Ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 2-ին, Հայկական ԽՍՀ Վաղարշապատ քաղաքում, ծառայողի ընտանիքում[2][3]։ 1946 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի 26 կոմիսարների անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը (այժմ՝ Մկրտիչ Խրիմյանի անվան)[2]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետ[4]։
1951 թվականին ինստիտուտն ավարտելով ինժեներ-մեխանիկի որակավորմամբ[4]՝ աշխատանքի է ուղարկվել Երևանի նորաստեղծ էլեկտրական լամպերի գործարան՝ որպես ինժեներ-մեխանիկ։ 1953 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[5]։ Այնուհետև նշանակվել է մեխանիկական վերանորոգման բաժնի վարիչ, իսկ 1954 թվականին՝ 26 տարեկանում, նշանակվել է գործարանի գլխավոր ինժեներ։ 1959 թվականին նշանակվել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1961 թվականը, երբ նշանակվել է Երևանի էլեկտրական լամպերի գործարանի տնօրեն։ Այնտեղ 1964-1965 թվականներին նրա նախաձեռնությամբ ներդրվել են լյումինեսցենտային լամպերի արտադրության հոսքագծեր[4]։ 1965 թվականին լյումինեսցենտային լամպերի արտադրության զարգացման և դրանց արտադրության համար մասնաշենքի կառուցմանը ակտիվ մասնակցելու համար նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ինժեների կոչում[2][4]։
Դեռևս 1965 թվականին Ամիրյանի անմիջական մասնակցությամբ սկսվել են նախապատրաստական աշխատանքները Հայկական ԽՍՀ-ում լուսավորության պրոֆիլի արտադրական միավորման ստեղծման ուղղությամբ[6]։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարությանը կից հիմնադրվել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումը։ Ամիրյանը դարձել է այդ արտադրական միավորման գլխավոր տնօրենը[4][7]։ Նրա ղեկավարությամբ զգալիորեն բարելավվել են տեխնիկատնտեսական ցուցանիշները, կառուցվել են շինություններ լյումինեսցենտային լամպերի, ապակու և ապակու բովախառնուրդի արտադրության մասնաշենքեր, ստեղծվել են մշակութային և կենցաղային սպասարկման ծառայությունների հաստատություններ։ 1966 թվականին յոթնամյա պլանի առաջադրանքները բարձր ցուցանիշներով կատարելու համար պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[8]։
1968 թվականից համատեղել է իր աշխատանքը պետականի հետ՝ նշանակվելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պլանային և բյուջետային հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1985 թվականը[2]։ 1969 թվականին նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրաարդյունաբերության նախարարությանը կից Լենինի անվան հայկական էլեկտրամեքենաշինական «Հայէլեկտրագործարան» գործարանի տնօրեն։ Որոշ ժամանակ անց գործարանի բազայի վրա ստեղծվել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել Ամիրյանը[5]։ Նրա ղեկավարության տարիներին «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը արտադրել է Խորհրդային Միությունում օգտագործվող բոլոր շարժական էլեկտրասարքավորումների ավելի քան 40%-ը[9]։ Ամիրյանի գլխավորությամբ արտադրական միավորումում ստեղծվել, ներդրվել և շահագործման է հանձնվել հատուկ ռազմական տեխնիկա, որի համար 1975 թվականին նա արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[2]։ Արտադրական միավորման արտադրանքները օգտագործվել են բազմաթիվ կարևոր նախագծերում, մասնավորապես միավորման արտադրամասերում թողարկվել են Երևանի մետրոպոլիտենի համար նախատեսված ոչ ստանդարտ սարքավորումներ[10]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով էլեկտրաարդյունաբերության զարգացման հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար Ռոբերտ Ամիրյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[11]։
Ռոբերտ Ամիրյանը մինչև 1985 թվականը մնացել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նույն թվականին նշանակվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարար։ Մեկ տարի անց նշանակվել է ՀԽՍՀ գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ, որը հետագայում վերփոխվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից «Հայգազ» արտադրական միավորման, իսկ մինչև 1992 թվականը եղել է միավորման գլխավոր տնօրեն[7]։ 1989 թվականին Ամիրյանն ընդգրկվել է «Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ վերամիավորման» կազմակերպական հանձնաժողովի կազմում[12]։ 1990 թվականին Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և պաշտոնավարել է անկախության հռչակումից հետո՝ մինչև 1995 թվականը, 1996-1999 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, իսկ 2000-2007 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի գլխավոր խորհրդատու[2]։
Ռոբերտ Պարգևի Ամիրյանն ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ԽՄԿԿ XXIV և ԽՍՀՄ արհմիությունների XIII համագումարների պատվիրակ[2], ՀԽՍՀ Գերագույն խորհրդի VII-XII գումարումների պատգամավոր, Երևան քաղաքի Ներքին Զեյթունի թիվ 63, Եղբայրության թիվ 9 և Կալինինի թիվ 7 ընտրատարածքներից[13][3][7][2][14]։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պլանա-բյուջետային հանձնաժողովի անդամ[13]։
Ռոբերտ Պարգևի Ամիրյանը մահացել է 2008 թվականի մարտի 9-ին Երևանում[2]։ Թաղվել է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[15]։
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ) - հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ակնառու ձեռքբերումների և էլեկտրաարդյունաբերության զարգացման համար[11]։
Асрян А. Г. Амирян Роберт Паргевович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 259. — 360 с.
Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 11-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 11-րդ գումարում. — Ер.: Айастан, 1986. — С. 11. — 196 с.
Бениамин Акопович Тумасян, Атаджанян М. Л. Трудовой путь ламповиков (передовой опыт, перспективы) = Լամպագործների աշխատանքային ուղին (առաջավոր փորձ, հեռանկարներ). — Ер.: Айастан, 1985. — 206 с.
Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 9-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1976. — С. 13. — 182 с.
Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 8-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1972. — С. 10. — 178 с.
Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 7-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 7-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1968. — С. 13. — 176 с.