Ջեյմս Դան (անգլ.՝ James Dunn, նոյեմբերի 2, 1901(1901-11-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1967(1967-09-03)[1][2][3], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
Ջեյմս Դանը ծնվել է Նյու Յորքում՝ բորսայի աշխատակցի ընտանիքում Ուոլ Սթրիթից։ Նրա ծնողների նախնիները եղել են ներգաղթյալներ Իռլանդիայից։ Շոու բիզնեսում կարիերան սկսել է վոդևիլներում ելույթ ունենալով, իսկ 1920-ական թվականների վերջին «Astoria studios» ստուդիայում կայացել է նրա առաջնաելույթը կինոյում[4]։
1931 թվականին Դանը «Fox» ստուդիայի հետ պայմանագիր է կապել, որում հաջորդող մի քանի տարիների ընթացքում հայտնվել է 22 կինոնկարներում։ Նրա առաջին նշանակալի դերն է դարձել «Վատ աղջնակ» ֆիլմում (1931) խաղացած Էդի Քոլինզի դերը[4], ինչից հետո նա հաջողությամբ է դրսևորել իրեն «Հասարակական աղջիկ» (1932, Պեգի Շենոնի հետ) և «Ողջու՜յն, քույրի՛կ» (1933, Բութս Մելորիի հետ) կինոնկարներում։ 1934 թվականին Ջեյմս Դանը Շիռլի Թեմպլի հետ միանգամից նկարահանվել է չորս կինոնկարներում՝ «Բրավո, փոքրիկ», «Աջակցում են և խրախուսում», «Սրտին փոխարինող», «Վառ աչքեր»[4]։ Սակայն այս դերերը չեն նպաստել նրա կինոկարիերայի զարգացմանը, իսկ 1930-ական թվականների վերջին ալկոհոլի հետ կապված խնդիրները զգալիորեն նվազեցրել են լավ դերեր ստանալու հեռանկարները։
Այս ֆոնի վրա նրա համար մեծ իրադարձություն է դարձել 1946 թվականի հաղթանակն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման արարողության ժամանակ, երբ «Ծառն աճում է Բրուքլինում» ֆիլմում խաղացած գլխավոր հերոսուհու հոր՝ անգործ ալկոհոլիկի դերի համար Ջեյմս Դանն արժանացել է «Օսկար» մրցանակի երկրորդական պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Այնուամենայնիվ, նրա հաջողությունը երկար չի տևել, և 1950-ական թվականների սկզբին դերասանը բավարարվել է փոքրիկ դերերով հեռուստատեսությունում, ունեցել է ֆինանսական դժվարություններ և կրկին խնդիրներ ալկոհոլի հետ։ Նրա կարիերայում վերջին նշանակալի դերն է դարձել «Այս մեծ կյանքը» սերիալում խաղացած Իռլ Մորգանի դերը, որի մեջ նկարահանվել է 1954-1956 թվականներին։
Ջեյմս Դանն ամուսնացած է եղել երեք անգամ։ Էդնա Օ’Լիրի հետ նրա առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ[5]:, իր երկրորդ կնոջից՝ Ֆրենսիս Գիֆորդից, բաժանվել է 1942 թվականին, իսկ երրորդի՝ Էդնա Ռաշի հետ մնացել է մինչև մահը (ստամոքսի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով)՝ 1967 թվականի սեպտեմբերը։
Կինոյում և հեռուստատեսությունում ունեցած ներդրման համար նշված է Հոլիվուդյան փառքի ծառուղու երկու աստղերի վրա։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
- ↑ 4,0 4,1 4,2 James Dunn Արխիվացված 2020-05-31 Wayback Machine. Allocine.co.uk.
- ↑ Great Character Actors Արխիվացված 2006-06-15 Wayback Machine. Doug Macauley.com.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|