաճարի խաչի հետ մեկտեղ գտնվում է նույն մակարդակի վրա[5]։ Ազգային ժողովի որոշումից հետո, շինարարությունը սկսվել է 1711 թվականին` Թովմաս Արչերի նախագծով[6]։ 1715 թվականին տաճարն արդեն պատրաստ էր օծման արարողությանը, և նվիրաբերվում է Փիլիպպոս առաքյալին՝ որպես տուրք Ռոբերտ Ֆիլիպ բարերարին։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը եղել է Արչերի առաջին նախագիծը։ Տաճարի շինարարությունը գնահատվում էր 20,000 ֆունտ ստերլինգ, բայց վերջնական ցուցանիշը կազմում էր ընդամենը £ 5,012[6] (շատ նյութեր նվիրաբերվել և տեղափոխվել են տաճար` առանց գումար վատնելու)։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը ծառայել է որպես ծխական եկեղեցի 1715-1905 թվականներին։
Տաճարում է գտնվում նաև գրադարանը, որը նվիրաբերվել է Ուիլյամ Հիգսի կողմից։
1905 թվականին Մեծ Բրիտանիայի պետական գործիչ Ջոզեֆ Չեմբեռլենի, Վուսթերի եպիսկոպոսի և Չարլզ Գորիի` տաճարի առաջին եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ՝ Սուրբ Փիլիպպոսի տաճարը դարձավ Բիրմինգհեմ քաղաքի Մայր տաճարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1940 թվականի նոյեմբերի 7-ին տաճարը ռմբակոծվեց և թալանվեց։ Տաճարի մի շարք նշանակալից գանձերը և մի քանի պատուհաններ, որոնք Էդվարդ Բյորն-Ջոնսի նվիրատվությունն էին, պատերազմի սկզբին տեղափոխել էին Բիրմինգհեմի քաղաքացիական կազմակերպության կողմից, և 1948 թվականին, երբ տաճարի վերանորոգվում էր, հետո անվնաս տեղափոխվել է և տեղադրվել։
Ճարտարապետություն
Սուրբ Փիլիպպոսի տաճարը նախագծել է Թովմաս Արչերը և կառուցել է 1711-1715 թվականներին։ Աշտարակի ամբողջական կառուցումն ավարտվել է 1725 թվականին, իսկ դարպասի ճաղաշարի կառուցումը՝ 1756 թվականին։ Արչերն այցելել է Հռոմ, և նրա կառուցած եկեղեցու ոճը՝ բարրոկոն, կրում է իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի եկեղեցիների ճարտարապետության ազդեցությունը, և ավելի իտալականացված է, քան Քրիստոֆեր Ռենի եկեղեցիները[3]։ Տաճարի ուղղանկյունաձև դահլիճն ունի ենթակողմեր, որոնք նավից բաժանվում են սյուններով։ միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։
Սուրբ Փիլիպոսիի տաճարի արևմտյան վերջնամասում տեղակայված է մի աշտարակ, որն աստիճանաբար բարձրանում է և ամբողջանում գմբեթով և լապտերով։ Տաճարն ամբողջությամբ կառուցված է աղյուսով։ 1884-1888 թվականներին Հուլիոս Ալֆրեդ Չատվինը ընդարձակել էր արևելյան մասում գտնվող նախնական աբսիդը՝ վերածելով սրբարանի[3]։ Այս ձևավորումն ավելի են գեղեցկացնում մարմարյա սյունները և քառակուսի որմնասյունները, քիվը և շքեղորեն ձևավորված առաստաղը։ Չատվինը նաև փոփոխել է տաճարի արտաքին տեսքը, քանի որ բնօրինակ քարերից շատերը շատ փխրուն էին[3]։ Աշտարակը տեղադրվել է 1958-1959 թվականներին։
Էդվարդ Բյորն-Ջոնսը, ով ծնվել է տաճարի մոտակա Բեննեթս Հիլում և մկրտվել հենց այդ տաճարում, Սուրբ Փիլիպպոսի տաճարին նվիրել է մի քանի պատուհաններ, որոնց հիմնական մասը գտնվում է տաճարի արևելյան վերջնամասում։ Արևմտյան պատուհանը ևս Էդվարդը նվիրել է Հենրի Բոուլբիի հիշատակին 1897 թվականին։
Հուշարձաններից վեցը ներառված են ժառանգության ցանկում, որոնցից մեկը նվիրված է երկու տղամարդկանց հիշատակին, ովքեր մահացել են Բիրմինգհեմի քաղաքապետարանի կառուցման ժամանակ, և երկրորդը՝ Բիրմինգհեմյան ռմբակոծությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Թովմաս Սթիրլինգ Լիի աշխատանքը՝ Չարլզ Գորեի արձանը տեղադրված է արևմտյան մուտքի մոտ։
Երաժշտություն
Երգչախումբ
Սուրբ Փիլիպպոսի տաճարի երգչախումբը սկզբից կազմել են 20 տղաներ և չափահաս դպիրներ, որոնք երգել են գլխավոր պաշտամունքների ժամանակ։ 1992 թվականից սկսած ձևավորվել է աղջիկների երգչախումբը, ովքեր երգում էին շաբաթը մի քանի անգամ։ 1989-2017 թվականներին երգչախմբի ղեկավարը Մարկոս Հաքսլին էր[7]։ Իսկ աղջիկների երգչախմբի ղեկավարը հայտնի մենակատար Էմմա Կիրկբին է[8]։ Երգչախումբը ստացել է շատ հրավերներ երգելու տարբեր տաճարներում և շատ այլ վայրերում։
Զանգեր
1725 թվականին աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, Ջոզեֆ Սմիթը տաճարին նվիրաբերեց ութ զանգ, որոնք հետագայում ավելացան՝ դառնալով տասը։ Զանգերի զանգվածը հասնում էր մինչև 1320 կիլոգրամ։
18-19-րդ դարերում զանգերն անընդհատ օգտագործվում էին, սակայն 1906 թվականից ի վեր զանգերն այլևս չէին գործածվում։ 1937 թվականին միջոցներ են տրամադրվել զանգերը վերականգնելու համար։
↑Helen Marshall Pratt (2007). The Cathedral Churches of England - Their Architecture, History and Antiquities - with Bibliography, Itinerary and Glossary. READ BOOKS. էջ 89. ISBN1-4067-5720-9.
↑ 6,06,1R. Jabet; J.P. Lucas (1808). A concise history of Birmingham. R. Jabet.