Ռոբերտ Հեփլեր «Ռոբ» Լոու (անգլ.՝ Robert Hepler "Rob" Lowe, մարտի 17, 1964(1964-03-17)[1][1][2][…], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Կինոյում վաղ շրջանի աշխատանքների թվում են «Վտարվածները», «Սուրբ Էլմի լույսերը», «Անցած գիշերվա մասին» ֆիլմերում առաջատար դերերը։ Հեռուստատեսության առավել հայտնի դերերը «Արևմտյան թև» (NBC), «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ» (NBC) և «Եղբայրներ և քույրեր» (ABC) սերիալներում են։
Ռոբը ծնվել է Շարլոթսվիլ ամերիկական քաղաքում՝ ուսուցչուհի Կ․ Բարբարայի (ամուսնությունից առաջ՝ Հեփլեր) և դատական փաստաբան Չարլզ Դևիս Լոուի ընտանիքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ու իր կրտսեր եղբայրը՝ Չադ Լոուն (ծնվ. 1968 թվական), որը նույնպես դերասան է դարձել, դեռ երեխաներ են եղել։ Մանուկ հասակում վիրուսային հիվանդության պատճառով Ռոբի աջ ականջը խլացել է։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո սովորել է Santa Monica High School միջնակարգ դպրոցում, որտեղ նույն տարիներին հաճախել են նաև այլ ապագա դերասաններ․ նրա ընկերները՝ Էմիլիո Էստևեսը և Չառլի Շինը, եղբայրները՝ Շոն Փենը, Քրիս Փենը և Ռոբերտ Դաունիը (կրտսեր)։
1979 թվականին տեղի է ունեցել նրա առաջնաելույթը հեռուստատեսությունում՝ «A New Kind of Family» (ABC) սիթքոմում։ Երիտասարդ դերասանին բավական արագ նկատել են հանդիսատեսն ու քննադատները։ Առաջին անգամ Ռոբը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Հինգշաբթու երեխան» (1983) հեռուստաֆիլմով, որտեղ խաղացել է 17-ամյա դպրոցականի և հաջողակ բեյսբոլիստի դեր, որը անսպասելիորեն ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորովի հարմարվել կյանքին։
Կինոյում վաղ շրջանի դերերից նրա աշխատանքները առանձնանում են այնպիսի երիտասարդական ֆիլմերում, ինչպիսիք են «Վտարվածները», «Սուրբ Էլմի լույսերը» և «Ինչ է տեղի ունեցել անցած գիշերը»։ 2000-ական թվականներին իր դերերով առավել հայտնի է եղել «Արևմտյան թև» (NBC) և «Եղբայրներ և քույրեր» (ABC) սերիալներում։
Երիտասարդ տարիքում Ռոբ Լոուն երկար ժամանակ հանդիպել է Մելիսա Գիլբերտի հետ։ Սիրավեպեր է ունեցել նաև Նաստասյա Կինսկիի և Սթեֆանիի հետ։ 1991 թվականի հուլիսից Ռոբ Լոուն ամուսնացած է եղել դիմահարդար Շերիլ Բերկոֆի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Մեթյու Էդվարդը (ծնվ․ 1993 թվական) և Ջոն Օուեն (ծնվ․ 1995 թվական)։ Ապրում են Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում[5][6]։
2011 թվականի մայիսին Ռոբ Լոուն թողարկել է իր «Պատմություններ միայն իմ ընկերների համար» (անգլ.՝ Stories I Only Tell My Friends)[7] ինքնակենսագրությունը, որտեղ անկեղծորեն պատմել է իր երիտասարդության շրջանում ալկոհոլից և թմրանյութերից կախվածության մասին և թե ինչպես է կարողացել ազատվել կախվածությունից։
↑Berens, Jessica (2001 թ․ հուլիսի 8). «Lowe profile». The Observer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.