Սատուրնի վեցանկյուն, վեցանկյուն ամպերի հաստատուն գոյացություն Սատուրն մոլորակի հյուսիսային բևեռի շուրջ, գտնվում է մոտ 78° հյուսիսային լայնության վրա[1][2][3]։ Վեցանկյան կողմերը ունեն մոտ 13800 կմ երկարություն, ինչը գերազանցում է Երկրի տրամագծին[4] (մոտ 12 700 կմ (7900 մղոն))։
Այն պտտվում է 10 ժ 39 րոպե 24 վայրկյան պարբերությամբ, այս պարբերությունը համընկնում է Սատուրնի ընդերքից ժայթքող ռադիո ճառագայթման պարբերության հետ[5]։
Այնուամենայնիվ, վեցանկյունը չի տեղափոխվում լայնություններով ինչպոս մյուս տեսանելի մթնոլորտային ամպային գոյացությունները[6]։
Սատուրնի հարավային բևեռում համաձայն Հաբբլ տիեզերական աստղադիտակից կատարված դիտարկումների այսպիսի գոյացություն չկա[7]։ Սակայն այնտեղ կա հողմապտույտ, ինչպիսինն առկա է հյուսիսային բևեռում։
Սատուրնի հյուսիսային վեցանկյունը հայտնաբերվել է Վոյաջեր ծրագրի ժամանակ 1981 - 82 թվականներին[8], դրանից հետո 2006 թվականին այն ևս մեկ անգամ դիտարկվել է Կասինի-Հյուգենս տիեզերական սարքից[9]։ Միայն Կասինի սարքի միջոցով է հնարավոր եղել լուսանկարել վեցանկյունը ինֆրակարմիր լույսում, երբ այն հայտնվել է Արեգակի լույսի տակ 2009 թվականին[10]։ Կասինի սարքի միջոցով հնարավոր է եղել նաև չափել վեցանկյուն գոյացության շարժման արագությունը, երբ սարքը շարժվում էր մոլորակի հետ նույն արագությամբ, այսպիսով գրանցում էր միայն վեցանկյան արագությունը[11]։ Հայտնաբերումից հետո, և երբ վեցանկյունը հայտնվեց Արեգակի լույսի տակ, աստղագետներին նաև հաջողվեց դիտարկել այն Երկրից[12][13]։
Բացատրություն
Համաձայն մի վարկածի, որը առաջ է քաշվել Օքսֆորդի համալսարանում, վեցանկյունը առաջացել է Սատուրնի մթնոլորտում քամիների արագության կտրուկ լայնությունայինգրադիենտի պատճառով[14]։ Նմանա կանոնավոր ուրվագծեր են ստացվել լաբորատորիայում, երբ շրջանաձև հեղուկով լի տարողության կենտրոնական և արտաքին մասերը պտտվում էին տարբեր արագություններով։ Ամենաշատ հանդիպող երկրաչափական մարմինը վեց կողմ ուներ, սակայն հնարավոր է եղել ստանալ նաև մինչև ութ կողմ ունեցող մարմիններ։ Այս մարմինները առաջանում էին երկու տարբեր արագությամբ պտտվող տարբեր հեղուկների շփման մասում, որտեղ առաջանում էին մրրկային հոսքեր[14][15]։
↑Baines, Kevin H.; և այլք: (2009 թ․ դեկտեմբեր). «Saturn's north polar cyclone and hexagon at depth revealed by Cassini/VIMS». Planetary and Space Science. 57 (14–15): 1671–1681. Bibcode:2009P&SS...57.1671B. doi:10.1016/j.pss.2009.06.026.