- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պատվական Միքայելի Ղուկասյան (հոկտեմբերի 2, 1934(1934-10-02), Սիզավետ, Ղուկասյանի շրջան - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1978), Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար (1984): ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Կենսագրություն
Պատվական Ղուկասյանը ծնվել է Հայաստանի Ղուկասյանի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ 1941 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լենինական։ Սովորել է Լենինականի թիվ 5 դպրոցում, միաժամանակ՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում («Վագրենավորը» կտավով շրջապատում նաև նկարչի համբավ է ձեռք բերել), 1952-1955 թվականներին՝ Լենինականի բժշկական ուսումնարանում և շուրջ 10 տարի եղել շտապօգնության կայանի բուժակը։ 1965 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետը, 1969-1970 թվականներին՝ Մոսկվայի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը։ 1969-1985 թվականներին եղել է Լենինականի թիվ 4 օժանդակ դպրոցի լոգոպեդը։
Դպրոցական տարիներից հոդվածներ ու ակնարկներ է գրել «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Բանվոր» թերթերում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գրական թերթում», «Գարուն», «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերում[1]։
Մահ
Մահացել է Լենինականում` Սպիտակի երկրաշարժի ժամանակ։
Հիշատակ
2014 թվականին Սիզավետ գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պատվական Ղուկասյանի անունով։
Երկեր
- «Բարով ես եկել», Երևան։ Հայաստան, 1975։
- «Անհանգստություն», Երևան։ Սովետական գրող, 1982։
- «Եվ մարդը հորիզոնին չձուլվեց», Երևան։ Սովետական գրող, 1985։
- «Կանչող հիշողություն», Երևան։ Նաիրի, 1991։
- «Կիսատ ճանապարհ»[2]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ