- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Բեգլարյան (պարս.՝ روبرت بگلریان, դեկտեմբերի 19, 1961(1961-12-19), Թեհրան, Իրան), իրանահայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր[1]։
Կենսագրություն
Ռոբերտ Բեգլարյանը ծնվել է 1961 թվականին Թեհրանում։ Ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ կրթություն է ստացել Թեհրանում և Սպահանում։ Մեծ աշխատանք է կատարել Նոր Ջուղայի հասարակական կյանքում, անդամակցել է մշակութային և քաղաքական հանձնաժողովներին։ 1989 թվականին ընդունվել է Սպահանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, 1993 թվականին ուսումը շարունակել է նույն համալսարանի մագիտստրատուրայում՝ տնտեսագիտության գծով[2]։
1993 թվականից աշխատել է Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սպահանի գրասենյակում։ Երկու տարի համալսարանում դասավանդել է շուկայագիտություն։ 2000 թվականից տեղափոխվել է Թեհրան և աշխատել Սոցիալական հարցերի նախարարությունում, 2002-2004 թվականներին եղել է «Պայման» ամսաթերթի խմբագրակազմի անդամ[2]։
2004 խորհրդարանական ընտրություններ
2004 թվականին Ռոբերտ Բեգլարյանն ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամ։ Անդամակցել է տնտեսական և Իրան-Հայաստան հարաբերությունների հանձնաժողովներին։ Նրա գործընկեր Գևորգ Վարդանը Հյուսիսային Իրանից ընտրվել է պատգամավոր և Հայ համայնքի ներկայացուցիչ[3]։
2008 խորհրդարանական ընտրություններ
2008 թվականի մարտին Ռոբերտ Բեգլարյանն ընտրվել է որպես Հարավային Իրանի քրիստոնյա հայ փոքրամասնության ներկայացուցիչ։ Մարտի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Բեգլարյանը ստացել է ձայների մեծամասնությունը[4]։
Քանի որ Իրանի քրիստոնյա փոքրամասնությունը բաղկացած է երկու խմբերից, ներառյալ Թեհրանի հայերը և Իրանի հյուսիսային, ինչպես նաև երկրի հարավային հատվածների, երկու մարզերի համար երկու ընտրություններ են տեղի ունենում[4], ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ քրիստոնյա հայերը Իրանի 290 տեղանոց խորհրդարանում ունեն երկու տեղ, իսկ մյուս կրոնական փոքրամասնությունները (զրադաշտականներ, հրեաներ ու ասորիներ) ունեն մեկ ներկայացուցիչ երկրի օրենսդիր մարմնում[4]։
2012 թվական
2012 թվականին Բեգլարյանն ընտրվել է երրորդ անգամ, և 2015 թվականից Իրանի խորհրդարանի երկու հայ ներկայացուցիչներից մեկն է[5]։
2015 թվականի մարտին պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ միասին Բեգլարյանին հրավիրել են ողջ համագումարին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ