Ջոն Սնոու (անգլ.՝ John Snow; մարտի 15, 1813 — մարտի 16, 1858), բրիտանացի բժիշկ, անզգայացման և բժշկական հիգիենայի զանգվածային ներդրման առաջին հետևորդներից մեկը։ Նա համարվում է ժամանակակից համաճարակաբանության հիմնադիրներից մեկը և առավել հայտնի է 1854 թվականին Լոնդոնի Սոհո թաղամասում խոլերայի բռնկման ուսումնասիրությամբ։
Ծնվել է 1813 թվականին Յորքում` ածխագործի աղքատ ընտանիքում, եղել է ինը երեխաներից առաջինը։ Բժշկությամբ հետաքրքրվել է պատանեկության տարիներից` տասնչորս տարեկանում դառնալով վիրաբույժի աշակերտ։ 1844 թվականի դեկտեմբերին ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1850 թվականից եղել է Թագավորական քոլեջի բժիշկների անդամ։ Համարվել է Լոնդոնի Համաճարակաբանական կազմակերպության հիմնադիրներից մեկը[4]։
Սնոուն եղել է այն առաջին բժիշկներից մեկը, ովքեր անզգայացման համար սկսեցին ակտիվորեն օգտագործել եթեր և քլորոֆորմ։ Հայտնի է նրանով, որ Վիկտորյա թագուհու երկու ծննդաբերությունների ժամանակ նրան անձամբ տվել է քլորոֆորմ[5]։ Եղել է այսպես կոչված «միազմայի տեսության» հակառակորդ, ենթադրվում է, որ նա առաջինն է հաստատել խոլերայի տարածումը վարակված ջրի միջոցով։
Երբեք ամուսնացած չի եղել։ Մահացել է 45 տարեկան հասակում` ինսուլտից[6]։
Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնյան գերեզմանում։
Մատենագրություն
Ծանոթագրություններ